Տոների մասին նոր օրենքը ռուսներին հնարավորություն է տալիս Նոր տարվա
եւ Սուրբ Ծննդյան օրերին հանգստանալ հունվարի մեկից մինչեւ տասը: Ըստ
բժիշկների, դա կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ, քանի որ տասն օրվա
ընթացքում ռուսները, խմելուց բացի, ուրիշ ոչնչով չեն զբաղվելու: Նրանք
վստահ են, որ տոների վերջում Ռուսաստանի հիվանդանոցներն ու բանտերը կլցվեն
խմելու սեր ունեցող մարդկանցով:
Հարբեցողությունը ռուս հասարակության ամենագլխավոր խնդիրներից է:
Այսուհանդերձ, պաշտոնական վիճակագրությունը փորձում է տպավորություն
ստեղծել, թե ռուսները խմում են չափավոր: Տարեկան 8,1 լիտր մաքուր սպիրտ
ընդունելով, նրանք զիջում են միայն պորտուգալացիներին, ֆրանսիացիներին եւ
նույնիսկ գերմանացիներին, ովքեր երկու լիտրով ավել են կլանում: Իրականում
ճշմարտությունն այլ է, քանի որ վիճակագիրներն անտեսում են երկու կարեւոր
աղբյուր` տանը քաշած օղին եւ ոչ լեգալ արտադրանքը: Իրական սպառման
ցուցանիշը տատանվում է 15-19 լիտրի միջակայքում: Այդպիսով, Ռուսաստանն
աշխարհում հայտնվում է առաջին տեղում: Ըստ ՌԴ Առողջապահության
նախարարության տվյալների, 2,4 միլիոն ռուս տառապում է հարբեցողությամբ,
բայց այս թիվն էլ ճշգրիտ չէ:
Վերջերս «Կոմերսանտ» թերթը սթափեցնող հաշվարկներ էր կատարել, համաձայն
որոնց՝ բնակչության 5%-ն ամեն օր հարբած լինելու պատճառով չի կարողանում
կատարել աշխատանքային պարտականությունը: Իսկ հինգ%-ն արդեն 3,2 միլիոն
մարդ է: Այսպիսով, 212 ռուբլի օրական աշխատավարձի հաշվարկով՝ կորուստը
կազմում է 619 միլիոն ռուբլի, այսինքն` 18,7 միլիոն եվրո: «Կոմերսանտի»
ենթադրությամբ՝ առողջապահական ծախսերի մոտ 20%-ն ուղղվում է
հարբեցողության դեմ պայքարին:
Հարբեցողությունը ռուսների ոչ միայն ամենամեծ, այլեւ ամենահին խնդիրն է:
Ջեֆրի Հոսքինգսն իր «Ռուսաստանը եւ ռուսները» գրքում գրում է, որ հնագույն
ժամանակներից արեւելյան սլավոնները տոներին շատ խմելու սովորություն
ունեին: Դա, հավանաբար, կապված է կյանքի գյուղացիական ռիթմի հետ, որը
կախված է կլիմայից եւ տարվա ժամանակներից: Չափազանց համառ աշխատանքից հետո
մարդիկ ընդարմացման կարիք էին զգում: Հարյուրամյակների ընթացքում պետական
իշխանությունն ավելի շուտ՝ խրախուսում, քան արգելակում էր ալկոհոլի
օգտագործումը, քանի որ պետությունը դրանից մեծ շահույթ էր ունենում:
Օրինակ` 18-րդ դարում անուղղակի հարկային մուտքերի կեսն օղու վաճառքից էր
ստացվում:
Բժիշկները գտնում են, որ ժամանակակից Ռուսաստանի իշխանությունները չունեն
հակաալկոհոլային հստակ ծրագիր, բայց միաժամանակ դեմ են արգելքներին, քանի
որ Ռուսաստանը մի անգամ արդեն` Գորբաչովի ղեկավարման տարիներին, տեսել է
արգելված պտղի համը:
Տ.Պ.