Ընդդիմության մոտ հոգնածություն է զգացվում

10/09/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Եվ դատելով վերջին իրադարձություններից՝ Հայաստանի ընդդիմության որոշ շրջանակների միջեւ այդ գումարի համար մի իսկական մրցավազք է սկսվել: Նախ ԱԺԴ նախագահ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանը վերջերս հայտարարեց իրենց կողմից մշակված, այսպես կոչված, էլեկտրոնային քվեարկության մասին, որի իրականացման համար, ըստ Ա. Սադոյանի, անհրաժեշտ է մոտ 2,5 միլիոն դոլար: Իսկ երեկ էլ «Արդարություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ իր գլխավորած կուսակցությունն ու «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը համատեղ մշակել են ընտրական գործընթացի էլեկտրոնային վերահսկման ծրագիր, որի արժեքը չի գերազանցի 4 միլիոն դոլարը: Սակայն քանի որ ընդդիմության մյուս հատվածն անտարբեր է եղել ներկայացված ծրագրի նկատմամբ, այդ պատճառով էլ, ըստ Շ. Քոչարյանի, ԱՄՆ-ը չի ֆինանսավորել ներկայացված ծրագիրը: Իսկ ինչո՞վ է իրենց ներկայացրած ծրագիրը լավը Ա. Սադոյանի ծրագրից: Շ. Քոչարյանը գտնում է, որ ընտրությունները վերահսկելու Սադոյանի ծրագիրն առնվազն առաջիկա չորս տարիներին հնարավոր չի լինի իրականացնել: Ընդհանրապես երեկ բանախոսն ընդդիմադիր իր գործընկերների գործողություններից շատ դժգոհեց: Շ. Քոչարյանը գտնում է, որ անկախությունից ի վեր երբեւէ ընդդիմությունը Հայաստանում այսքան հեղինակազրկված չի եղել: Պատգամավորի խոսքերով՝ միավորվելու եւ միասնաբար ծրագիր իրականացնելու փոխարեն ընդդիմության դաշտում մրցակցություն է գնում, թե ո՞վ առաջինն ինչ-որ կոչ կանի, ո՞ւմ կոչով կհավաքվեն, ո՞վ ավելի շուտ հեղափոխության օր կհայտարարի, ո՞վ ավելի վճռական բան կասի, «ո՞վ առաջինը կորոշի, թե որ բանտախցում են նստելու երկրի երկու ղեկավարները, որից հետո կգնա այդ երկրի ղեկավարի կողմից ստեղծված կուսակցության կազմը» (ակնարկը թերեւս վերաբերում է «Արդարություն» խմբակցության երբեմնի քարտուղար Վիկտոր Դալլաքյանին): Ըստ ԱԺԿ ղեկավարի, Հայաստանում վարկաբեկվեց ծրագրի, խորը, նպատակային աշխատանքի գաղափարը, եւ առաջին պլան մղվեց միայն իշխանափոխությունը: Նրա գնահատմամբ՝ նույնիսկ հանրահավաքի գաղափարն է վարկաբեկվել: Շ. Քոչարյանի կարծիքով, եթե խնդիրը դրվում է այնպես, թե իշխանափոխությունն է կարեւոր, իսկ հետո ամեն ինչ լավ կլինի, ապա այդ մոտեցումը դատապարտված է: Վերջինս ընդդիմության ու ընդհանրապես քաղաքական դաշտում հոգնածություն է նկատում: Բացի այդ, նա չի հասկանում «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության ցուցաբերած դիրքորոշումը: Բանախոսի գնահատմամբ՝ Սահմանադրության մակարդակով առաջին անգամ Հայաստանում անձնիշխանությանը վերջ տալու հնարավորություն է տրվել, սակայն ներքաղաքական իրավիճակն, ըստ նրա, համահունչ չէ այդ հնարավորությանը: Ըստ Շ. Քոչարյանի, անհասկանալի ու անտրամաբանական է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը չստորագրեց իր պայքարով հասած նվաճումների՝ ԸՕ-ում տեղի ունեցած փոփոխությունների տակ ու ստորագրեց մի նախագծի տակ, որն էական որեւէ փոփոխություն չի նախատեսում: «Ավելին, ստորագրում են այն պարագայում, երբ կա մի նախագիծ, որը մշակել է ԱԺԿ-ն՝ հաշվի առնելով նրանց պահանջներն ու տեսակետները»,- նշեց Շ. Քոչարյանը: Վերջինս նաեւ զարմացած է, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ կոշտ դիրքորոշում որդեգրած ընդդիմությունը հանկարծ «գերկոնստրուկտիվիզմ է ցուցաբերում» եւ ստորագրում ԸՕ-ի՝ իշխանությունների ներկայացրած տարբերակը, հետո էլ ետ վերցնում ստորագրությունները: Միաժամանակ նա նշում է, թե եթե ընդդիմադիր դաշտում իրավիճակը շտկելու հույս չունենար, ապա նման բացասական գնահատականներ չէր տա: Ինչեւէ, Շ. Քոչարյանը մտահոգիչ է համարում նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ հնչող հայտարարություններն ու ձեւավորված մթնոլորտը: Թեեւ նա չի գտնում, թե նավթն ու դոլարները լուծում են բոլոր հարցերը, սակայն առաջարկում է չանտեսել այն փաստը, որ «Ադրբեջանն այսօր առավելություններ ունի մեր նկատմամբ»: Անդրադառնալով հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությանն ու «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա իրականացրած հարձակմանը՝ Շ. Քոչարյանը կարծիք հայտնեց, թե այդ ամենը խոսում է շատ մեծ վտանգի մասին: «Կրիմինալը եւ ստվերային տնտեսությունն արդեն նոր հավակնություն են ձեռք բերում: Իրենք հոգնել են ընդամենը ծառայել իշխանությանը, իրենք ցանկանում են հենց իրենք դառնալ իշխանություն»,- կարծում է նա: