Նորաշենում դպրոց բացվեց

13/09/2006

Սեպտեմբերի 11-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում տեղի ունեցավ նորակառույց դպրոցի բացման արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ կառավարության անդամներ, շրջանի ղեկավարներ եւ Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ (ՀԲԸՄ): 8-ամյա դպրոցի կառուցումն իրականացվել է ՀԲԸՄ Լոս Անջելեսի եւ Սիդնեյի մասնաճյուղերի ֆինանսավորմամբ, որոնք շուրջ 38 մլն դրամ են ներդրել: Դպրոցը նախատեսված է 80 աշակերտի համար, ունի 8 դասասենյակ, 1 միջոցառումների սրահ, ուսուցչանոց եւ տնօրենի սենյակ: Ներկայումս դպրոց են հաճախում 32 աշակերտ: Ի դեպ, գյուղի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2001-ից՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի հովանավորությամբ: Բացման արարողությունից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` կարեւորելով նման ծրագրերի ֆինանսավորումը, իր գոհունակությունն արտահայտեց այն բոլոր բարերարներին, ովքեր նման կարգի աշխատանքներ են իրականացնում Ղարաբաղի տարածքում: ՀԲԸՄ պատվավոր անդամ Լեւոն Քեբաբջյանն` իր հերթին, արտահայտելով իր ուրախությունը, նշել է, որ հնարավորինս պետք է աջակցեն գյուղի զարգացմանը: «Ուրախ ենք, որ դպրոցի բացումն ենք անում եւ հույս ունենք, որ այսուհետ կկրկնապատկվի աշակերտների թիվը, քանի որ պիտի սկսենք մեկ այլ ծրագիր, որին պետք է օժանդակեն նաեւ Նյու Յորքի բարերարները: Որքան բարերար գտնենք, այնքան ձգտելու ենք գյուղը մեծացնել: Կցանկանանք, որ մի քանի տարվա ընթացքում այս գյուղը գոնե 300 բնակիչ ունենա»,- նշել է Լ. Քեբաբջյանը: Դպրոցի բացումից հետո տեղի է ունեցել Նորաշենից 200 մետր հեռավորության վրա գտնվող, Արցախյան պատերազմի տարիներին ավերված Ջրակն գյուղի հիմնարկեքի արարողությունը: