Անդրադառնալով վերջին շրջանում պարբերաբար տեղի ունեցող սպանություններին, «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը կարծիք հայտնեց, թե դա գալիս է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտից: «Անպատժելիությունը միշտ բերում է ավելի ծանր հետեւանքների: Եթե ուսումնասիրում ես այդ սպանությունները, ապա տեսնում ես, որ ժամանակին ինչ-որ «ռազբորկաներ» են եղել սպանողի ու սպանվողի կամ նրանց ազգականների միջեւ: Եվ այդ չհարթված վեճերը բերում են այդպիսի ցավալի դեպքերի»,- ասաց Հ. Հովսեփյանը: Նրա խոսքերով, շատ կարեւոր է կանխարգելիչ միջոցառումների անցկացումը, որպեսզի բանը չհասնի սպանություններին: