Գումարներն ու գաղափարները՝ «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում

10/09/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Փառատոնի 10 օրերի ընթացքում իրենց ներկայացումները կցուցադրեն Ռուսաստանից, Իսպանիայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Լատվիայից, Արգենտինայից, Խորվաթիայից եւ այլ երկրներից ժամանող թատերական կոլեկտիվները։ «Հայֆեստը» 300-ից ավելի հյուր է ունենալու։ Փառատոնի բացումը տեղի կունենա Երեւանի տիկնիկային թատրոնի շենքում, որտեղ նորաստեղծ եւ Մոսկվայում շատ պոպուլյար «Պրակտիկա» թատերախումբը կներկայացնի իր նոր՝ «Պիես փողի մասին» ներկայացումը։ «Պրակտիկան» հիմնադրել է «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի պրոդյուսեր Էդվարդ Բոյակովը։ Թատրոնն իր մեկ տարվա կյանքի ընթացքում հասցրել է մեծ թվով հանդիսատես ձեռք բերել եւ հայտնի է իր քաղաքական եւ սուր սոցիալական ուղղվածություն ունեցող բեմադրություններով։ «Մեզ հետաքրքրում են միայն ժամանակակից կենդանի դրամատուրգների գործերը»,- ասել է թատրոնի ղեկավարը եւ բեմադրել փողի քանակով ամեն ինչ չափող սերնդի մասին պատմող պիեսը, որի հեղինակը լրագրող Վիկտորիա Նիկիֆորովան է։ Ուշագրավ ներկայացումներ են ցուցադրելու Բարսելոնայից ժամանած Նիկո Բայխասը, Մեծ Բրիտանական «Նայթինգեյլ» թատրոնը, որը կներկայացնի հայտնի անգլիացի դերասան Էդմուն Քինի մասին պատմող «Ողբերգակը» ներկայացումը, եւ այլ թատերախմբեր։ Երեւանում հայտնի թատերական գործիչները կվարեն վարպետության դասեր եւ սեմինարներ։

Թատրոն են գալիս նոր մարդիկ, նոր հերոսներ եւ նոր հեղինակներ։ «Հայֆեստ» փառատոնը փորձ է անելու ցուցադրել, թե ինչպիսի՞ն են այդ նորերը՝ տարբեր ազգությունների թատերական գործիչների մեկնաբանմամբ։ Եվ, ինչպես միշտ, փառատոնի հյուրերի ցանկում շատ կլինեն պրոդյուսերները, արտ-մենեջերները եւ թատերական փառատոների կազմակերպիչները։ Թատերական նորություններ որոնող մասնագետների համար «Հայֆեստը» լավ հող է հանդիսանում. փառատոնը նոր հրավերների եւ հյուրախաղերի առիթ է տալիս։ «Հրավերներ շատ են եղել եւ լինելու են, բայց խնդիրը նրանում է, որ հրավերը պետք է կարողանանք ընդունել»,- ասում է «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը, ով ցավում է, որ հայ դերասաններն ու ռեժիսորները, որպես կանոն, հյուրախաղերի եւ այլ փառատոների մեկնելու հրավերներ շատ են ստանում, բայց մեկնելու հնարավորություն չեն ունենում։ «Մշակույթի նախարարությունը փող չի տալիս։ Նույնիսկ, եթե թատերախմբին հոնորար են առաջարկում, շատերը, միեւնույն է, չեն կարողանում մեկնել, քանի որ ճամփորդական ծախսեր են հարկավոր լինում»,- ասում է նա։ Մշակույթի նախարարությունը գումար չի հատկացնում նաեւ «Հայֆեստի» անցկացման համար։ Մինչդեռ շատ թատերախմբեր Հայաստան են գալիս՝ հիմնականում նոր հրավերների ակնկալիքներով։ «Ղազախստանի «Արտիշոկ» թատրոնը՝ մասնակցելով «Հայֆեստին»` բազմաթիվ, խելքից դուրս առաջարկներ է ստացել, շատ հրավերներ են ստանում նաեւ մեր Մնջախաղի, Տիկնիկային եւ Մալյանի անվան թատրոնները»,- ասում է Ա. Ղուկասյանը։ Հենց գումարային խնդիրների պատճառով Ժիրայր Դադասյանի ղեկավարած Մնջախաղի թատրոնը չկարողացավ մեկնել Բրյուսել՝ մասնակցելու համար շատ հեղինակավոր փառատոնի, իսկ ռեժիսոր Վահան Բադալյանը գումարային խնդիրների պատճառով՝ մերժեց Իսրայելում աշխատելու առաջարկը։ Հայաստանի թատրոնները տարիներ շարունակ աշխատում են նույն սխեմայով, նույն գլխավոր ռեժիսորները բեմադրում են ներկայացումներ, որոնցից շատերը ժամանակավրեպ եւ հնացած են (թեեւ՝ դասական գործերի հիման վրա են արված), եւ կորցնում են իրենց հանդիսատեսին։ Մինչդեռ ավելի մոբիլ եւ փոքրաթիվ թատերախմբերով կամ անտրեպրիզային սկզբունքով աշխատող դերասանների եւ բեմադրիչների ներկայացումներն ավելի մեծ հաջողությամբ են ընկալվում հանդիսատեսի կողմից։ Այդպիսի փորձեր կան Հայաստանում, եւ հենց նման (հիմնականում՝ զվարճալի) բեմադրություններն են որոշ աշխուժություն մտցնում մեր երկրի թատերական կյանքի մեջ։ Այսօրվա կյանքի մասին այսօրվա լեզվով խոսող հերոսներ են հարկավոր, որոնց հայտնվելը կարող է թատրոնի եւ նաեւ՝ հասարակության յուրատեսակ վերածնունդ դառնալ։ Ժամանակի շունչը թատրոնի բեմ տեղափոխելու համար շատ հետաքրքիր փորձ է արել աշխարհի հնագույն` Էդինբուրգի թատերական փառատոնը (որի ադմինիստրատիվ տնօրեն Մայքլ Գրիֆիտն, ի դեպ, շուտով Երեւան է ժամանելու), որտեղ ցուցադրվել են բլոգերի՝ ոչ թե պրոֆեսիոնալ դրամատուրգների, այլ՝ սովորական մարդկանց օրագրերի, դիտարկումների եւ գրառումների հիման վրա ստեղծված բեմականացումները։ Թատրոնը մեկընդմիշտ սառեցված եւ անփոփոխ արվեստ չէ, այլ կարող է եւ պետք է այսօրվա կյանքի մասին խոսել, նույնիսկ, եթե դա անում է դասական գործերի օգնությամբ։ Թատրոնը հասարակության փոքրացված մոդելն է, որն այսօր Հայաստանում աչքի է ընկնում անտարբերությամբ եւ պասիվությամբ։ Գուցե այդ պատճառով էլ «Հայֆեստ» փառատոնը մեծ թվով երիտասարդ հանդիսատես է ունենում, քանի որ երիտասարդներին պասիվությունը հակացուցված է։