ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի տիկնոջ՝ Դանա Էվանսի հետ մեր հարցազրույցը տեղի ունեցավ «Բաքոս» ռեստորանում: Պարզվեց, որ Էվանս ամուսինները Հայաստան այցելելով՝ միասին առաջին ռեստորանը, որ հաճախել են՝ «Բաքոսն» էր, որտեղ նաեւ հայ ստեղծագործողների աշխատանքներ են ցուցադրվում-վաճառվում:
– Հետագայում այս ռեստորանի տերը դարձավ իմ ընկերուհին, մենք շատ մտերմացանք: Շատ զարմացած էի, որովհետեւ ռեստորանի տիրուհին շատ երիտասարդ էր եւ արվեստի գեղեցիկ գործերը հավաքելու հետ միաժամանակ նա կարողանում էր նաեւ շատ հմտորեն ղեկավարել ռեստորանը: Հետագայում հասկացա, որ հայ կանայք բազմակողմանի զարգացած են, եւ յուրաքանչյուր հայ կին ունի բազմաթիվ շնորհքներ: Առհասարակ հայերը շատ ստեղծագործական մոտեցում ունեն ամեն ինչում:
– Հայաստանում այսօր միջազգային, այդ թվում՝ ամերիկյան կազմակերպությունների կողմից շատ ծրագրեր են իրականացվում՝ կապված կանանց իրավունքների եւ այլ խնդիրների հետ: Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ ՀՀ-ում կանանց իրավունքները ոտնահարված են, եւ շտապ քայլեր է պետք նախաձեռնել այդ ուղղությամբ:
– «Ոտնահարված» ասելը մի քիչ կոշտ է հնչում: Ես կոպտորեն ոտնահարման դեպքեր շատ չգիտեմ, ուղղակի մեր ծրագրերի նպատակն է՝ համախմբել կանանց ուժը, եւ նրանց օգնել հասկանալ, թե իրենք ինչ ուժ կարող են ներկայացնել եւ ինչ ուժ կարող են ունենալ պետության եւ քաղաքականության մեջ:
– Սովետական տարիներին, օրինակ, խրախուսվում էին լավագույն կթվորուհիները, լավագույն աշխատավորուհիները եւ այլն: Սովետական կարգերի փլուզումից հետո քիչ էին խոսում կանանց իրավունքների մասին: Այսօր ավելի շատ են խոսում, բայց դա չի նշանակում, թե այսօր ավելի շատ են ոտնահարվում կանանց իրավունքները, կամ թե կանայք ստիպված հարմարվել են իրենց այդ վիճակին: Օրինակ, նույն Ամերիկայում, որտեղ հաճախ են խոսում կանանց իրավունքների մասին, ընտանիքների, ամուսինների միջեւ ավելի հաճախ են խնդիրներ առաջանում:
– Հայ ընտանիքները շատ ավանդական են, բայց կարծում եմ, որ անգամ ավանդական ընտանիքներում կանայք ավելի շատ դեր ունեն, քան մենք ենք դա գիտակցում, եւ նույնիսկ ավանդական ընտանիքներում կանայք ընտանեկան հարցերում շատ մեծ ազդեցություն ունեն: Կարծում եմ, որ կանանց համախմբման այս գործընթացը պետք է տեղի ունենա դանդաղ փուլերով, որպեսզի տղամարդիկ կամաց-կամաց համակերպվեն դրա հետ: Հետզհետե հայ տղամարդիկ կսկսեն գնահատել այն փաստը, որ իրենց կանայք իրենց հետ հավասար կարող են կիսել ընտանիքի պարտականությունները:
– Չե՞ք կարծում, որ առհասարակ պետք է խոսել մարդու իրավունքներից՝ առանց դրանք առանձնացնելու կանանց եւ տղամարդկանց իրավունքների: Օրինակ, շատ հայ ընտանիքներ, որոնք ապրում են ԱՄՆ-ում, նաեւ չեն ընդունում այն, որ եթե երեխայի հետ ծնողները կոշտ են խոսում, ապա նա կարող է ծնողների դեմ ոստիկանություն դիմել:
– Դժվար է համեմատել Հայաստանը եւ ԱՄՆ-ը, որովհետեւ երկուսն էլ տարբեր հարթությունների վրա են, քանի որ Հայաստանն ավելի ավանդապաշտ երկիր է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այնտեղ իրավունքներն ավելի շատ են, եւ որոշ մարդիկ կարող են կարծել, թե դրանք ավելի շատ են, քան պետք է, բայց դա այն հասարակությունն է, որն ամերիկյան ժողովուրդն է ընտրել, եւ իրենք են այդպես ցանկացել:
– Տիկին Էվանս, երբ դուք ընտանիքում տարաձայնություններ եք ունենում պարոն Էվանսի հետ, ինչպե՞ս եք լուծում այդ հարցերը, վերջին խոսքն ո՞վ է ասում:
– Դա կախված է այն բանից, թե ինչ հարց է քննարկվում: Սովորաբար մենք շատ չենք վիճում, մենք ավելի շատ քննարկումներ ենք ունենում միասին, հաճախ ենք զրուցում ամենատարբեր հարցերի շուրջ: Բայց ես ավելի շատ եմ հաղթում…
– Ինչպե՞ս է դա արտահայտվում, պարոն Էվանսը գլուխ չի՞ դնում, թե՞ …
– Երբեմն գլուխ չի դնում:
– Կանայք իրականում բնությամբ էլ շատ իրավունքներ ունեն եւ շատ հարցեր են կարողանում ինքնուրույն լուծել: Նույնիսկ ընտանեկան հարցերում կարողանում են շատ բաների հասնել, որ երբեմն կարելի է ասել՝ տղամարդկանց իրավունքներն են ոտնահարվում: Կանայք կարողանում են դժվարին իրավիճակներից ավելի հեշտ դուրս գալ եւ շուտ ոտքի կանգնել: Նկատենք, որ վերջին շրջանում տղամարդկանց մոտ սրտի կաթվածների, ինֆարկտների, դեպրեսիաների, մահացությունների դեպքերն ավելի են շատացել, իսկ կինը, թեկուզ լաց լինելով՝ կարող է դուրս գալ իրավիճակից, իսկ տղամարդու համար ավելի դժվար է: Կինն ունի բոլոր հնարքները եւ կարող է դրանք օգտագործել, եթե գիտակցի իր ուժը:
– Այո, ես լիովին համամիտ եմ եւ շատ դեպքերի մասին եմ լսել, երբ կանայք ընտանիքի ամբողջ բեռն իրենց ուսերին են վերցրել: Իսկապես Հայաստանում այդ խնդիրը կա, հատկապես տղամարդկանց մոտ: Աշխատանք չունենալն ընտանիքում լուրջ խնդիրներ է առաջացնում, օրինակ, կարող են տրվել խմիչքին եւ այլն: Այս ամենն ավելի վառ արտահայտված է հատկապես գյուղերում, եւ ես շատ դեպքեր եմ լսել, որ կանայք են ընտանիքի եւ երեխայի խնամքի ամբողջ բեռն իրենց ուսերի վրա տարել: Կանայք իսկապես ավելի ճկուն են եւ ավելի հեշտ են տանում դժվարությունները, իսկ տղամարդկանց համար իսկապես լուրջ պրոբլեմ է սոցիալական խնդիրը, աշխատանք չունենալու հարցը: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը գնալով զարգանում է, փաստերն ակնհայտ են, եւ կարծում եմ, որ զարգացման այդ միտումը շատ դրականորեն կազդի երկրի եւ տնտեսության վրա:
– Ե՞րբ է սովորաբար պրն Էվանսը բարկանում: Ի՞նչն ավելի շատ կարող է նրան հունից հանել:
– Հիմա փորձում եմ հիշել եւ հասկանում եմ, որ նա հաճախ չի բարկանում, մեկ-մեկ, այն էլ՝ շատ քիչ: Հիմա մտածում եմ ու լուրջ բան չեմ գտնում… Ես իսկապես բախտավոր մարդ եմ:
– Իբրեւ կին ի՞նչ է ձեզ սովորեցրել պարոն Էվանսի՝ դիվանագետի մասնագիտությունը: Դիվանագետի մասնագիտությունը կնոջը կյանքում շատ կարող է օգնել, հուշել:
– Մենք երկուսս էլ աշխատել ենք արտաքին առաքելությունների ծառայություններում: Ամուսինս մեր ծանոթության ժամանակ աշխատում էր ամերիկյան, ես՝ կանադական ծառայությունում: Մեր ամուսնական կարգավիճակը մեզ շատ է օգնել աշխատանքային հարցերում, մենք սովորել ենք ավելի ուշադիր լինել բառեր օգտագործելիս, նաեւ սովորել ենք բանակցություններ վարել: Հաճախ մեր ընդհանուր հարցերի վերաբերյալ էլ ենք միասին բանակցություններ վարում, եւ իմ ամուսինը գիտի՝ ինչպես ինձ հետ բանակցել: Երբեմն մեր բանակցությունները փակուղի են մտնում, բայց դա պատերազմ չի դառնում:
– Իբրեւ դիվանագետի կին, ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց, օրինակ` զգույշ լինել բառերը գործածելիս, է՞լ….
– Նախեւառաջ, պետք է ուշադիր լսեք այն, ինչ ձեր ամուսինն է ձեզ ասում: Այդպիսով կկարողանաք հասկանալ իր թույլ եւ ուժեղ կողմերը: Ընտանեկան հարաբերություններում, անձնական կյանքում բանակցություններ վարելը դժվար չէ, մի բան պարզ է՝ տղամարդիկ շատ հաճախ առանձին հարցերի վերաբերյալ ավելի հստակ եւ ավելի ուղղահայաց մոտեցում ունեն, քան կանայք, եւ պարզապես նրանց լսելով, միանգամից կարելի է հասկանալ, թե նրանք ինչ են ուզում: Չեմ ցանկանում անձնական հարաբերությունները տեղափոխել միայն տղամարդ-կին հարաբերությունների հարթություն: Պարզապես կցանկանայի մի բան ընդգծել՝ շատ կարեւոր է միմյանց լսելը, եւ՛ կինը եւ՛ տղամարդը պետք է միմյանց լսեն եւ հասկանան, թե դիմացինն ի՞նչ է ուզում: Նաեւ անձնական հարաբերություններում շատ կարեւոր է, որպեսզի փոխադարձ հարգանք լինի միմյանց նկատմամբ:
– Պարոն Էվանսին վիճակված էր Հայաստանի համար շատ բարդ շրջանում աշխատել: Եվ շատ հաճախ կարող էր սթրեսներով լի օրեր ունենալ, քանի որ դիվանագետները գործի բերումով բանակցությունների ժամանակ շատ զուսպ են, եւ տուն վերադառնալով` կարող են գերլարված լինել: Դուք նման դեպքերում ի՞նչ եք անում:
– Իհարկե, դեսպանատների եւ դեսպանների աշխատանքը շատ սթրեսային կարող է լինել, քանի որ խնդիրները շատ են, հատկապես՝ ԱՄՆ դեսպանատան, որովհետեւ դա շատ մեծ առաքելություն է, եւ պատասխանատվությունները շատ ավելի մեծ շրջանակներ են ներառում: Նման դեպքերում մենք միասին ընթրում ենք: Ընթրիքի ժամանակ ամեն ինչ անցնում է: Մեր այգում մի շիշ հայկական գինու շուրջ զրուցում ենք: Ամուսինս շատ լավ հումորի զգացում ունի, եւ զրույցի ժամանակ հաճախ կատակում ենք:
– Իբրեւ Ջոն Էվանսի տիկին, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ ինչո՞ւ հետ կանչեցին պարոն Էվանսին իր պաշտոնից: Կարծում եմ, ծանր ապրումներով լի ժամանակաշրջան էր ձեզ համար:
– Ձեր այս հարցին պատասխանելիս կարող եմ խոսել միայն իմ անունից: Դա իսկապես շատ հուզումնալից ժամանակաշրջան էր մեզ համար, շատ դժվար էր նաեւ ինձ համար, քանի որ իմ ամուսինը հետ էր կանչվում այն բանի համար, որ ճշմարտությունն էր ասել այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1915թ., եւ ցավալի էր, որ ճիշտ խոսելու համար նա պատժվում է: Իմ ամուսինը դիվանագիտության ոլորտում աշխատել է 35 տարի եւ շատ արհեստավարժ դիվանագետ է: Իր համար իսկապես մեծ պատիվ է ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առաքելությունը Նահանգներից դուրս եւ ծառայել Միացյալ Նահանգներին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ասված խոսքերի համար պատիժը չափազանց խիստ էր: Իմ ամուսինն այդ ճշմարտությունն ասել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ամերիկայի քաղաքացիների, համալսարանում՝ ուսումնաակադեմիկ միջավայրում: Ինձ համար չափազանց դժվար ժամանակներ էին, բայց երբ գիտակցում ես, որ դու իրավացի ես, դա քեզ օգնում է գլուխդ բարձր քայլել: Մենք երկուսս էլ պայծառ կարիերա ենք ունեցել արտաքին առաքելությունների աշխատանքում, եւ կարծում եմ, որ շատ մեծ պատիվ եւ բախտավորություն է աշխատել դիվանագիտական ոլորտում եւ ներկայացնել ԱՄՆ-ը՝ երկրից դուրս: Դա հնարավորություն է տալիս այլ երկրներ տեսնել, տարբեր ժողովուրդների մշակույթին եւ կենցաղին ծանոթանալ, սովորել: Մենք նաեւ մեծ հարգանք ունենք ԱՄՆ պետքարտուղարուհու նկատմամբ եւ առհասարակ այն ամենի նկատմամբ, ինչ փորձում է իրականացնել ԱՄՆ-ը:
– Դիվանագիտությունը երբեմն ընտրություն է սեփական խղճի եւ պետական դիքորոշման միջեւ, այդպես չէ՞:
– Այո:
– Հայկական մամուլը բազմիցս է անդրադարձել դեսպան Էվանսին տրված մրցանակը Պետդեպարտամենտի կողմից հետ վերցնելու մասին: Գրվեց նաեւ, թե այդ նույն մրցանակն ում եւ ինչու տվեցին: Ի՞նչ գնահատական կտաք՝ իբրեւ դեսպանի կին, այդ փաստին: Միգուցե ավելի լավ կլիներ՝ ընդհանրապես չտային, քան տային եւ հետո ետ վերցնեին:
– Այստեղ կարեւորն այն է, որ այդ մրցանակը տրվել էր իր գործընկերների կողմից: Ինձ համար շատ ավելի կարեւոր է այն փաստը, որ գործընկերները նրան հարգել եւ շնորհել էին այդ մրցանակը, քան այն, որ ետ են վերցրել:
– Օրերս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մխիթար Գոշի պետական մեդալով պարգեւատրեց դեսպան Էվանսին, իսկ մի քանի օր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը դեսպան Էվանսին շնորհակալական նամակ էր հղել: Ինչպե՞ս եք գնահատում այս երկու արձագանքները:
– Ինձ համար մեծ պատիվ էր, որ իմ ամուսինն այդ մեդալը ստացավ Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանից, եւ երբ լսեցի այդ լուրը՝ խոսք չէի կարողանում արտասանել, եւ դա իմ ամուսնու եւ ինձ համար շատ մեծ պատիվ էր:
Եթե կարողանայի, ինքս անձամբ նախագահ Քոչարյանին կհայտնեի իմ շնորհակալությունը: Ինչ վերաբերում է նախագահ Բուշի կողմից ուղարկված նամակին, ասեմ, որ շատ ուրախ եմ, որ իմ ամուսինն այդ նամակը ստացել է: Դա օգնեց ինձ: Նախագահ Բուշն այդ նամակով իմ ամուսնուն շնորհակալություն հայտնեց Հայաստանում կատարած իր աշխատանքի համար, եւ դա ցույց է տալիս, որ այդ աշխատանքը գնահատվում է:
– Հայաստանում մի խումբ սփյուռքահայեր եւ տեղացիներ ապրիլի 24-ին՝ եղեռնի զոհերի հիշատակի օրը, կազմակերպեցին «Դեղին ժապավեն» բողոքի ակցիան ընդդեմ դեսպան Էվանսի հետկանչի վերաբերյալ Պետդաեպարտամենտի որոշման:
– Այդ օրը, առհասարակ, շատ հուզիչ եւ տխուր օր է: Եղեռնի հուշարձան մեր գնալու օրը չէինք կարող տեսնել այդ դեղին ժապավենները, քանի որ մենք դիվանագիտական ճանապարհով էինք մոտեցել հուշարձանին: Մենք միայն տեսանք դեղին մայկաներով երիտասարդների, որոնք ձեռքներին դեղին ժապավեններ ունեին: Իմ ամուսինը շատ հուզված էր եւ այդ երիտասարդների կողքով անցնելիս իր շնորհակալությունը հայտնեց՝ ձեռքը սրտին դնելով: Մենք իսկապես հուզվեցինք այդ ակցիայից, եւ երբ վերադարձանք տուն եւ հեռուստատեսությամբ տեսանք, թե ինչ էր այնտեղ այդ օրը տեղի ունեցել, շատ հուզվեցինք: Մենք տեսանք հազարավոր մարդկանց կողմից կապված հազարավոր դեղին ժապավեններ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ օրը դեղին ժապավեն են կապել:
– Որտե՞ղ եւ ինչպե՞ս եք ծանոթացել պարոն Էվանսի հետ:
– Ծանոթացել ենք ՆԱՏՕ-ում: Ամուսինս այդ ժամանակ աշխատում էր Ամերիկյան պատվիրակության կազմում, ես՝ կանադական: Այդ օրերի մասին հիշելիս միշտ ասում ենք, որ դա երկու հրթիռների միջեւ սեր էր:
Սա շատ անձնական պատմություն է: Մենք աշխատանքի բերումով հրավիրված էինք մի խնջույքի, ես ու ամուսինս պետք է երկու տարբեր մարդկանց հետ հանդիպեինք: Այն մարդուն, ում հետ ես պետք է հանդիպեի՝ ինչ-որ տեղ էին հրավիրել, եւ նա չկարողացավ գալ: Այսպիսով, խնջույքի ժամանակ հանդիպելով ամուսնուս, սկսեցինք պարզապես զրուցել: Առաջին բանը, որ այդ օրն օգնեց մեր հարաբերությունների մտերմացմանը՝ այն էր, որ նա շատ լավ տեսք ուներ: Այնուհետեւ սկսեցինք զրուցել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մասին, եւ քանի որ իմ արմատները Լեհաստանից են, ինձ զարմացրեց այն, որ նա ինտելեկտով շատ զարգացած մարդ էր եւ նաեւ շատ լավ էր կարողանում հասկանալ եվրոպացիների հոգեբանությունը: Ես ծանոթ էի այդ հոգեբանությանը եւ զարմացած էի, թե որքան լավ է նա դա հասկանում: Նա շատ ինտելիգենտ էր, եւ դա ինձ գրավեց: Նա նաեւ իսկական ջենտլմեն է, ինչը շատ քիչ է հանդիպում մեր կյանքում: Կարող է այսօր դա հնաոճ բան երեւալ, բայց ես դրան շատ մեծ ուշադրություն եմ դարձնում:
– Եվ ինչպե՞ս նա առաջարկեց ամուսնանալ:
– Մենք ամուսնացել ենք 1988 թվին: Նա սկզբում ինձ տվեց այս մատանին, բայց այն չանվանեց նշանդրեքի մատանի: Նա դա անվանեց ընկերության մատանի: Իմ ամուսինը շատ զգուշավոր մարդ է եւ հինգ տարի սպասել է մինչեւ մեր ամուսնությունը: Դա տիպիկ ամուսնության առաջարկ չէր: Ամուսինս կխելագարվի, երբ տեսնի այս պատմությունը հոդվածի մեջ: Նա այդ ժամանակ ազապ էր, ինչպես Ամերիկայում են ասում՝ տղամարդ էր, որը չէր մտածում ամուսնանալու մասին: Այդ պատճառով ես երկար բանակցությունների միջով էի անցնում: Վերջիվերջո մի օր ամուսինս զենքերը վայր դրեց, եւ մի անգամ, երբ մենք Վաշինգտոնում էինք, ընդմիջման ժամանակ ինձ կանչեց, հարցրեց, թե արդյոք իր հետ կգնա՞մ Վիրջինիա՝ մեր ամուսնության վկայականը վերցնելու, եւ ասաց, որ պետք է վերցնենք: Ես համաձայնեցի եւ գնացինք Վիրջինիա: Դատարանի համապատասխան անձը, որ վկայականը պետք է տար, հարցրեց մեզ, թե կցանկանա՞նք արդյոք այդ պահին ամուսնանալ, որովհետեւ ամուսնության համար պատասխանատու աշխատակիցը հենց նոր էր վերադարձել ընդմիջումից: Ես ոչինչ չասացի եւ նայեցի Ջոնի դեմքին: Հետո մտանք դատավորի մոտ եւ շատ արագ ամուսնացանք: Ամուսնությունից տասը րոպե անց երկուսս էլ շոկի մեջ էինք, որ այդքան արագ ամուսնացել ենք, բայցեւ ուրախ էինք, որ այդպես ստացվեց, եւ ամեն մեկս վերադարձավ իր աշխատանքին: Մենք շատ հետաքրքիր ամուսնություն ենք ունեցել, եւ երբեք մեր համատեղ կյանքը ձանձրալի չի եղել: Ես իսկապես բավականություն եմ ստանում իմ ամուսնու հետ տարբեր թեմաներով զրուցելիս: Մենք ունեցել ենք նաեւ շատ դժվարին ժամանակներ, այնպես՝ ինչպես ցանկացած ընտանիք է ունենում: Հատկապես ամենալուրջ փորձությունն ունեցանք այս վերջին ժամանակները՝ կապված պաշտոնից հետկանչի հետ, եւ կարծում եմ, որ դա մի փորձություն էր, որի ժամանակ երեւում է մարդու իրական պատկերը: Եվ հիմա մենք ավելի սերտ ենք եւ մոտ, քան երբեւէ: Երբ մենք արդեն շատ ծեր լինենք, իրար հետ փայտի վառարանի մոտ խոսելու շատ բան կունենանք:
– Տիկին Էվանս, Հայաստանում դուք, որքան հայտնի է, մասնակցում էիք որոշ ծրագրերի:
– Այո, Ռիտա Պալյանի հետ զբաղվել ենք կանանց կրծքագեղձի քաղցկեղի բժշկական կենտրոնով: Նաեւ տիկին Բելլա Քոչարյանի հետ առողջապահական ծրագրերի մեջ եմ ներգրավված եղել: Բելլա Քոչարյանին ես շատ հավանում եմ, նա շատ կիրթ, խելացի եւ համակրելի է: Այդ ծրագրին նաեւ աջակցել է իմ ամուսինը: Վաշինգտոն գնալուց հետո հավանաբար կշարունակեմ մնալ այդ ծրագրերի հոգաբարձուների խորհրդի կազմում եւ կփորձեմ աջակցել, գումարներ հայթայթել այդ կենտրոնի համար:
– Դիվանագետի կին լինելը մարդկանց հետ փոխհարաբերություններում, փողոցում, կենցաղում շա՞տ բան է պարտավորեցնում:
– Մենք մեր կարիերայի ընթացքում սովորել ենք դիվանագետ լինել եւ ապրել այդ կյանքով: Արտաքին ծառայություններում երկար տարիների մեր աշխատանքը մեզ սովորեցրել է այդ կյանքին: Իհարկե, լինում են դեպքեր, երբ գործի կամ պաշտոնի բերումով ստիպված ես լինում սեղան նստել նաեւ տարբեր մարդկանց հետ, բայց դա էլ է շատ հետաքրքիր, որովհետեւ միշտ նոր բաներ ես տեսնում: Ամուսնուս հետ որեւէ տեղ գնալիս ամեն ինչ մի քիչ այլ է, որովհետեւ բոլորը նրան ճանաչում են: Բայց ինձ շատերը չեն ճանաչում: Ես բոլոր կանանց պես գնում եմ վարսավիրանոց՝ իմ վարսավիրի մոտ, անում եմ այն, ինչ անում են սովորական մարդիկ, եւ ընդհանրապես մենք սովորական մարդիկ ենք: