Սադախլո. ոչ միայն շուկա

06/05/2005 Գիգա ՉԻԽԼԱՁԵ

Սադախլոյում ապրող ադրբեջանցիները տարբերվում են իրենց շատ
հայրենակիցներից: Իրենց հարեւան հայերի հետ նրանք զբաղվում են բիզնեսով,
էլեկտրաէներգիա ստանում են Հայաստանից, գինի են սարքում ու միջէթնիկական
խնդիրների մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ վրացի մաքսավորները
նրանցից խլում են մաքսանենգ ապրանքները: Սադախլոն մեծ ադրբեջանաբնակ գյուղ
է, որը գտնվում է Վրաստանի ու Հայաստանի սահմանին եւ հաճախ է հայտնվում
Հարավային Կովկասի բոլոր 3 երկրների ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Սադախլոյի շուկան ուղղակի ասելիք է դարձել: Չնայած ամեն մեկն ունի իր
ասելիքը:

Ծնունդը

Իր գոյության վերջին 13 տարիներին այս շուկան տասնյակ փոփոխություններ է
տեսել: 4 տարի` 1991-1995-ը, այն գործում էր անօրինական: Շրջանի այն
ժամանակվա նահանգապետ Լեւան Մամալաձեն հասկացավ, որ չի կարող այն փակել:
Եվ հետո էլ` ինչո՞ւ մորթել ածան հավին: Մի խոսքով, 1995-ին նախագահ
Շեւարդնաձեի հրամանով ստեղծվեց սահմանային հատուկ առեւտրային գոտի:
Այսինքն` արդեն գոյություն ունեցող շուկային պաշտոնական կարգավիճակ տրվեց:
ՈՒ եթե շուկան սկսվում է վաճառասեղանից, այս մեկը սկսվեց
մաքսանենգությունից: Մինչեւ վերջին տարիները ապրանքի 99%-ը մաքսանենգ էր,
իսկ սպանություններն ու թալանը այնքան հաճախակի էին, որ մամուլն անգամ
դադարեց այդ մասին հաղորդելուց: Բայց իրավիճակը կամաց-կամաց փոխվեց,
հատկապես նոր իշխանությունների օրոք: Դրա պատճառը ոչ միայն
իշխանություններն են, այլ նաեւ վերաբերմունքը իշխանության նկատմամբ:

Բիզնեսն՝ ընդդեմ պատերազմի

Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Վրաստանն ու Հայաստանն իրար միացնող
կամուրջը, որն անցնում էր Սադախլոյով, փակվեց վրացական կողմի
նախաձեռնությամբ` միջադեպերից խուսափելու համար: Հետո այն մի քանի անգամ
բացեցին, նորից փակեցին, պայթեցրին, հայտնի չէ, թե ում նախաձեռնությամբ:
Բայց քանի այն բաց էր, կամրջին կանգնում էր մի ծեր ադրբեջանուհի ու իր
բանջարանոցից ինչ-որ բաներ էր վաճառում: Նրան ասում էին. «Գնա, թե չէ
հայերը կարող են կրակել»: Բայց նա մնում էր կանգնած: Շուտով սահմանակից
հայկական գյուղի հայերը սկսեցին նրանից ապրանք առնել: Հենց այնպես, նրան
օգնելու համար, չնայած այն ժամանակ բոլորի համար էլ ծանր ժամանակներ էին:
Ահա այսպիսին էր ժողովուրդների բարեկամությունը պատերազմի ամենաթեժ օրերին:
– Ո՛չ ադրբեջանցիք, ո՛չ հայերը պատերազմ չէին ուզում: Ինքդ ես հասկանում,
որ այստեղ երրորդ ուժ կար,- ասում է ինձ գամգեբելին` Սադախլոյի գյուղապետ
Ֆահրադ Ջոլիեւը,- հասարակ ժողովրդին պատերազմը ձեռք չի տալիս: Եթե կռվես,
ո՞վ պիտի քեզ դրա համար փող տա:
Բայց ինչպե՞ս էին հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առեւտուր անում կռվի
ամենաթեժ պահին: Հայերն այն ժամանակ ընդգծում էին, որ Սադախլոյի
բնակիչներն իրենց համար ոչ թե պարզապես ադրբեջանցիներ էին, այլ առաջին
հերթին Վրաստանի քաղաքացիներ: Ասենք, հիմա այդ մասին էլ ոչ ոք չի հիշում:
Կարեւոր չէ` դու թբիլիսցի՞ ես, բաքվեցի՞, երեւանցի՞, թե՞ Սադախլոյի
բնակիչ, առեւտրի վրա դա արդեն չի ազդում:

Շուկան՝ իբրեւ կռվախնձոր

Չի կարելի ասել, թե այսօր այստեղ լիակատար խաղաղություն է տիրում:
Միջադեպերը քիչ չեն: Պատճառներն են շուկան, ալկոհոլը, մաքսանենգությունն
ու կաշառքը: Բայց ամեն ինչ սկսվում է շուկայից: Ճիշտ է, հայերի ու
ադրբեջանցիների միջեւ կոնֆլիկտները կարելի է մատների վրա հաշվել: Չնայած
եւ՛ Բաքվի, եւ՛ Երեւանի մամուլը հակառակն է գրում: Օրինակ` «Սահմանապահ
Վախթանգ Սիխարուլիձեն, որը կրակել ու սպանել էր ադրբեջանցի մի մաքսանենգի,
հայկական ծագումով Վրաստանի քաղաքացի է»: Կամ` «Սահմանապահ Նուգզար
Թավարթկվիլիձեն, որը հրազենից վիրավորել է կարգը խախտած մի հայի,
ազգությամբ ադրբեջանցի է»: Կենցաղային կոնֆլիկտներում ազգային հետք
փնտրելու փորձերը բավականին հաճախակի են, սակայն իրականում դրանք մեծ
մասամբ կապված են մաքսանենգության, կաշառակերության ու սահմանը խախտելու
հետ: Այս տարի մաքսավորները նույնիսկ ստիպված էին փակելու Հայաստանից
Սադախլո տանող մի քանի գյուղամիջյան ճանապարհներ, որ մաքսանենգներին
ստիպեն անցնելու Թբիլիսի-Երեւան ավտոմայրուղու վրա գտնվող մաքսային
անցակետով: Դա իջեցրեց մաքսանենգության մակարդակը, բայց չվերացրեց այն:
Միանշանակ կարելի է ասել, որ ազգային հարցերի մասին այստեղ հիշում են
միայն այն ժամանակ, երբ բիզնեսի հետ կապված խնդիրներ են ծագում: Օրինակ`
երբ խլում են մաքսանենգ ապրանքը: «Որովհետեւ ես ադրբեջանցի (հայ) եմ»,-
գոռում է վրդովված մաքսանենգը: Կամ՝ «Եթե վրացի լինեի, բաց կթողնեիք»:
Նույն պատճառով ժամանակին Թբիլիսիին մեղադրում էին, որ Սադախլոյի բոլոր
ղեկավար պաշտոններում նշանակվում են վրացիներ, ոչ թե ադրբեջանցիներ: Բայց
Սադախլոյի գյուղապետարանում ես միայն ադրբեջանցիներ եմ տեսել: Ինչ
վերաբերում է շուկայի աշխատողներին, ապա 96 հոգուց 86-ը ադրբեջանցիներ են:
Իսկ ա՛յ, շուկայի ղեկավարության երկու երրորդը վրացիներ են, բայց, ինչպես
ասաց Ֆահրադ Ջոլիեւը՝ «մարդուն պիտի գործի ընդունել ոչ թե ըստ ազգության,
այլ ըստ նրա աշխատանքի»:

Հարց կա՞, եղբայր

Մամուլում հաճախ են գրում Սադախլոյի շուկայի մասին` որպես գործազուրկ
մարդկանց միակ հնարավորության` ծայրը ծայրին հասցնելու: Բայց ի՞նչ ծայրը
ծայրին հասցնելու մասին է խոսքը. այստեղ առեւտրով զբաղվողներն ավելի շատ
են վաստակում, քան Վրաստանի մյուս շրջաններում ապրողները: Իրական բիզնեսը
բերում է իրական եկամուտ:
– Ի՞նչ բիզնես, բիզնեսն էն է, երբ եկամուտ ունես, իսկ ես այսքան տարի
առեւտուր եմ անում ու մենակ հացի փող եմ աշխատում,- ասում է
առեւտրականներից մեկը` Նուգզարը: Նա ոտքից գլուխ թաղված է ոսկիների մեջ ու
հենված է իր նոր «Մերսեդեսին»: Նա վաճառում է թանկարժեք արտասահմանյան
նարինջ ու անանաս:
– Չէ, եղբայր, մենք պրոբլեմ չունենք,- ասում է Ռովշանը, որը Սադախլոյում
կիլկի է ծախում,- ծախող կա, առնող կա: Իմ ի՞նչ գործն է, թե ով է առնում`
հա՞յ, վրացի՞, թե՞ ադրբեջանցի: Մենք իրար չենք խանգարում, օգնում ենք:
– Ես մի երեւանցի կնոջ եմ ճանաչում այստեղ, միշտ պարտքով է ապրանքն
առնում,- ասում է Գյունդուզը: -Երեկ էլ 3000 դոլարի ապրանք եմ տվել: Մի
շաբաթից պարտքը հետ կտա: Այդպես շատերն են անում, եթե մեկս մյուսին
չհավատանք, առեւտուրը կկանգնի:

Իսկ Քոչարյանը դեմ է

Այստեղ պատմում են, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ վարչապետ եղած ժամանակ
ուզեցել է փակել Սադախլոյի շուկան (չնայած պարզ չէ, թե ինչպես, որովհետեւ
սա Վրաստանի տարածքն է): Բայց որ նա այդ մասին ասել է, կարելի է հավատալ:
Չէ՞ որ Հայաստանից դուրս բերված ամեն 1000 դոլարից հանրապետություն հետ էր
գալիս ընդամենը 100-ը, մնացածը ներկրվում էր ապրանքի տեսքով: Քոչարյանը դա
համարում էր տնտեսապես վնասաբեր, սակայն իրերի դրությունը մինչեւ օրս չի
փոխվել: Հայաստանից գալիս են հիմնականում առնելու, իսկ ծախելու համար
Վրաստան են բերում միայն կարտոֆիլ ու ձուկ: Մնացած ապրանքը Հայաստան
ներմուծվում է, իսկ կանխիկ փողը մնում է Վրաստանում ու Ադրբեջանում:
Իհարկե, այս անհամաչափությունը չէր կարող չհուզել վարչապետին: Այսօր
հայկական կողմը պնդում է, որ շուկան տեղափոխվի Հայաստանի տարածք: Մյուս
կողմում արդեն տեղ է առանձնացվել, ասֆալտապատվել, հարմարավետ
վաճառասեղաններ են կառուցվել, ջուր ու լույս կա: Որպեսզի Հայաստանի
կողմում առեւտուր անող փոքրաթիվ ադրբեջանցիներին ոչ ոք չնեղացնի,
ներգրավված են մի քանի ծառայություններ: Սահմանապահներն ու մաքսավորները
զգուշացված են, տեղի հատուկ ծառայությունները երաշխավորում են
անվտանգությունը: Բայց շուկայի մեծ մասը դեռեւս Վրաստանի տարածքում է:
Ճիշտ է, այստեղ առեւտուր անում են հիմնականում հայկական դրամով, միայն
Թուրքիայից բերված հագուստն են դոլարով առնում: Եվ այդ ամենը՝ չնայած այն
բանին, որ մեծ ցուցանակի վրա գրված է, որ լարիից բացի, այլ տարադրամով
առեւտուր անելն անօրինական է, եւ դրա համար տուգանքներ են նախատեսված:
Բայց այդ դեպքում ստիպված կլինեն տուգանելու բոլորին անխտիր:

Կոնտակտ կա

Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կառավարությունները ժխտում են հայկական
կողմի հետ որեւէ շփման հնարավորությունը: Բայց իրականում շփումներ կան: Եվ
հիմքում ընկած է բիզնեսը: Թուրքիայից ու Ադրբեջանից Սադախլո շատ ապրանքներ
են բերում, դրանով զբաղվում են նաեւ բաքվեցիները: Բայց դժվար թե նրանցից
որեւէ մեկը տանն ասում է, որ ապրանքի մեծ մասը գնում է Հայաստան: Այդպիսի
բիզնեսով կարող են զբաղվել Վրաստանի քաղաքացիները` անկախ ազգությունից,
բայց բաքվեցիների դեպքում իրավիճակը մի փոքր այլ է: Ահա Բաքվի պաշտոնական
շրջանակներում իշխող կարծիքը Հայաստանի հետ գործարար կապերի մասին.
«Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են սառեցված պատերազմի վիճակում: Եթե
որեւէ ադրբեջանցի բիզնեսմեն գաղտնի կերպով Հայաստան ապրանք է ուղարկում,
անկասկած է, որ բացահայտվելու դեպքում այդ մարդը լուրջ խնդիրներ կունենա»:
Երեւանում հայ-ադրբեջանական առեւտրական կապերին անհամեմատ դրական են
վերաբերվում: Թեեւ դա հասկանալի է…
Սադախլոյում բավականին հաճախ կարելի է հանդիպել հայերի ու ադրբեջանցիների,
որոնք ընկերություն են արել մինչեւ պատերազմը: Այդպիսի հանդիպումները
նշում են հենց Սադախլոյում, ընկերությունն էլ շարունակվում է, եւ
հիմնականում՝ հենց շուկայում: Ընկերություն անելու ուրիշ հնարավորություն
երկու երկրների քաղաքացիները չունեն:

Հեղափոխություններին` ուռա

Տեղի գյուղապետարանում բնականաբար խոսում էին հետհեղափոխական
բարելավումների մասին: Նախ` էլեկտրաէներգիա կա (Սադախլոյում այն չի եղել
վերջին 8 տարիներին), որ ստանում են Հայաստանից, երկրորդ` վերանորոգվել է
Սադախլո-Մառնեուլի ճանապարհը (35 կմ): Երրորդ` մարվել են աշխատավարձի ու
թոշակի բոլոր պարտքերը: Չորրորդ՝ հարկահավաքության հետ կապված բոլոր
խնդիրները լուծված են: «Առաջ պարզ չէր՝ ո՞վ է հավաքում, ե՞րբ են հավաքում:
Հիմա այդպես չէ, գալիս է միայն շրջանի հարկային ծառայությունը»: Էլի մի
երկու այսպիսի հեղափոխություն, ու Վրաստանը կդառնա երկրորդ Շվեյցարիա: Սա՝
իմիջիայլոց:

Սադախլոն՝ անդրկովկասի մայրաքաղաք

Միանշանակ կարելի է ասել, որ Սադախլոն ողջ Քվեմո Քարթլիի ամենամեծ ու
բարեկեցիկ գյուղն է: Այստեղ ապրում է 12.000 մարդ: Բացի համեմատաբար
բարեկեցիկ լինելուց՝ նշենք նաեւ, որ այստեղ շատ է երիտասարդությունը:
Վրաստանի գյուղերի մեծ մասից ադրբեջանցի երիտասարդները սովորաբար հեռանում
են տարբեր երկրներ՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա եւն, իսկ այստեղ ամեն
ինչ այլ է: Ուսում ստանալու համար այլեւս Բաքու չեն գնում, որտեղ էլ հետո
մնում էին, այլ՝ գնում են Մառնեուլի ու Թբիլիսի: Ռուսաստան նույնպես չեն
մեկնում. վախենում են: Ահա այսպիսի տարօրինակ պլյուս ռուս-վրացական
հարաբերությունների մինուսներից: Բայց գլխավորն այն է, որ աշխատանք ունեն:
Պաշտոնապես շուկայում 2000 վաճառատեղ կա, բայց իրականում, հատկապես
երեքշաբթի օրերին, վաճառողների թիվը 2-3 անգամ ավելի է լինում:

Հ.Գ.-ի փոխարեն

Իրականում հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում են միմիայն այն
պատճառով, որ բիզնեսը նրանց համար ազգամիջյան կռիվներից ավելի կարեւոր է:
Եթե Սադախլոյում շուկան չլիներ, հնարավոր է, որ ամեն ինչ այլ կերպ լիներ:
Կովկասում սիրում են չափազանցնել իրենց ազգի առավելությունները՝ ի հաշիվ
մյուս ազգերի նույնպես չափազանցված թերությունների: Իսկ դա արդեն կռվի
առիթ է:
Իսկ վրացինե՞րը: Մինչ հայերն ու ադրբեջանցիները զբաղվում են բիզնեսով,
վրացիները նախընտրում են կաշառք վերցնել թե՛ մեկից, թե՛ մյուսից,
մանավանդ, որ զբաղեցնում են համապատասխան պաշտոններ՝ վերահսկող, ստուգող,
ղեկավարող: Ցանկացած ազգության ներկայացուցիչ այդպես է վարվում, ուղղակի
այս դեպքում երեւում են հենց վրացիները, եւ դա է հաճախ առաջացնում
Սադախլոյի բնակիչների դժգոհությունը:
Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակն այստեղ զվարճալի է: Մի մասն ուզում է,
որ թույլ տան անցկացնել մաքսանենգ ապրանք, ու հարկ չմուծել: Մյուսներն
ուզում են կաշառք վերցնել, իսկ հիմա նաեւ՝ պետբյուջե մուծել հարկավոր
գումարները: Իսկ մաքսանենգության գոյությունը բոլորին անխտիր ձեռք է տալիս: