ԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը «Trend»-ին տված հարցազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում կայանալիք անկախության հանրաքվեին` նշելով, թե «ԵԽ ԽՎ-ն չի ճանաչելու այն»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նման գործընթացներին չճանաչված հանրապետություններում` Հարավային Օսիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում եւ ԼՂՀ-ում, եւ արդյո՞ք դա վտանգ չի ներկայացնում Եվրոպայի համար, Ռենե վան դեր Լինդենը պատասխանել է. «ԵԽ ԽՎ-ն չի ճանաչի Մերձդնեստրի հանրաքվեն: Մենք չենք հետեւելու դրա ընթացքին»: «Մերձդնեստրի հակամարտությունը մեկն է «սառեցված» հակամարտություններից, եւ այդ տարածաշրջանը հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ բոլոր միջազգային կազմակերպությունների համար, ներառյալ՝ Եվրախորհուրդը,- ասել է Ռենե վան դեր Լինդենը՝ հավելելով,- մենք պետք է համագործակցենք՝ վերջնական կարգավորման հասնելու համար: Բայց, ամեն դեպքում, մենք չենք աջակցում Մերձդնեստրի հանրաքվեին՝ որպես անկախության հասնելու միջոցի»: Հատկանշական է, որ ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի Հարավային Օսիայի չճանաչված հանրապետություն ղեկավար Էդուարդ Կոկոյտին երեկ նոյեմբերի 12-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել: