Ո՞վ է մեղավոր

13/09/2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի վերջին ուսումնասիրության արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 45%-ը գտնում է, որ ազգամիջյան բախումները մեղմելու համար անհրաժեշտ է դպրոցներում եւ լրատվամիջոցներով քարոզել հանդուրժողականություն, լուծել սոցիալական խնդիրները եւ կոշտացնել միգրացիոն հոսքերի վերահսկողությունը: Հարցվածների 42%-ը դժվարացել է որեւէ լուծում առաջարկել, իսկ 13%-ը համարում է, թե ազգամիջյան հարաբերությունների հետ կապված որեւէ խնդիր Ռուսաստանում չկա: Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին համարում է, որ իրավիճակը վերջին մեկ տարում գրեթե չի փոխվել, 16%-ն այդ հարցում բարելավում է արձանագրել, իսկ 19%-ը՝ կտրուկ վատթարացում: Հարցին, թե ո՞ւմ մեղքով են երկրում վատթարանում ազգամիջյան հարաբերությունները, հարցվածների 22%-ը պատասխանել է, թե մեղավոր են ներգաղթողները, 20%-ը` իշխանությունների անգործությունը, եւ 13%-ը՝ ռուս ազգայնականները: