Շատ ներկրում ենք, քիչ՝ արտահանում

13/09/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայաստանից եւ այլ երկրներից Ղարաբաղ են ներկրվում տարբեր տեսակի ապրանքներ, սննդամթերքներ: Օրինակ, Հայաստանից ներկրվում են մրգեր, բանջարեղեն, կանաչի եւ այլն: Ճիշտ է, Ղարաբաղում էլ են զբաղվում նշված մթերքների աճեցմամբ ու մշակմամբ, բայց կան մրգեր, որոնք ԼՂՀ-ում չեն աճում, կամ քիչ քանակությամբ են աճում: Այդ մրգերից է, օրինակ, ծիրանը: Ներկրման ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ապրանքների պահանջարկը կա: Իսկ ի՞նչ է արտահանվում Ղարաբաղից, եւ որտե՞ղ է այն իրացվում: Հայտնի է, որ ԼՂՀ-ից մեծ քանակությամբ օղի, հացահատիկ է արտահանվում, որոնք հիմնականում իրացվում են հայաստանյան շուկաներում: Այստեղ գործող ալկոհոլային խմիչքներ արտադրող ամենախոշոր երկու ընկերություններից մեկը՝ «Ղարաբաղ Գոլդ»-ը խմիչքներն իրացնում է միայն ՀՀ-ում, իսկ «Արցախ ալկո»-ն՝ նաեւ Հայաստանից դուրս: Արտահանվող հացահատիկն ամբողջությամբ իրացվում է Հայաստանում: Նույնիսկ կան հայաստանցի գնորդներ, որոնք իրենց ավտոմեքենաներով գալիս են Արցախ, ցորենը հնձելուց անմիջապես հետո էժան գներով գնում են եւ տեղափոխում Հայաստան:

Մեծ չափերով են արտահանվում նաեւ ղարաբաղյան ընկույզը, նուռը եւ միսը: Մսեղենը (նաեւ կենդանի հնդկահավեր, խոճկորներ եւ այլն) Հայաստան է արտահանվում հիմնականում Ամանորի նախօրյակին: Նույնիսկ Ղարաբաղի որոշ գյուղերում կան մարդիկ, որոնք հատուկ աշխատում են հայաստանյան գնորդների հետ: Ի դեպ, միսը միակ ապրանքն է, որ Ղարաբաղ չի ներկրվում:

Ա. Ավանեսյանն, արդեն 7 տարի է, առեւտրով է զբաղվում, արտահանման եւ ներկրման գործով է զբաղվում: Ամռանը Հայաստանից հիմնականում լոլիկ եւ պղպեղ է բերում, իսկ աշնանը Ղարաբաղից ընկույզ եւ նուռ է տանում Սիսիան եւ փոխանակում կարտոֆիլի հետ: Նա ասում է, որ այդ փոքր բիզնեսով է իր հինգ հոգանոց ընտանիքը գոյատեւում:

Վիճակագրական տվյալներով, ավելի շատ ապրանք է ներկրվում Արցախ, քան՝ արտահանվում: Վերլուծաբանների կարծիքով, մեր երկրում կան բոլոր հնարավորությունները՝ ապրանքների արտահանումն ավելի լավ կազմակերպելու համար, սակայն դրան խոչընդոտում են մի շարք խնդիրներ` ԼՂՀ չճանաչված լինելը, արտահանման ճանապարհների հարցը եւ պետական կառավարման համակարգում որոշ մեխանիզմների անկատարությունը: