Իրեն հին երեւանցի համարող լուսանկարիչ ուստա Միշային հատկապես ճանաչում են Պապլավոկ սրճարանի հաճախորդները: Լուսանկարչական սարքերը պարանոցից կախ գցած Միշա Պետրոսյանն այլեւս այն ինքնավստահությամբ չի շրջում Տերյանից մինչեւ Խանջյան տանող փողոցներով, որովհետեւ նոր Երեւանում իրեն կաշկանդված է զգում:
«Ես որակազրկվել եմ թե՛ որպես լուսանկարիչ, թե՛ որպես մարդ: Որպես լուսանկարիչ` Երեւանին ու երեւանցիներին պետք չեմ, ժամանակները փոխվել են, իսկ որպես մարդ՝ ինքս ինձ պետք չեմ: Եթե մարդ զգում ա, որ ինքը որակազրկվել ա, ինքն իրան ո՞նց կհարգի»,- դժգոհում է ուստա Միշան, ով Պապլավոկ սրճարանում ժամանակին շատ ճանաչված մարդկանց է լուսանկարել: Ասում է, որ մեր օրերում հեղինակավոր մարդիկ այլեւս փողոցային լուսանկարչի մոտ չեն նկարվում: «Էն տարիներին Ռուսաստանից եկած հյուրերին էի նկարում՝ Սելեզնյովին, շատ դեսպանների, նախարարների եմ նկարել»: Խորհրդային տարիներին «Երարշինտրեստ» գործարանում հյուսնի մասնագիտությամբ աշխատած Միշան որոշել է ինքնուս լուսանկարչությամբ զբաղվել եւ իր հանգստի կիրակի օրերը նվիրել է այդ գործին: «Ողջ շաբաթը շինարարության վրա էի աշխատում, բայց աշխատավարձս չէր բավականացնում, բնակարանի պրոբլեմ ունեինք, որոշեցի լուսանկարել: Կիրակի օրերին գնում էի Հանքավան, Աղվերան, Ծաղկաձոր, Սեւան՝ մարդկանց նկարելու»,- պատմում է լուսանկարիչն, ով հանգստյան գոտիներից հետագայում իր գործունեությունը տեղափոխել է մայրաքաղաք, մասնավորապես` Պապլավոկի մերձակայք: Նախկինում բարձր գնահատվող ուստա Միշայի լուսանկարչական սարքերի վրա այլեւս ուշադրություն դարձնող չկա, քանի որ մարդիկ հիմնականում նկարվում են լուսանկարչական թվային սարքերով եւ բջջային հեռախոսներով: «Է՜հ, պրոբլեմներ, պրոբլեմներ…»,- հեգնում է նա ու ասում, որ ինքը «խնդիր» բառը չի օգտագործում, որովհետեւ պրոբլեմը միջազգային բառ է, ու լավ է հնչում: Ճիշտ այնպես, ինչպես 30 տարվա իր սովետական լուսանկարչական ապարատներն են այժմ գործածությունից դուրս եկել, ու «ֆիրմաներն» ի հայտ եկել, այդպես էլ, ըստ նրա, որոշ բառեր են հնացել, դրա համար էլ նա գոնե բառերով ուզում է մարդկանցից ետ չմնալ: Առավոտից մինչեւ երեկո փողոցներով շրջող Միշան շաբաթվա մեջ լավագույն դեպքում ունենում է 1-2 պատվեր: Պապլավոկից մինչեւ Երեւանի պետական համալսարան շրջող լուսանկարչին հաճախ վիրավորում են օբյեկտների տերերը՝ ասելով, որ իր ծառայություններն այլեւս մարդկանց համար պիտանի չեն: Իսկ որոշ օբյեկտի տերեր էլ գումար են պահանջում Միշայից, որպեսզի թույլ տան իրենց տարածքում մարդկանց լուսանկարել: Թեեւ Միշան լուսանկարչական իր կարիերան այլեւս համարում է ձախողված, այդուհանդերձ, չի դադարում «աշխատանքի» գալ, որովհետեւ տանը «Եվայի ցեղից» մեկը կա, որին ապրելու համար փող է պետք: «Է՜հ, էդ Եվայի ցեղը, խիշչնիկ ցեղ ա, խիշչնիկ: Կնոջս որ ասում եմ` մի հատ թվային ապարատի ճար անենք՝ քիչ ա մնում քարը վեկալի տա գլխիս: Ասում ա՝ ցնդե՞լ ես, կիսապրոֆեսիոնալ ապարատի համար 1500 դոլար որտեղի՞ց ճարենք»,- կնոջ ու իր երկխոսությունը պատմելով` կատակում է նա: «Մի ժամագործ ընկեր ունեմ, որն իմ նման անգործության է մատնվել: Ամեն ինչ բջջայինով ա արվում: Էսօր տղային տեսա, ասում ա՝ պապան գործը թողել ա, բջջային հեռախոսների վրա ժամացույց կա, էլ ժամացույց կապող չկա: Ախր ինքն էլ երիտասարդ ա, մարդն անգործ մնաց»,- ցավով նշում է լուսանկարիչն ու վստահեցնում, որ իր հաճախորդ զբոսաշրջիկների մեծամասնության ամեն մեկի պարանոցից արդեն 2 լուսանկարչական սարք է կախված: «Ինձ արդեն ծաղրում են: Ջահելները նայում են սովետական ապարատներիս, հանում են իրանց բջջայիններն, ասում են՝ հոպա՛ր, ուզո՞ւմ ես` քեզ նկարեմ, ա՛յ տենց ծիծաղում են վրաս»: Ասում է, որ նոր Երեւանն իր հետ բերել է անարդարությունների շղթա, ու իր ճանաչած կարգին, մտավորական հին երեւանցիները 100 աստիճանի վրա գլխիվայր շրջվել են. «Շատ ճանաչված մարդիկ, որոնց հետ երկար տարիներ շփվել եմ, էսօր գալիս են ստեղ` աղբարկղերից շիշ հավաքելու»,- հավատացնում է նա՝ խորհուրդ տալով չխաբնվել սրճարանների մարդաշատությանը, քանի որ դրանք հիմնականում 200 դրամ արժեցող, 1 գավաթ սուրճ կամ թեյ խմող, 2 ժամ նստող մարդիկ են: Դրամատիկական թատրոնից քիչ հեռու գտնվող նորակառույցը մատնացույց անելով` Միշան հիշում է, որ նախկինում այդ շենքը եղել է փորձարարական կենտրոն, որտեղ առնետների, նապաստակների վրա գիտական փորձարկումներ են կատարել: Իսկ այսօր տեղն էլիտար բնակելի շենք են կառուցում, որը վաճառելու են առասպելական գներով: Նա համարում է, որ Երեւանի գեղեցիկ ճարտարապետական կոլորիտն իսպառ ջախջախվում է ու նախշերի, կամարների պատմությանը փոխարինում է մոդեռն ոճը, որը ստանդարտ չափանիշներ ունի: «Դրանք բարդ ճարտարապետությամբ կառուցված շենքեր էին, մեծ ծախսեր ու աշխատանք էին պահանջում, իսկ հիմա վազում են հեշտին՝ բետոնապատում, սալիկապատում են, ու շենքը պատրաստ ա»: Միշայի ամենասիրած սրճարանը՝ Պապլավոկը, այլեւս կորցրել է իր համն ու հոտը, որովհետեւ հաճախորդները փոխվել են: «Հաճախորդների էն հետաքրքիր մասսան այլեւս գոյություն չունի, բոլորն ամերիկաներում են: Հիմա ցածր խավի մարդիկ են գալիս: Ես ընդհանուր առմամբ չեմ ուզում դժգոհեմ, ուղղակի տանը չեմ կարում նստեմ, ինձ համար կնգա հետ տանը նստելը մահ ա, մահ: Ժամանակին 2-3 տեղ աշխատել, տունը լավ պահել եմ: Հիմա 68 տարեկան, թոշակառու եմ, թող պետությունը մի քիչ ավեիլ, թոշակ տա, որ մարդկանց ընտանիքում կարիքների պատճառով վիճաբանություններ չլինեն: 14.000 դրամ թոշակ եմ ստանում, բայց կոմունալ ծախսերն էդ գումարից շատ են կազմում,- նեղսրտում է լուսանկարիչն՝ ասելով, որ 34 տարեկան իր տղան չի ամուսնանում՝ ասելով,- Եթե ամուսնանամ, երեխա ունենամ, հազիվ երեխա պահեմ, բա ծնողներիս ո՞նց պահեմ, ասում ա՝ էդ ժամանակ դուք եք սոված մնալու»: Երեւանի մեջ հին երեւանցին իր տեղը չի գտնում, որովհետեւ թերարժեք է իրեն զգում. «Չես պատկերացնում` ինչքան նեղված եմ: Եթե արտասահմանում բարեկամ ունենայինք՝ կթքեինք ու կգնայինք: Քաղաքն արդեն քաղաքի նման չի: Անարդարություն ա…»: Պապլավոկից մինչեւ ԵՊՀ ուսանողական թաղամաս համարվող տարածքում ամեն օր շրջող լուսանկարիչ Միշան եկել է այն համոզման, որ նոր սերնդի մոտ ծնողական դաստիարակությունը շատ ցածր մակարդակ ունի: Օրինակ՝ Պապլավոկի դիմացի այգում լուսանկարիչը տարիների ընթացքում շատ ծառեր է տնկել, բայց ուսանողներն անշնորհք կերպով դրանք «ճղնակոտոր» են անում: «Ծառի ծաղիկները պոկում՝ ընկերուհիներին են նվիրում: Ասում եմ՝ տղա ջա՛ն, դա անհոտ ծաղիկ ա, եթե ուզում ես քո աղջկան ծաղիկ «հյուրասիրես», դիմացի մայթում վաճառում են, առ՝ հյուրասիրի: Ծխում են, թքում են, աղբը թափում են ոտքի տակ, իսկ, երբ նկատողություն եմ անում, ասում են՝ դու ո՞վ ես, գնա ստեղից: Ասում եմ՝ հեչ որ չէ՝ Երեւանի քաղաքացին եմ: Ասում եմ՝ վաղը-մյուս օրը, որ քո բուհը ավարտես ու գնաս ինչ-որ մի ղեկավար պոստում աշխատես, քո ղեկավարած պոստն ի՞նչ պիտի լինի»,- դժգոհում է նա՝ ասելով, որ այգու ծառերի տակ մի աթոռ ունի, որտեղ ցերեկային ժամերին քնում է, որ մի քիչ հանգստանա, սակայն ուսանողները դիտմամբ գոռում են ականջի տակ, որ արթնացնեն ու ծերուկի վրա մի լավ ծիծաղեն: Իսկ գյուղերից եկած ուսանողները, նրա կարծիքով՝ հիմա շատ «հղփացած» են. «Գյուղից եկածը կարծում ա, թե քաղաքի այգին իրա ձմերուկի կամ պոմիդորի բոստանն ա, որ ինչ ուզենա՝ կանի»: 15-20 տարի մայրաքաղաքի փողոցները չափչփող լուսանկարիչը վստահեցնում է, որ երիտասարդները չեն սիրում Երեւանը, անտարբեր են, որովհետեւ բոլոր տղաներն ասում են, որ սովորելու, զինվորական ծառայության հարցը լուծելու են եւ մեկնեն Հայաստանից դուրս: «Սաղ ուսանողներն ասում են, որ ստեղ իրանք ապագա չունեն, բոլորի ուշքն ու միտքը դուրսն ա, դրա համար էլ հոգատար չեն Երեւանի հանդեպ: Ինչքան կարում՝ փչացնում են: Սպիտակ ցեղասպանություն ա, դու հաշվի, թե 1991-1992թթ.-ից ինչքան մարդ ա արտագաղթել»: