Ֆանատիզմի տխուր հետեւանքները

10/09/2006

Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ֆուտբոլի ազգային հավաքականների` «Հայաստան-Բելգիա» հանդիպումից մեկ օր անց, Կենտրոն համայնքի Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքի կաթսայատան հորում հայտնաբերվել է Երեւան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի թիվ 12 տան բնակիչ, 1988-ին ծնված Վ. Ղազարյանի դիակը: Դեպքի վայր մեկնած Հայաստանի փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման օպերատիվ խմբի փրկարարները երեկոյան ժամերին դին դուրս են բերել հորից եւ հանձնել իրավապահ մարմիններին: Ըստ «Արմինֆոյի», նախնական տվյալների համաձայն, Վ. Ղազարյանը սեպտեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում, գնացել է մարզադաշտ` դիտելու ՀՀ ազգային հավաքականի խաղը, եւ այնտեղից այլեւս տուն չի վերադարձել: ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը մեզ հաղորդեց, որ նախնական քննության ընթացքում պարզված տվյալների համաձայն, Վ. Ղազարյանն իր ընկերների հետ գնացել է ֆուտբոլային խաղը դիտելու, սակայն տոմս չունենալու պատճառով նրանց չի հաջողվել մարզադաշտ մտնել: Տղաները փորձել են ներս «սողոսկել»` մագլցելով ցանկապատի վրայով, ինչն էլ փաստորեն ճակատագրական է դարձել Վ. Ղազարյանի համար: Ֆուտբոլի «ֆանատ» երեք տղաներին հաջողվել է հաղթահարել ցանկապատը, իսկ Վ. Ղազարյանն ընկել է չգործող կաթսայատան հորը` մազութի մեջ: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով, մահվան պատճառ հանդիսացել է շնչահեղձությունը:

Ն. Մ.