Հրահրում են գերտերությունները

13/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Երկրում տիրող անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտի հետեւանքով պարբերաբար կրկնվող սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել նաեւ քաղաքական գործիչների մոտ: Եվ հայրենի ընդդիմությունը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր առաջարկով: Այն է` երկրում ստեղծված քրեածին իրավիճակի դեմ պայքարելու համար ձեւավորել համաժողովրդական հակակրիմինալ շարժում: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ մի խումբ ընդդիմադիր կուսակցություններ տեւական ժամանակ փորձում էին որոշել, թե ինչպե՞ս պետք է պայքարեն կրիմինալի դեմ:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայաստանյան իշխանությունները ոչ թե դարձել են կրիմինալի պատանդը, այլ «կնքահայրը գտնվում է իշխանության ներսում»: «Այլապես իշխանությունն ինքը պայքար կտաներ կրիմինալի դեմ. իշխանության ներսում ոչ բոլորն են սրիկա»,- ասաց նա: ԱՄԿ փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում կրիմինալին ծնեց ղարաբաղյան կլանը: Եվ հիմա քրեածին տարրերը հայտնվել են բոլոր ոլորտներում ու իրենց ուզածն են թելադրում: «Իսկ վերջին զարգացումները բերեցին նրան, որ արդեն քաղաքական դաշտն է կրիմինալացվում»,- ասում է պարոն Թադեւոսյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը ստեղծված իրավիճակում տեսնում է նաեւ գերտերությունների մեղքը: «Ես գնալով համոզվում եմ, որ այս ամենն արվում է գերտերությունների համաձայնությամբ, եթե ոչ ուղղորդությամբ»,- ասում է Ա. Սարգսյանը` Հայաստանը որակելով որպես խամաճիկային երկիր: Սակայն նրան ի պատասխան` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ պետք չէ մեղքն ուրիշների վրա գցել: Եվ երկրում այսօր տիրող իրավիճակի գլխավոր մեղավորը հենց մենք ենք: «Եթե մարդ ու կին կռվում են, պետք չէ միշտ զոքանչին մեղադրել»,- ասաց Վ. Մանուկյանը: Վերջինս այսօր շատ է կարեւորում ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Վ. Մանուկյանի համոզմամբ, մինչեւ երկրում իշխանությունը չպատկանի ժողովրդին, կրիմինալը միշտ լինելու է: «Կրիմինալը սկսվում է իշխանությունը ժողովրդի ձեռքից պոկելով: Հետո նոր է գնում ֆինանսական, տնտեսական ոլորտ: Այստեղ միայն անձերի հարցը չէ, հասկանալի է, սրանք հանցագործներ են: Բայց մյուս անձերն էլ հանցագործ կլինեն, եթե ժողովրդի ձեռքից խլեն իշխանությունը»,- ասում է պարոն Մանուկյանը: Վերջին շրջանում կատարված սպանությունները, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ, «ընդամենը մարմնի վրա դուրս տված կարմրուկն է, որը կարող էր եւ չլինել: Մինչդեռ, պետք է ախտորոշել ու բուժել հիվանդությունը»,- խորհուրդ է տալիս նա: ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, այժմ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից կրիմինալի դեմ պայքարելու խնդրին, ասաց, որ քաղաքական գործիչները միայն կարող են այդ երեւույթներին հասարակական մեծ հնչեղություն տալ: Իսկ կոնկրետ կրիմինալ երեւույթների դեմ պայքարելն իշխանությունների, հատկապես` իրավապահ մարմինների «սուրբ պարտականությունն է»: Սակայն մեզանում իշխանությունները, հետեւաբար` նաեւ իրավապահ մարմինները չեն պայքարում կրիմինալի դեմ, քանի որ, ըստ պարոն Աբրահամյանի, նրանք աշխատում են մեկ սկզբունքով. «Էդ մարդը մերն է, թե մերը չէ: Քաղաքական ընդդիմության վրա ոնց են աշխատում, ում, քանի մարդու տարան, քանի մարդու սուտկա տվեցին, քանի մարդու աչք վախեցրեցին»: Բացի այդ, ՆԳ նախկին նախարարը շեշտում է, որ ՀՀ բոլոր ուժային կառույցները պատասխանատվություն են կրում ոչ թե հասարակության առաջ, այլ հաշվետու են միայն Ռոբերտ Քոչարյանին: Ս. Աբրահամյանը խորհուրդ է տալիս երեկոներն այցելել բարձրակարգ ռեստորաններն ու սրճարանները` տեսնելու, թե իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես են մեկ սեղանի շուրջ նստում հանցավոր տարրերի հետ: Սակայն ըստ Ս. Աբրահամյանի, ամենասարսափելին այն է, որ հասարակությունը շատ սովորական է ընկալում պարբերաբար տեղի ունեցող սպանությունները: «Բացարձակապես ոչ մի անհանգստություն չկա: Ամենաարտառոց, ամենազազրելի, ամենասոսկալի սպանության մասին ընդամենը բամբասանքի մակարդակով մեկ օր խոսում են եւ ամեն ինչ մոռանում»,- իր մտահոգություններն է հայտնում նա:

Կրիմինալի դեմ պայքարի հարցում երեկ քաղաքական ուժերը միակարծիք էին: Ըստ Արամ Կարապետյանի` կրիմինալի դեմ պայքարի միակ ճանապարհը հասարակական լայն զանգվածների շարժումն է: Այլ կերպ ասած` համաժողովրդական պայքարը: Եվ պարոն Կարապետյանը համոզված է, որ հասարակությունը կհետեւի իրենց շարժմանը, քանի որ դանակը հասել է ոսկորին: «Մարտին-ապրիլին հասարակությունն անտարբեր էր, այո: Սակայն հիմա այլեւս անտարբեր չէ: Բոլորը սկսել են հասկանալ` երկրում սկսել են ինչ-որ բաներ կատարվել, որոնց, սակայն, ոչ իշխանությունն է կարողանում տիրապետել, ոչ հասարակությունը, ոչ ընդդիմությունը: Դրա պատճառով էլ` բոլորը սկսել են հասկանալ, որ իրավիճակը ստաբիլ չէ»,- ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը: Իսկ Գագիկ Թադեւոսյանն էլ հավելում է, որ ժողովուրդն իր հարազատի, իր երեխայի, իր թոռնիկի վրա է զգում կրիմինալի ազդեցությունը: «Մեկը կարող է իր թոռնիկի կամ զավակի հետ անցնել օլիգարխների սիրած սրճարանների մոտից ու հանկարծ դառնալ զոհ»,- ասում է նա: Ուստի, մեզանում բոլորն են շահագրգռված այդ իրավիճակի դեմ պայքարելու հարցում:

Ինչեւէ, ընդդիմությունը պատրաստվում է շարունակել իր հանդիպումների շարքը: Եվ խոստանում, որ երկրում իսկապես հակակրիմինալ շարժում կսկսի: