Զոհվել է Արարատից իջնելիս

10/09/2006

Նախօրեին իտալացի մի կին-լեռնագնաց զոհվել է Արարատի գագաթից իջնելիս, մեկ այլ լեռնագնաց էլ անհետ կորել է: Թուրքիայի Ագրի նահանգի իշխանությունները, ըստ «Անադոլու» գործակալության, տեղեկացրել են, թե լեռնագնացը, որի ինքնությունը դեռ չի պարզվել, 10 այլ լեռնագնացների հետ նախօրեին հասել էր Արարատի գագաթը (5165մ), սակայն իջնելիս 4200մ բարձրության վրա խումբը հայտնվել է ձնաբքի կենտրոնում: Կին-լեռնագնացն ընկել է անդունդը, իսկ երկրորդ լեռնագնացը, որի մասին տեղեկություններ չկան, անհետ կորել է: Լեռնագնացները բջջային հեռախոսով կապվել են նահանգի իշխանությունների հետ, որոնք էլ կազմակերպել են փրկարարական աշխատանքները: Նահանգի իշխանությունները տեղեկացված չեն եղել լեռնագնացների արշավախմբի մասին: Արարատ լեռան հիմնական մասը փակ ռազմական գոտի է, եւ լեռնագնացները պարտավոր էին ստանալ իշխանությունների թույլտվությունը՝ լեռը բարձրանալու համար: