Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 43-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Օրենքի վիճարկվող դրույթները վերաբերում են ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքելու հիմքով կուսակցությունների լուծարմանը: Դիմումով վիճարկվում է նշված հիմքով յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքի սահմանափակման համապատասխանությունը Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման նպատակին: Ի դեպ, «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե չի մասնակցել ԱԺ վերջին երկու ընտրություններին, կամ դրանցից որեւէ մեկում նրա ընտրական ցուցակը ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի 1 տոկոսից պակաս ձայն», իսկ նույն մասի 3-րդ կետում էլ նշվում է, որ «ՍԴ որոշմամբ կուսակցության գործունեության արգելման դեպքում կուսակցությունը ենթակա է լուծարման»։ Նկատի ունենալով այն, որ ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը երբեւէ չի անցել երեք տասնյակը, իսկ Հայաստանում մոտ 80 կուսակցություն կա, ստացվում է, որ ԱԺ առաջիկա ընտրություններից հետո մի քանի տասնյակ կուսակցություններ, համաձայն գործող օրենքի (որի համապատասխան հոդվածները վիճարկում է օմբուդսմենը) ենթակա են լուծարման: