Պուտինը Յուշչենկոյին պատժում է լռությամբ

06/05/2005

Ամանորին նախորդած օրերին Ռուսաստանի նախագահը չէր ճգնում: Նա ժամանակ
ուներ Վերին պալատի նախագահի հետ բնակարանների շուկայի հարցը քննարկելու
եւ կապի նախարարին հիշեցնելու, որ անհրաժեշտ է բարձրացնել փոստատարների
աշխատավարձը, բայց վերջին շրջանի ամենանշանակալի քաղաքական իրադարձության
առիթով՝ Պուտինը քար լռություն է պահպանում: Ուկրաինայի նախագահական
ընտրությունների երրորդ փուլում, Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակից հետո,
Կրեմլի ղեկավարը ոչ հարկ համարեց մեկնաբանել ընտրության արդյունքը, ոչ էլ
շնորհավորեց հաղթողին, ինչը շտապողաբար արել էր նախորդ քվեարկությունից
հետո:
Այս անգամ ո՛չ Պուտինը, ո՛չ վարչապետ Ֆրադկովը, ո՛չ արտաքին գործերի
նախարարը պաշտոնապես չարձագանքեցին: Դրա փոխարեն, ԱԳՆ մամուլի խոսնակ
Ալեքսանդր Յակովենկոն հայտարարեց, որ, չնայած ԵԱՀԿ-ի հավաստիացումներին,
ընտրություններն անցել են խախտումներով: Օրենքի փոփոխումից հետո բազմաթիվ
թոշակառուներ եւ հաշմանդամներ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել:
Ընտրվելուց հետո Յուշչենկոն Մոսկվայի ուղղությամբ ուղարկել է հաշտության
ազդանշաններ` օրինակ, «Իզվեստիային» տված հարցազրույցում ասելով, թե որպես
նախագահ՝ իր առաջին այցը, «հավանաբար», կատարելու է Ռուսաստան: Իսկ
«հավանաբար», որովհետեւ մինչ այժմ նա հրավեր չի ստացել:
Պուտինի տեսակետից՝ լռությունը տրամաբանական է, քանի որ Յուշչենկոյի
հաղթանակը Ռուսաստանի արտաքին քաղաքականության անցած տարվա ամենացավագին
պարտությունն էր: Շնորհավորելով եւ հրավիրելով, Կրեմլը որոշակիորեն
լեգիտիմություն կհաղորդի «նարնջագույն հեղափոխությանը», որն առաջին հերթին
իր դեմ էր ուղղված: Բայց Պուտինն, ինչ էլ լինի, կաշխատի թույլ չտալ, որ
ժողովրդավարության վարակը տարածվի նախկին ԽՍՀՄ հանրապետություններում եւ
Ռուսաստանում:
Պատահական չէ, որ իր ասուլիսներից մեկում Պուտինը խստորեն դատապարտել է
«անընդհատ հեղափոխությունների համակարգի ստեղծումը»` դրանով միաժամանակ
դատապարտելով նաեւ Վրաստանի «Վարդերի հեղափոխությունը»: Վրաստանի նոր
նախագահ Սահակաշվիլին, թեեւ հայտարարել է Մոսկվայի հետ համագործակցելու իր
ցանկության մասին, բայց ամեն կերպ ձգտում է մտնել ՆԱՏՕ: Յուշչենկոն
նույնպես ուզում է Ուկրաինան մերձեցնել Ռուսաստանին: Նա հասկացրել է, որ
ոչ թե ինքը, այլ Կրեմլը պետք է հարաբերությունները բարելավելու համար
ինչ-որ բաներ ուղղի: Նրա խոսքով, Կրեմլի միակողմանի աջակցությունը
Յանուկովիչին՝ լրջորեն խոցել է միլիոնավոր ուկրաինացիների, եւ ժամանակ է
պետք, որպեսզի նրանք վերականգնեն բարի վերաբերմունքը:

Տ.Պ.