Ո՞ւմ է պատկանում գազամուղը

13/09/2006

Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է ԻԻՀ մեջլիսի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելիի գլխավորած պատվիրակությանը: Նրանք գոհունակություն են հայտնել հատկապես էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության արդյունքներից՝ ընդգծելով Իրան-Հայաստան գազատարի շինարարության, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման կարեւորությունը՝ ընդգծելով նաեւ մի շարք ոլորտներում բազմաթիվ այլ ծրագրեր: Նշենք, որ հայ պաշտոնյաները մինչ օրս հերքում են, որ Իրան-Հայաստան գազամուղը հանձնվել է ռուսներին։ Սակայն ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացված մի զեկույցի մեջ այս մասին խոսվում է որպես կատարված փաստ։ «2006թ. մայիսին ՀՀ-ն համաձայնեց ռուսական ընկերություններին զիջել տարբեր էներգետիկ ակտիվներ (այդ թվում` նաեւ Իրանի գազամուղը)՝ որպես ռուսական գազի գնի բարձրացման դիմաց մասնակի վճարում»։ Այս նախադասությունը 2006թ. հուլիսի 24-ին զեկույցով ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսականներին։ Հետաքրքիր է` կոնգրեսականնե՞րն են ապատեղեկատվություն ստանում, թե՞ Ա. Մարգարյանն ու Հ. Ադելին դեռ չեն իմանում, որ այն, ինչի մասին խոսում են, այլեւս ռուսներինն է։