Հին անհատի նոր պաշտամունք

06/05/2005

Նապոլեոն Բոնապարտի թագադրության երկուհարյուրամյակի տոնակատարությունները
ցույց են տալիս, որ կայսեր ձգողականությունը դեռեւս շատ մեծ է:
Երկու դար է անցել այն օրից, երբ Նապոլեոնն իրեն հռչակեց Ֆրանսիայի կայսր:
Անցած տարվա վերջին օրերին Նապոլեոնի պաշտամունքը հասավ նոր բարձունքների:
Ամբողջ աշխարհից Փարիզ ներխուժեցին հավաքորդների ամբոխները, որպեսզի ձեռք
բերեն կայսեր մասունքները` ընդհուպ մինչեւ գուլպաներ, ատամմաքրիչներ ու
մեդալներ:
Ֆոնտենբլո ամրոցում, որտեղ 1815 թվականին կայսրն առաջին անգամ հրաժարվեց
գահից, ավելի քան 800 առարկայի վաճառքը բերեց մոտ երկու միլիոն ֆունտ,
հիմնականում՝ Ռուսաստանից, Ավստրալիայից եւ Ամերիկայից եկած հավաքորդների
շնորհիվ:
Այդ իրերի գները հաստատում են, որ Նապոլեոնի պաշտամունքը դեռ բավական
ուժեղ է Ֆրանսիայում: Նրա հիշատակին նվիրվել է ավելի քան հիսուն գիրք,
հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր, տասնյակ ցուցադրություններ Լուվրում
եւ այլուր:
Բայց իսկական նապոլեոնամոլն ամեն ինչ կտա այդ փոքրիկ կորսիկացու
մասունքներին տիրելու համար` անկախ այն բանից, թե նրան ինչ է համարում`
պետական գործի՞չ, ուտոպիզմի հակում ունեցո՞ղ, թե՞ արյունոտ տիրան:
Պիեռ-Ժան Շելենսոնը` Ֆրանսիայում Նապոլեոնի իրերի ամենամեծ հավաքածուի
տերը, 1100 ֆունտ վճարեց վարդաջրի այն սրվակի դիմաց, որը կայսրը պահում էր
իր ճամպրուկում: 34-ամյա Շելենսոնը, ում բնակարանը Նապոլեոնի սրբարան է
հիշեցնում, կայսրին նվիրվել է 17 տարեկանում, երբ գնել է Նապոլեոնի այն
նամակը, որով նա հայտնում էր 1806 թվականին պրուսական բանակի դեմ տարած
հաղթանակի մասին: Այս յուրօրինակ նապոլեոնագետն իր կուռքի մասին խոսում է
ներկա ժամանակով եւ հայտարարում, որ տարված է գեներալով, ում ինքը
համարում է ամենամեծ ռազմագետը:
Նապոլեոնը, որ գուցե ժամանակակից Ֆրանսիայի հիմնադիրն է, պատմաբանների
կարծիքով՝ ամբողջատիրական ոստիկանական պետության նահապետն է եւ
կատալիզատորը ազգայնամոլական այն շարժման, որը ծնեց Հիտլերին եւ Ստալինին: