Ծաղկաձորում անցկացրած հանգիստն արտասահմանցի զբոսաշրջիկները այլեւս չեն
փոխի նույնիսկ աշխարհահռչակ Կուրշեւելի հետ, հետո՞ ինչ, որ վերջինս
ֆրանսիական է ու «էլիտար»: Այս տարի Ծաղկաձորը ոչ պակաս էլիտար վայր
դարձավ, խոստովանենք, որ առավելապես վերանորոգված հարմարավետ ճոպանուղու
շնորհիվ: 2,5 հազար մետր բարձրությամբ ճոպանուղու երկու հատվածներն արդեն
շահագործվում են, հաջորդ ձմռանը պատրաստ կլինի նաեւ երրորդը: Ճոպանուղու
ընթացքն ուղեկցվում է երաժշտությամբ ու, կարծես, «կոտրում» է ձյունածածկ
սարերի լուռ միապաղաղությունը: Թեպետ դա էլ էական չէ, երբ ցրտաշունչ
սարերում զրուցակից ունես: Այժմ դա եւս հնարավոր է, քանի որ նախկին խղճուկ
փայտե աթոռների փոխարեն տեղադրված են տաքացվող չորս եւ երկու տեղանոց
բազկաթոռներ: Մի խոսքով, հարմարավետության առումով կան բոլոր պայմանները,
բայց լավ ծառայության դիմաց միշտ վճարել է պետք: Ճոպանուղու տոմսի գինը
անցած տարվա համեմատ բարձրացել է կրկնակի անգամ: Մինչեւ առաջին հերթի
(այսպես են կոչվում կանգառները) տոմսն արժե 1000 դրամ, մինչեւ երկրորդը՝
500դրամ, մինչեւ չվերանորոգված երրորդ հերթը՝ 300 դրամ: Ճոպանուղով վեր
բարձրանալուն համընթաց բարձրանում են նաեւ գները սրճարաններում: Օրինակ,
եթե «ԾցՋրՍՏպ ՊՏրՑՏՌվրՑՉՏ» օղու 100 գրամն առաջին կանգառի սրճարանում
կարելի է գնել 400 դրամով, ապա երկրորդում այն արժե 1500 դրամ: Առաջին
կանգառից սահնակներ բարձրացնել չէր թույլատրվում՝ իբր նստարանները փչանում
են: Բայց երբ տեղաց առատ, իսկական ծաղկաձորյան ձյունը, վտանգը մոռացվեց,
փոխարենը՝ մրցակցություն սկսվեց սահնակները վարձով տվողների միջեւ:
Ինքնաշեն երկաթե սահնակները շարունակում էին «վտանգավոր» մնալ, իսկ
կանգառի կողքին շարվածների համար կանաչ լույսն ապահովված էր: Վարձատուներն
իրենք էլ չէին թաքցնում, որ «դրանք մերը չեն»: «Մերը» ասելով՝ հավանաբար ի
նկատի ունեին ճոպանուղու համալիր ծառայությունների տնօրինության տակ
գտնվող վարձակալվող յուրաքանչյուր սպորտային իր: Պետք է ենթադրել, որ
այսպիսով փորձ էր արվում կանխել սահնակների ստվերային բիզնեսը: Բիզնեսի
առումով առաջատար են, սակայն, «Բուրան»-ների տերերը: Էքստրեմալ հաճույքի
սիրահարները մեկ ժամ ադրենալինի համար վճարում են 50 ԱՄՆ դոլար, մեկ
պտույտի համար՝ 2000 դրամ: Հաճախորդների պակաս չէր զգացվում, Բուրանի
տերերից մեկը ոգեւորված էր հաջողությամբ. «Երկու հազար դոլար էլ աշխատեմ,
«Բուրան»-իս փողը կհանեմ»: Իսկ ավելի ռոմանտիկ խառնվածքի կամ նեղ
դրամապանակի տեր մարդիկ նախընտրում են հեծյալ զբոսանք: Պանսիոնատների ու
տնակների գները տատանվում են օրական 50 դոլարի սահմաններում, սնունդը՝ օրը
երեք անգամ, առանձին զվարճանքի վայրերը՝ լողավազան, սաունա, բիլիարդ եւ
այլն, վճարովի են, բայց շատերի համար՝ մատչելի:
Այս տարվա Ծաղկաձորը ողողված է օտարազգի զբոսաշրջիկներով: Մի պահ
հանգստացողի դերից դուրս գալու դեպքում՝ նկատում ես, որ կողքիններդ
մեծամասամբ ռուսալեզու դահուկորդներ ու սնոուբորդիստներ են, որոնք
ակնհայտորեն ոչ թե պարզապես հանգստանում են, այլեւ ինտենսիվ մարզվում:
Ֆրանսիացիները բավական լռակյաց ուսումնասիրում են տեղանքն ու մարդկանց,
ամերիկացիներն, ինչպես միշտ, ոչինչ չեն նկատում շրջապատում, նույնիսկ՝
գերազանցված հաշիվը սրճարանում: Հայ հանգստացողներին միանգամից կարելի է
ճանաչել «ԱրմենՏելի» ու «չբռնող» բջջային հեռախոսների հետ կռիվ տալով: Այս
օրերին հանգստացող բազմահազար բաժանորդները միմյանց ֆիզիկապես շատ ավելի
հասանելի են, քան հեռախոսով: Իսկական հանգստացողներին կարելի է նախանձել
այն ինքնամոռացության համար, որով այդ խենթերը սլանում են լեռան
ամենաբարձր գագաթից՝ անտեսելով ցուրտը, մառախուղն ու վիզն ոլորելու
շոշափելի վտանգը:
Մի խոսքով, երկրի ղեկավարության երազած ծաղկաձորյան իդիլիան կամաց-կամաց
կյանքի է կոչվում՝ զբոսաշրջության զարգացում, աշխատատեղերի ավելացում,
ծառայությունների որակի ապահովում եւ այլն: Միակ մտավախությունն այն է, թե
արդյո՞ք Ծաղկաձորը մեկ-երկու տարի հետո նույնքան մատչելի կլինի շարքային
հանգստացողի համար, թե՞, ոգեւորված օտարի բարեհաճությունից, տեղացու համար
կվերածվի ճերմակ անուրջների: