12-ամյա կրթությունը, որ այս տարի մուտք գործեց հայկական դպրոց, շատերի մոտ է անհանգստություն առաջացրել։ 12-ամյա կրթությունը մի շարք հարցեր է առաջացնում մեր համաքաղաքացիների մոտ՝ «10 տարում ի՞նչ սովորեցրին, որ 12 տարում սովորեցնեն», «18 տարեկանում ավարտենք դպրոցը՝ մեզ բանակ կտանեն, բա բո՞ւհը», «երկու տիպի առաջին դասարանն ինչի՞ համար է», եւ այլն: Որոշ մարդիկ 12-ամյա կրթությունը «կրթական չարիք» են համարում։ Կրթական այս բարեփոխման մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար զրուցեցինք ԿԳՆ Հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ։
– 12-ամյա կրթությունն առաջին անգամ դպրոց մտավ երկու տիպի առաջին դասարանների տեսքով։ Ինչպե՞ս ծագեց երկու տիպի առաջին դասարանների անհրաժեշտությունը։
– Դա արվեց, որպեսզի մանկապարտեզից երեխայի մուտքը դպրոց՝ սահուն լինի։ Կրտսեր առաջին դասարանը նախատեսված է 2000թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը ծնվածների համար։ Այս դասարանում ծրագիրն ավելի մատչելի է։ Յուրաքանչյուր օր երեքական ժամ է։ Նկարներ են պատմում, խաղեր են խաղում։ Կրտսեր դասարանում տառերը սովորում են ամբողջ տարվա ընթացքում, իսկ այբբենարանի համերգը տեղի է ունենալու ապրիլին։ Ավագ դասարանում 1 ժամ ավելի են անցնում։ Ավագ դասարանն ավելի արագ ծրագրով է առաջ շարժվելու, այստեղ այբբենարանն ավարտում են դեկտեմբերի վերջին։ Այսինքն՝ առաջին կիսամյակում երեխաներն արդեն տառաճանաչ են դառնում։ Բացի այդ, առաջին դասարանը միայն գրել-կարդալու խնդիր չի լուծում, այլեւ` տարիքային առանձնահատկության խնդիր։
– Իսկ մանկապարտեզից դպրոց սահուն մուտք ապահովող դասվարներ ունե՞նք։
– Հատուկ դասվարներ չկան։ Դպրոցի ունեցած դասվարներն են, ովքեր փորձ ունեն։ Վերջին 10 տարիներին 6 տարեկանները դպրոց մտել են, եւ դասվարը ծանոթ է նրանց։ Հիմա դասվարի գործն ավելի է հեշտացվել։ Այն ժամանակ նույն դասարանում 6 եւ 7 տարեկան երեխաներ էին սովորում, ինչի կապակցությամբ դասվարները խնդրում էին առանձնացնել 6-երի եւ 7-երի դասարանները։ Հիմա իրենց համար ցանկալի վիճակ է ստեղծվել։ Նորից այդ Ա-ն ու Բ-ն են սովորեցնելու, պարզապես տարբեր ծրագրերով։
– Հասարակությունը, կարծես, այնքան էլ գոհ չէ այս բարեփոխումներից։
– Հասարակությունը հակասությունների մեջ է ընկել։ Սկզբից ասում էին, թե 6 տարեկանները փոքր են դպրոցի համար, դեռ խաղալ են ուզում, նրանց քնել է պետք։ Սակայն այդ հուզումը դադարեց ու սկսվեց լրիվ հակառակ մի պրոցես։ Այս տարի շատ դիմումներ ստացանք 5 տարեկանների դպրոց ընդունման համար, սակայն օրենքով հաստատված կարգով՝ ոչ մի 5 տարեկան երեխա դպրոց չի ընդունվել։
– Ավելի բարձր դասարաններում առարկայական փոփոխություններ են նկատվել։ Լուրեր են պտտվում, թե ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաները որպես մեկ առարկա են դասավանդվելու՝ բնագիտություն անունով։
– 5-րդ դասարանի բնագիտությունը նույն կենսաբանությունն է։ Երբ երեխան ավագ դասարաններում ընտրում է հումանիտար հոսք, մենք նրան չենք ծանրաբեռնում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներով եւ ընդհանուր բնագիտություն ենք դասավանդում, որտեղ ներառված են այդ երեք առարկաները։ Սակայն այս դասագիրքը դեռ պատրաստ չէ եւ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ Իհարկե, բնագիտական հոսքում առարկաներն առանձին-առանձին են ուսումնասիրվելու։
– Իսկ վճարովի դպրոցների վրա այս փոփոխություններն անդրադառնալո՞ւ են։
– 12-ամյա կրթությունը պետք է մտնի նաեւ վճարովի դպրոցներ։ Բովանդակային առումով դրանք չեն տարբերվում մյուս դպրոցներից։
– 10, 11, 12 դասարանները դիտվում են որպես ավագ դպրոցներ, որոնք հոսքային բնույթ են կրելու եւ երեխաներին պատրաստելու են բուհ-ին։ Սա՞ է այդ ծրագրի միակ առավելությունը։
– Նախատեսվում է նաեւ, որ 4 տարի բուհում տարվող բակալավրի ուսուցումից որոշ առարկաներ կմտնեն ավագ դպրոց։ Այսինքն՝ եթե երեխան պետք է ընդունվի բուհ եւ առաջին կուրսում անցնի հայոց լեզու, ապա բուհի հայոց լեզուն տեղափոխելով դպրոց, երեխային հնարավորություն է տրվում կրեդիտներ հավաքել՝ այդ առարկան բակալավրում այլեւս չանցնելու համար։ Պետք է նաեւ նշել, որ 10,11, 12 ավագ դպրոցի գաղափարն ամենալավ բաներից մեկն է, քանի որ երեխան այլեւս չի գնա կրկնուսույցների մոտ պարապելու: Երեխան դա արդեն դպրոցում կստանա։ Երեք տարի խորացված անգլերեն պարապելու դեպքում, երեխան կրկնուսույցի կարիք չի ունենա։
– Դպրոցն ունի՞ համապատասխան ուսուցիչներ, ովքեր կապահովեն կրկնուսույցների որակը։
– Մշակվում է ավագ դպրոցի հայեցակարգը, որտեղ քննարկվում է նաեւ կադրերի հարցը։ Այն ուսուցիչները, որոնք իրենց գիտելիքներով կդիմանան ավագ դպրոցի պահանջներին, ուրեմն կմնան։ Եթե դպրոցի ուսուցչի գիտելիքները չներեն, ապա բուհից դասախոսներ կընդգրկվեն այստեղ։ Սակայն մենք համոզված ենք, որ լավ ուսուցիչներ ունենք։ Անորակ ուսուցիչներն այլեւս չեն դիմացել եւ գնացել են, կամ էլ այս համակարգի ընթացքում դեռ կգնան։
– Այսօր գործում են բուհերին կից քոլեջներ, եւ շատ ծնողներ 8-րդ դասարանից հանում են իրենց երեխաներին եւ տանում են այդ քոլեջները, վարժարանները։ Հիմա ինչպիսի՞ն է լինելու այդ քոլեջների կարգավիճակը։
– Քոլեջները նույնպես կդիտարկվեն որպես ավագ դպրոցներ եւ կիրականացնեն նույն ծրագիրը՝ երեք տարում երեխային նախապատրաստել բուհին։
– 12-ամյա կրթությունը հատկապես մտավախություն է առաջացրել տղա երեխաների ծնողների մոտ։ Երեխան դպրոցն ավարտելով 18 տարեկանում, պետք է պատրաստվի բանակ գնալուն։ Եվ հենց սրանով էլ բացատրվում է, թե ինչո՞ւ են ծնողներն ուզում իրենց երեխաներին 5 տարեկանից դպրոց տանել։ Այս հարցն ի՞նչ լուծում պետք է ստանա։
– 18 տարեկանում, երբ երեխան ավարտում է դպրոցը, բուհ ընդունվելու հնարավորություն է ունենում։ 18-ը լրանալուց նրան բանակ չեն տանում մինչեւ իր ատեստատը չստանա, իսկ ատեստատը երեխան կստանա միասնական քննությունների արդյունքում։ Ատեստատ ստանալուց հետո երեխան կամ բուհ է ընդունվում, կամ չի ընդունվում։ Այս ամենը բանավոր կարգով համաձայնեցված է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։ Պարզապես այս դեպքում աշակերտը զրկված է երկրորդ շանսից։ Սակայն, չի բացառվում, որ հետագայում զինապարտության մասին օրենքում փոփոխություններ մտցվեն եւ տղաներին 19 տարեկանից բանակ տանեն։