Երեկ տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Համաձայն մամուլի հաղորդագրության, 2004-2007թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված 99 միջոցառումները՝ ՀՀ օրենսդրության կատարելագործման եւ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, պետական կառավարման համակարգի, բանկային, հարկային ու մաքսային, առողջապահական, կրթական եւ այլ ոլորտներում բարեփոխումների ուղղություններով, հիմնականում կատարվել են: Կատարման ընթացքում է նաեւ 2004-2007թթ. նախատեսված 3 միջոցառումը, իսկ 5 միջոցառում, որոնք կրում են քարոզչական բնույթ, իրականացվում են պարբերաբար: Հանձնարարվել է, անկախ ծավալից, ամբողջությամբ հրապարակել իրականացված աշխատանքի մասին տեղեկատվությունը, որպեսզի հանրությունը եւս իրազեկ լինի, թե հակակոռուպցիոն բնույթի ի՞նչ միջոցառումներ են իրականացվել եւ դրանցից յուրաքանչյուրն ի՞նչ նպատակ է հետապնդել: Իսկ ամենակարեւորն, ըստ վարչապետի, անհրաժեշտ է խոսել ստացված արդյունքների մասին յուրաքանչյուր միջոցառման դեպքում, նշելով նաեւ դեռեւս առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Ամփոփելով քննարկման արդյունքներն, արձանագրվել է, որ հանձնաժողովը հաշվետու ժամանակաշրջանում իր առջեւ դրված ծրագրի իրականացումը հիմնականում ավարտել է, թեեւ նշվում է, որ բարեփոխումները դրանով չեն ավարտվի։