Ամանորի նախօրեին փակվեց Ռազմավիրական ճանապարհը՝ տեղացած առատ ձյան
պատճառով: Այս փաստը երեւի ուշադրության չարժանանար, եթե ճանապարհին
մնացած չլինեին Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսները ուղեւորներով
հանդերձ: Վերին Լարսի անցակետի փակման հետ կապված պատմությունից հետո սա
երկրորդ դեպքն է, երբ Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող մեքենաները մնում
են կես ճանապարհին եւ հենց վրաց-ռուսական սահմանին: Հայ-վրացական գործարար
կապերի ամրապնդման հանձնաժողովի նախագահ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի
միջամտության շնորհիվ հաջողվեց ճանապարհին մնացած վարորդներին եւ
ուղեւորներին տեղափոխել նախ՝ Թբիլիսի, ապա՝ Երեւան: Սակայն կրկին անգամ
համոզվեցինք, թե որքան անկայուն է Վրաստանով անցնող միակ ավտոճանապարհային
կապը Ռուսաստանի հետ: Հունվարի 10-ին «Ռեգնում» գործակալության տարածած
հաղորդագրության համաձայն, վրացական կողմը ապաշրջափակել է Ռազմավիրական
ճանապարհի երթեւեկությունը: Սակայն ճանապարհը բացվել է բացառության
կարգով՝ միայն այնտեղ կանգնած մեքենաների համար, որոնց դեպի Ռուսաստան
ուղեկցում են վրաց փրկարարները: Իսկ հետո ճանապարհը կրկին կփակվի՝ մինչեւ
ապրիլի 15-ը: Ըստ ԱԳՆ մամլո խոսնակ Հ. Գասպարյանի, վրացական կողմը դեռեւս
դեկտեմբերին պաշտոնապես մեզ տեղյակ է պահել, որ մինչեւ 2005թ. ապրիլի 15-ը
դադարեցվում է կցասայլով եւ կիսակցասայլով բեռնատարների եւ ավելի քան 30
տեղով մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը Մցխեթա-Կազբեկ-Լարս եւ
Գուդաուրի-Կոբի ուղղություններով, որի մասին իրենք ժամանակին տեղյակ են
պահել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, իսկ Ռոքի թունելով
անցնող ճանապարհն ընդհանրապես փակ է, որովհետեւ վրացական կողմն այնտեղ
անցակետ չունի։
Նույն օրը՝ հունվարի 10-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ՌԴ տրանսպորտի
նախարար Իգոր Լեւիտինը եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան ստորագրեցին
Փոթի-Կավկազ նավահանգիստների միջեւ լաստանավային ուղու գործարկման մասին
համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էր նաեւ
հայկական պատվիրակությունը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ
Մանուկյանի գլխավորությամբ: Այս ուղին հնարավորություն կընձեռի երեք օրը
մեկ 25 երկաթուղային վագոն փոխադրել Ռուսաստանից Վրաստան կամ հակառակ
ուղղությամբ եւ կարող է մասամբ թեթեւացնել բեռնափոխադրումների գործում
ծանր վիճակը: Փորձագետների գնահատմամբ, լաստանավային ուղու տարեկան
բեռնաշրջանառությունը կարող է հասնել մինչեւ 500 հազար տոննայի: Սակայն դա
էլ չի կարող փոխարինել Թբիլիսի-Սուխումի երկաթգծին ո՛չ մատչելիությամբ,
ո՛չ էլ բեռնափոխադրումների ծավալով: Եվ չնայած Հայաստան այցելելիս ՌԴ
տրանսպորտի նախարարը վստահեցրել էր, որ ամենաուշը աշնանը կվերագործարկվի
Սուխումի-Թբիլիսի երկաթուղին, Վրաստանի տնտեսական բարեփոխումների հարցերով
նախարար Կախա Բենուկիձեն Թբիլիսիում լաստանավային բեռնափոխադրումների
համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարեց, որ այդ մասին
խոսելն իրական չէ եւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավոր
կլինի միայն այն բանից հետո, երբ Վրաստանը հնարավորություն կունենա իր
սահմանապահ զորքերը կանգնեցնել Փսոու գետի երկայնքով: Հիշեցնենք, որ
այնտեղ հիմա կանգնած են ռուս խաղաղապահները: ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր
Լեւիտինը համաձայնագրի ստորագրման ժամանակ եւս մեկ ուշագրավ
հայտարարություն է արել, որին անմիջապես արձագանքեց ադրբեջանական մամուլը:
Նա ասել էր, թե աբխազական երկաթուղու վերագործարկմանը Ռուսաստանի,
Վրաստանի եւ Հայաստանի հետ միասին կմասնակցի նաեւ Ադրբեջանը: Սակայն
Ադրբեջանի տրանսպորտի նախարար Նամիկ Աբասովը կտրականապես հերքել է
ադրբեջանական կողմի մասնակցությունը այդ գործընթացին: Հետեւելով արված
հայտարարություններին, կարելի է նշել, որ վրացական կողմն աբխազական
երկաթգծի բացման նախապայմանների շարքում առաջ է քաշում սահմանների
կարգավորման խնդիրն, ինչն այս պայմաններում իսկապես անիրագործելի է,
հետեւաբար կարելի է փաստել, որ վրացիներն այնքան էլ ոգեւորված չեն Իգոր
Լեւիտինի հայտարարությամբ: Իսկ աբխազական երկաթգծի վերականգնման համար,
բարի կամքի հետ մեկտեղ, անհրաժեշտ է նաեւ մոտ 34 մլն ԱՄՆ դոլար, որի
աղբյուրը չի նշում ռուսական կողմը: Դրա փոխարեն՝ վրացիները լրջորեն
զբաղվում են Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը սկսելու գործով: Ի
դեպ, հայ-թուրքական սահմանի վերաբացման դեպքում նշված նախագծին
հաջողությամբ կարող է փոխարինել Կարս-Գյումրի-Թբիլիսի-Ախալքալաք գիծը:
Այստեղ ծագում է հայ-վրացական երկկողմ համագործակցության խնդիրը, այն է՝
որքան հայկական կողմն է շահագրգռված աբխազական երկաթգծի վերագործարկմամբ,
այնքան էլ պետք է վրացական կողմը շահագրգռված լինի հայ-թուրքական սահմանի
վերաբացմամբ, ինչն այսօր այնքան էլ նկատելի չէ: Տարածաշրջանում
տրանպորտային հաղորդակցության լիովին վերականգնումը հնարավոր չէ միայն մեկ
երկրի ջանքերով, այդ գործընթացում անհրաժեշտ է բոլոր չորս կողմերի
համագործակցությամբ: Իսկ Ռուսաստան ուղեւորվող հայ ուղեւորներին մնում է
ապավինել թեեւ թանկ, բայց առայժմ միակ հուսալի փոխադրամիջոցին՝
ինքնաթիռին՝ հերթական անգամ վրացական լեռնանցքներում կամ կիրճերում
մնալուց խուսափելու համար: