Բացահայտված հեղաշրջում

13/09/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցյալ շաբաթ ամբողջ Վրաստանով մեկ տարածվեց քաղաքական երանգով ձերբակալությունների ալիքը: Երկրի տարբեր անկյուններից Թբիլիսիի մեկուսարաններում հայտնվեցին տարբեր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ավելի քան 30 առաջնորդներ ու շարքային անդամներ: Նրանց բոլորին միավորում էր Պետանվտանգության նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեի հետ համագործակցությունը, որը արդեն մոտ 10 տարի` գտնվում է հետախուզման մեջ նախկին նախագահ Էդվարդ Շեւարդնաձեի դեմ անհաջող մահափորձի մեղադրանքով: ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` բոլոր ձերբակալվածները կասկածվում են իշխանությունը տապալելու նպատակով հակապետական դավադրությանը մասնակցելու եւ հայրենիքի դավաճանության մեջ: Մեղադրանքներն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ բանտարկություն: Ճաղերի հետեւում հայտնվածների մեջ ամենաերեւացող դեմքերն են Միապետական կուսակցության առաջնորդ Թեմուր Ժորժոլիանին, որը լավ ծանոթ է վրացական բանտերին գրեթե նույն բանի համար` Շեւարդնաձեի օրոք հեղաշրջման անհաջող փորձի, «Արդարություն» կուսակցության (որը արտասահմանից ստեղծել է փախուստի մեջ գտնվող Գեորգաձեն) ձեւական առաջնորդ Ռեւազ Բուլիան, «Հակա-Սորես» հասարակական շարժման նախագահ Մայա Նիկոլեաշվիլին: Ձերբակալման վտանգի տակ է հայտնվել ոչ վաղ անցյալում բավականին հայտնի քաղաքական գործիչ Իրինա Սարիշվիլին, որը ներկայումս գլխավորում է Իգոր Գեորգաձեի հիմնադրամը: Օֆիսներում, բնակարաններում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում նրանցից մեկի օժանդակ տնտեսությունում հայտնաբերվել է որոշ քանակությամբ զենք, իսկ Գեորգաձեի ազգականուհի Մայա Թոփուրիայի մոտից` մոտ 30.000 դոլար: Բռնագրավված զենքի ու փողի մասին որոշ ժամանակ խոսում էին որպես նախապատրաստվող հեղաշրջման թերեւս ամենագլխավոր հանցանշանների մասին: Հետո գործի դրվեց մի տեսաերիզ, որտեղ տեսախցիկին մեջքով կանգնած մի տղամարդ եւ կին խոսում էին, որ մայիսի 4-ին «Արդարության» թբիլիսյան գրասենյակում տեղի է ունեցել գաղտնի ժողով` վերոնշյալ Թոփուրիայի գլխավորությամբ, որտեղ Գեորգաձեի ազգականուհին հավաքվածներին ներկայացնում էր պետական հեղաշրջման ծրագիրը: Անանուն պատմողների խոսքով` Գեորգաձեն օգոստոսին պետք է Վրաստան միջոցներ փոխանցեր զենք գնելու համար, նույն ժամանակ պետք է ձեւավորվեին մի քանի ջոկատներ` 100 հոգուց բաղկացած` սադրիչ գործողություններ, դիվերսիաներ կատարելու եւ կառավարական կազմավորումներին դիմադրություն ցույց տալու նպատակով: Սադրիչ գործողություններից մեկը մտադիր էին իրագործել խորհրդարանի շենքի առջեւ ցույցի ժամանակ. ցուցարարների ամբոխի մեջ պետք է մի քանի կրակոց հնչեր, ինչը «համաժողովրդական ցասում» եւ նախագահի ու կառավարության հրաժարականի պահանջով զանգվածային ելույթներ կառաջացներ:

Նախապատրաստվող հեղաշրջման ապացույցները, հատկապես «դիմադրության ջոկատները»` հաշվի առնելով մինչեւ ատամները զինված եւ լավ պատրաստված վրացական բանակը, որոշ ժամանակ անհամոզիչ էին թվում: Հատկապես, երբ սկսեց խոսել Իրինա Սարիշվիլին, որը զարմացած էր, որ իրեն դեռ չեն ձերբակալել: Նա հայտարարեց, որ մայիսի 4-ի ժողովը բլեֆ է, իսկ եթե այդ օրն իրոք ինչ-որ մարդիկ հավաքվել են «Արդարության» գրասենյակում, ապա դրանց մեջ ոչ մի կերպ չէր կարող լինել Թեմուր Ժորժոլիանին, որն այդ ժամանակ բուժվում էր Թբիլիսիի կլինիկաներից մեկում` սրտի հիվանդության պատճառով. դա հեշտությամբ կարող են հաստատել փաստաթղթերը:

Սակայն Ժորժոլիանին շարունակում է մնալ ճաղերի հետեւում, ինքը` Սարիշվիլին, դեռ ազատության մեջ է, գրավի դիմաց կամ էլ ապացույցների բացակայության պատճառով կամաց-կամաց բաց են թողնում նաեւ մնացած դավադիրներին: Եվ երբ արդեն թվում էր, թե հեղաշրջման գործը տապալվում է, որոտ շանթեց Մայա Նիկոլեաշվիլու շնորհիվ, որին դուրս էին թողել գրավի դիմաց եւ հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամության համար: Նա հաստատեց «խորհրդավոր ընթրիքի» փաստը, անանուն վկաների պատմածը, իսկ նախապատրաստվող դավադրության պարագլուխների թվում նշեց Իրինա Սարիշվիլուն: «Բացարձակ սուտ է»,- հայտարարեց նախկին եռանդուն հակախորհրդային Սարիշվիլին,- բոլորին հայտնի է, թե ինչպես է կոչվում Մայա Նիկոլեաշվիլու արարքը, ես այն կկոչեմ մարդկային թուլություն»:

Իրադարձություններին Մոսկվայից արձագանքեց նաեւ Իգոր Գեորգաձեն, որը մի անգամ չէ, որ բացահայտ սպառնացել է Վրաստանում «եղինջի հեղափոխություն» կազմակերպել` նկատի ունենալով ներկայիս իշխանություններին եղինջով ծեծելը: «Իշխանությունները չեն կարող ժողովրդին հաց տալ եւ դա փոխարինում են էժանագին ներկայացումներով»,- հայտարարեց նա:

Փոխարենը իրենք՝ իշխանությունները, գոհ են: Թվում է, թե ՆԳՆ նախարար Վանո Մերաբիշվիլուն վերջնականապես հաջողվել է իրենից հեռացնել պաշտոնից հեռացվելու վտանգը, որ պահանջում էր հասարակությունը` բանկի երիտասարդ աշխատակցի սպանությունից հետո, որի մեջ խառն էին նախարարի տիկինը եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահ Սահակաշվիլին լրացուցիչ հաղթաթղթեր ստացավ` որպես ապացույց Մոսկվայից իրականացվող «հակավրացական քաղաքականության»: Հիմա այդ հաղթաթղթերը կներկայացվեն միջազգային հանրությանը Ռուսաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, ինչպես նաեւ ներքին արենայի համար` իբրեւ Ռուսաստանի կողմից Վրաստանի հետզհետե զարգացումը խոչընդոտելու ապացույց: Եվ վերջապես, ինչպես Վրաստանում են ասում, կառավարող եռապետության երրորդ անդամը` Պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որն աբխազական եւ հարավօսական հակամարտությունների ուժային կարգավորման գրեթե միակ կողմնակիցն է, նույնպես կամրապնդի իր դիրքերը: Քանի դեռ հակամարտության գոտիներում գտնվում են թշնամաբար տրամադրված ռուսաստանցիները, տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնումը բացառված է:

Ինչ վերաբերում է բացահայտված հեղաշրջմանը, հավանական է, որ նրա մանրամասներն իշխանությունները հասարակությանը կներկայացնեն չափաբաժիններով: Եվ, ինչպես ենթադրում են դիտորդները, բացառված չէ, որ այդ չափաբաժինները կհամեմվեն նորանոր դառը համեմունքներով: