Նոր ռոյալը համերգի առիթ դարձավ

13/09/2006

Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում սեպտեմբերի 19-ին կայանալու է դասական երաժշտության համերգ, որի ընթացքում Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբն ու դաշնակահար Արթուր Փափազյանը կկատարեն Ա. Խաչատրյանի եւ Չայկովսկու ստեղծագործությունները: Այդ համերգը ուշագրավ է ոչ միայն իր երաժշտական նյութով: Այդ օրը հանդիսատեսին կներկայացվի վերջերս գնված նոր ռոյալը: Hamburg Steinway ռոյալը ձեռք բերելու համար դաշնակահար Արթուր Փափազյանն անձամբ էր մեկնել Համբուրգ եւ ընտրել իրեն առաջարկած ռոյալներից լավագույնը: «Ընտրությունը բավականին երկար էր տեւել:- ասաց Ա.Փափազյանը,- Ես նույնիսկ բողոքեցի, որ մեզ երրորդ երկիր համարելով` ուզում էին առաջարկել ոչ այնքան լավ երաժշտական գործիք»: Սույն ռոյալը գնելու փաստը, մասնագետների կարծիքով` ոչ այնքան մեծ երաժշտական իրադարձություն է, որքան` խորհրդանիշ է: «Մենք արդեն իսկ լավ ռոյալ ունեինք, որը 30-40 տարի օգտագործում էինք: Բայց նոր ռոյալ գնելով մենք ապացուցեցինք, որ մեծ նշանակություն ենք տալիս երաժշտական կյանքի նորոգմանը: Նոր ռոյալով մենք աշխարհը զարմացնել չենք կարող, Մոսկվան, օրինակ, մեկ տարվա ընթացքում 17 Hamburg Steinway է գնել: Լավ երաժշտական գործիքն ատամի խոզանակի պես մի բան է: Եթե ատամներդ լվանալ ես ուզում, խոզանակ պետք է ունենաս, եթե համերգ կազմակերպել ես ուզում` պետք է երաժշտական գործիք ունենաս: Այդ ռոյալն ինձ համար պետության կայացման խորհրդանիշն է դարձել: Մենք այն պետական փողերով գնեցինք, չսպասեցինք բարերարների եւ սպոնսորների առաջարկներին: Ռոյալը, ինչո՞ւ`ոչ, կարող է մեր անկախության 15-րդ տարեդարձի սիմվոլը համարվել: 15-ամյակը նոր դաշնամուրով կտոնենք, իսկ հաջորդ` 16-ամյակը կարող ենք արդեն գյուղերի ավելի բարեկեցիկ կյանքով տոնել»,- ասում է Ա. Փափազյանը, ում ցանկությունը տոնական տրամադրությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում, գյուղում, «ամեն մի ծակուծուկում» տեսնելն է:

Ն.Հ.