Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց «Մեկ պատուհանի» համակարգում ներդրված փաստաթղթաշրջանառության համակարգի մանրամասները: Ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն» («ԷԼՓԱՍ» ԱՀ) համակարգը, որը նախատեսված է կառավարման համակարգերում, դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում շահագործելու համար: Այն հնարավորություն է տալիս կուտակել եւ մշակել քաղաքապետարանում շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը: Ծրագրի նպատակը Երեւան քաղաքի միասնական էլեկտրոնային համակարգի, Երեւանի քաղաքապետարանի եւ նրա ստորաբաժանումների, համայնքների միջեւ միասնական բազայի ստեղծումն է: Համակարգն, արդեն 2 ամիս է, ինչ շահագործվում է: «Հուլիսի 25-ից մենք անցել ենք այս համակարգի պաշտոնական շահագործմանը, եւ այսօր Երեւանի քաղաքապետարանի բոլոր կառույցները, բոլոր ստորաբաժանումները եւ աշխատակիցները գործում են եւ իրենց փաստաթղթային գործառույթներն իրականացնում են բացառապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով»,- նշեց Գ.Մելքումյանը: