Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում

13/09/2006

Երեկ ժամը 19:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Հյուսիսային պողոտայի` Լալայանց-Տերյան խաչմերուկում գտնվող նորակառույց անավարտ շենքերից մեկի վերջին` 9-րդ հարկում: Հրդեհը հանգցնելու նպատակով դեպքի վայր էին մեկնել 5-6 հրշեջ մեքենա: Ժամը 23:00-ի սահմաններում 9-րդ հարկից հրշեջները կրակից շիկացած մետաղյա ամրաններն էին ցած շպրտում: Այդ ընթացքում հրշեջներն ու ոստիկանները հավաքված բազմությունից ու լրագրողներից փորձում էին պարզել, թե ո՞վ է շենքի սեփականատերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքը պատկանում է Հ2 հեռուստաընկերության սեփականատերերից մեկին` Սամվել Մայրապետյանին: Հրդեհը հաջողվեց հանգցնել միայն ժամը 23:30-ի սահմաններում: Նշենք, որ դեպքի վայրում հավաքված ոստիկանության աշխատակիցները հրաժարվում էին հրդեհի պատճառների մասին տեղեկություններ հաղորդել լրագրողներին` պատճառաբանելով, թե մինչեւ նախարարի հրամանը չլինի, իրենք ոչինչ ասել չեն կարող: Դեպքի վայր էր եկել նաեւ Հյուսիսային պողոտայի «կնքահայր», Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Ի դեպ, կեսգիշերին, դեպքի վայրում շրջանառվող լուրերի համաձայն, հրդեհի պատճառ կարող էր լինել նաեւ շենքում ընթացող էլեկտրազոդման աշխատանքները: