Անցած դարի 70-ական թվականներին ադրբեջանցի գիտնականներն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Ֆիզուլու շրջանի Ազըխ գյուղում հայտնաբերել են նախնադարյան մարդու բնակավայր եւ հնագույն մարդու ոսկոր: Հայտնաբերված իրերը, ոսկորները տեղափոխվեցին Բաքու եւ առայսօր պահվում են Բաքվի թանգարանում: Իրականում խոսքը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավի մասին էր: Պեղումների ժամանակ ադրբեջանցի գիտնականներն օգտագործել էին նաեւ պայթուցիկ նյութեր, եւ առայսօր քարանձավի մուտքի մոտ պայթյունների հետեւանքներն առկա են:
Հայ պատմագրության մեջ Ազոխը հիշատակվել է տարբեր ժամանակներում: Պատերազմների ժամանակ հարեւան գյուղերի բնակիչները պատսպարվում էին քարանձավում: Այդ պատմությունները սերնդեսերունդ փոխանցվել են, եւ գյուղի տարեցներն այսօր էլ պատմում են քարանձավի մասին իրենց պապերից լսածները:
Արդեն հինգերորդ տարին է, Ազոխի քարանձավում պեղումներ է իրականացնում միջազգային գիտական արշավախումբը: Այն ղեկավարում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Տանյա Քինգ-Հովսեփյանը: Արշավախումբն աշխատում է ամռանը մեկ ամիս տեւողությամբ: «Սա Կովկասում կարեւոր տեղանք է, կարեւոր է հնագիտության եւ հնէաբանության համար: Հույս ունենք այստեղ գտնել նախնադարյան մարդու ոսկորները, քանի որ արդեն հայտնաբերել ենք նրա գոյության հետքերը, աշխատանքի գործիքները եւ ուրիշ վկայություններ»,- ասում է Տանյա Քինգ-Հովսեփյանը:
Հինգ տարվա պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են բազում նմուշներ, որոնք հաստատել են քարանձավի` նախնադարյան մարդու բնակավայր լինելու փաստը: Արշավախմբի հայկական կողմի ղեկավարը մարդաբան, գիտությունների դոկտոր Լեւոն Եպիսկոպոսյանն է: «Հայտնաբերած մեծ թվով նմուշները վկայում են հնագույն մարդու` նեանդերտալցու այստեղ ապրելու մասին: Հայտնաբերել ենք նմուշներ` սկսած ամենափոքր տեսակներից մինչեւ մոտավորապես 5մ երկարություն ունեցող քարանձավի արջի մասին, որի հնությունը, պատկերացրեք, ասենք` 250 հազար տարի է»,- պատմում է Լեւոն Եպիսկոպոսյանը:
Արշավախմբի մեջ ընդգրկված են հայտնի գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Հայաստանից եւ ուսանողներ` Ղարաբաղից:
Մեր այցելության ժամանակ քարանձավի ներսում եւ դրսում եռուզեռ էր: Մի խումբը հող էր փորում, մյուսն այն հանում էր, երրորդը` չափումներ կատարում, իսկ խմբերից մեկն էլ Ազոխում լաբորատոր ուսումնասիրություն էր կատարում:
«Երբ մարդկությունը դուրս եկավ Աֆրիկայից եւ հասավ Կովկաս, այստեղից բաժանվեց` տարածվելով երկու ուղղությամբ` դեպի Ասիա եւ Եվրոպա: Կովկասի այս տեղանքը շատ կարեւոր է` հասկանալու համար մարդկության պատմության այդ ժամանակաշրջանը: Ազոխի քարանձավն ուսումնասիրելով` մենք կարող ենք տեղեկություններ քաղել մարդկության պատմության այն հատվածի մասին, որն առավել անհայտ է»,- ասում է իսպանացի գիտնական Պատրիցիո Դոմինգեսը:
Արշավախմբի մեջ ընդգրկված են Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկու ուսանողներ: «4-րդ տարին է, որ ես մասնակցում եմ այս ծրագրին եւ արշավախմբի անդամ եմ: Ինձ համար սա շատ մեծ փորձ է եւ հնարավորություն` ձեռք բերելու համապատասխան գիտելիքներ»,- ասում է ուսանող Լենա Ասրյանը: Լենան որոշել է շարունակել ուսումը, նրան հատկապես հոգեհարազատ են քարե գործիքները, եւ նա այդ ուղղությամբ կշարունակի մասնագիտացումը:
Քարանձավում հայտնաբերված բոլոր իրերն ու ոսկորները պարկերով հանում են, նախնական ուսումնասիրությունից հետո ավազը լվացվում է գետում եւ տարվում լաբորատորիա: «Գտածոների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան մուտքագրվում է համակարգիչ եւ ստեղծվում տվյալների բազա»,- ասում Է Պատրիցիո Դոմինգեսը: Գտածոները տեղափոխվում են Լոնդոն, ուսումնասիրվում են, այնուհետեւ մշակվում, որպեսզի չքայքայվեն: Հետո գտածոները վերադարձվում են Ղարաբաղ եւ հանձնվում Ստեփանակերտի թանգարան:
Պեղումների աշխատանքներում ներգրավված են նաեւ Ազոխի երկու տասնյակ երիտասարդներ: «5 տարվա ընթացքում գյուղում ձեռք ենք բերել մեծ թվով բարեկամներ, գյուղն աջակցում է մեզ: Շատ մարդիկ ունենք գյուղից, ովքեր աշխատում են մեզ հետ, օգնում են մեր գործում, ներգրավված են պեղումներում»,- ասում է Տանյա Քինգ-Հովսեփյանը:
Գիտնականները համոզված են, որ մեծ է լինելու գիտության մեջ Ազոխի քարանձավի դերը: «Ազոխը եզակի քարանձավներից է, որն իր մեջ պարունակում է մարդու պատմությունը հնագույն ժամանակներից առայսօր: Պատկերավոր ասած` այն կարելի է բավականին հաստ գրքի հետ համեմատել, որի էջերը շատ դժվար է բացել, քանի որ դժվար են կարդացվում այդ էջերը, պետք է որոշակի հմտություններ, գիտելիքներ ունենաս, բայց, այնուամենայնիվ, թույլ է տալիս պարզաբանել, բացահայտել այն պատմությունը, որի տեւողությունը 100 հազարավոր տարիներ են»,- ոգեւորված ներկայացնում է Լեւոն Եպիսկոպոսյանը:
Արշավախմբի անդամները տարվա մյուս ժամանակահատվածում նաեւ փնտրում են հովանավորների, որպեսզի հաջորդ տարի նորից վերադառնան: Երբեմն դժվարությունների առջեւ են կանգնում` պեղումները կատարվում են աշխարհի կողմից չճանաչված Ղարաբաղի Հանրապետությունում: Պատճառներից մեկն էլ այն է, որ ադրբեջանցիները պարբերաբար բողոքում են, որ արշավախումբն առանց Բաքվի թույլտվության պեղումներ է կատարում Ղարաբաղում:
«Որքա՞ն կտեւեն պեղումները» հարցին հայկական կողմի ղեկավարը պատասխանում է. «Ավելի ճիշտ կլինի հարցնել` քանի՞ սերունդ կաշխատի այստեղ: Բազմաթիվ սերունդներ»,- ասում է Լեւոն Եպիսկոպոսյանը:
Իսկ արշավախումբն անհամբեր սպասում է, թե երբ են հայտնաբերելու բաղձալի նմուշը` նախնադարյան մարդու ոսկորը: «Այդ նմուշը մեծ ուշադրություն կգրավի ոչ միայն մասնագետների կողմից, այլ նաեւ ամբողջ աշխարհի»,- համոզված ասում է Լեւոն Եպիսկոպոսյանը: Գիտնականները համոզված են, որ դրանից հետո նաեւ հնարավոր կլինի այստեղ զարգացնել գիտական տուրիզմը: Նրանք հենց Ազոխում թանգարան կառուցելու մտահղացում ունեն: Մարդիկ տարբեր երկրներից կգան Ղարաբաղ` տեսնելու նախնադարյան մարդու բնակավայրը եւ նրա պատմության բոլոր էջերը, որոնք ամփոփված են Ազոխի քարանձավում:
www.hetq.am