Հերթական սպանություն Երեւանում

10/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Երեկ առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք պայթեցրել են Հովասափյանի ծառայողական ԳԱԶ 3102 մակնիշի 005 ԼԼ 03 պետհամարանիշի ավտոմեքենան: Պայթյունի հետեւանքով Շահեն Հովասափյանը տեղում մահացել է, իսկ նրա վարորդ Անդրանիկ Չարչյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Հետաքրքիր է, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, վարորդի վիճակը եղել է ծանր: Իսկ դատախազությունից հայտնեցին, որ վարորդ Ա. Չարչյանը թեթեւ վնասվածքներ է ստացել, եւ երեկ արդեն նրան հարցաքննել են: Պայթյունի պահին մեքենայի մեջ է եղել նաեւ Հովասափյանի որդին` Գրիգոր Հովասափյանը: Սակայն բարեբախտաբար, նրան որեւէ բան չի պատահել:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բայրոնի 4 հասցեում` Երեւանի պետական կոնսերվատորիայի հարեւանությամբ: ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վարորդի կողքի աջակողմյան նստատեղի տակ մագնիսով դրսից ռումբ է ամրացված եղել: Եվ երբ Շ. Հովասափյանը նստել է ավտոմեքենան, այն հեռակառավարման վահանակի միջոցով գործի է դրվել: Այստեղից կարելի է ենթադրել, որ մարդասպանը դեպքի պահին եղել է մոտակայքում: Եվ հետեւել է, թե երբ Հովասափյանը կնստի իր ավտոմեքենան: Իսկ մեքենային ամրացված ռումբի պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ կոտրվել են հարակից շենքերի, հիմնականում առաջին ու կիսանկուղային հարկերի պատուհանները: Շահեն Հովասափյանի մեքենան արտաքինից այնքան էլ չէր տուժել. կոտրվել էր հետեւի ապակին: Առավել վատ վիճակ էր մեքենայի ներսում. ամենուր արյուն էր, իսկ մեքենայի առջեւի նստատեղը բզկտված էր: Ի դեպ, մեքենայի աջակողմյան նստատեղի մոտ` դռան ներքեւի մասում բացվածք էր նկատվում: Հավանաբար, հենց այդտեղ էլ տեղադրել են ռումբը:

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն: ՀՀ դատախազության, ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցներից կազմվել է քննչական խումբ: Ընթանում է նախաքննություն: Իրավապահ մարմիններն առայժմ կատարվածը չեն մեկնաբանում եւ կոնկրետ վարկածների մասին չեն խոսում: ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին միայն, որ քննչական խումբն ուսումնասիրում է բոլոր հնարավոր վարկածներն առանց բացառության: Նկատենք, որ Հովասափյանի սպանությունը կազմակերպվել եւ իրականացվել է բավական պրոֆեսիոնալ կերպով:

Շահեն Հովասափյանը ծնունդով Շահումյանից էր: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմին: Ժամանակին եղել է Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության եւ ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը: Հովասափյանն աշխատել է Պետեկամուտների նախարարությունում, որտեղ ղեկավարել է խոշոր հարկ վճարողների ստորաբաժանում, իսկ վերջին չորս ամիսներին եղել է Հարկային պետական ծառայության Օպերատիվ-քննչական վարչության պետը: Շ. Հովասափյանին է պատկանել «Գոշ գազ» ընկերությունը: Ի դեպ, Շահեն Հովասափյանը ՀՅԴ անդամ էր, սակայն պաշտոնի բերումով նա սառեցրել էր ՀՅԴ-ին իր անդամակցությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, շուրջ երկու ամիս առաջ էլ Շ. Հովասափյանի դեմ մահափորձ է կազմակերպված եղել. անհայտ անձինք փորձել էին պայթեցնել նրա մեքենան: Սակայն ոչ ոստիկանությունը, ոչ էլ դատախազությունը պաշտոնապես չհաստատեցին այդ տեղեկությունները` նշելով, որ օպերատիվ ամփոփաթերթերում նման հաղորդագրություն չկա (հավանաբար դեպքի մասին իրավապահներին պաշտոնապես չեն տեղեկացրել):

Նկատենք, որ սա վերջին 3 ամսում արդեն 5-րդ աղմկահարույց սպանությունն է: Եվ նրանցից ոչ մեկը դեռեւս չի բացահայտվել: Թեեւ, երեկ Ռոբերտ Քոչարյանը իրավապահ մարմիններին խիստ հանձնարարականներ է տվել ձեռնարկելու բոլոր միջոցները՝ հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու համար: «Ռոբերտ Քոչարյանն իր ցավակցությունն է հայտնում Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի հարազատներին: Հանցավոր գործելաոճը, որն ուղղված է պետության կողմից հարկային վարչարարության խստացման եւ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու գործադրվող ջանքերի դեմ, խստիվ դատապարտելի է եւ չի կարող փոխել պետության նպատակաուղղված քաղաքականությունը այդ ոլորտում»,- ասված է նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը: Նրանք օրվա հրամայական են համարում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Ըստ «Նոր Ժամանակների»` վերջին շրջանում կատարված սպանություններն ապացույց են այն բանի, որ Հայաստանում հետզհետե ավելի եւ ավելի խորանում է պետության կենսագործունեության հիմքերը խարխլող ճգնաժամը, որի «պատասխանատուն իշխող վարչախումբն է` իրեն սերտաճած կլանաօլիգարխիկ եւ կրիմինալ տարրերով»: «Այսօր առավել քան արդիական է իշխող հանցավոր վարչախմբից հեղափոխական ճանապարհով ձերբազատվելու անհրաժեշտությունը: Այդ նպատակադրությամբ էլ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում հասարակությանը` համախմբվել եւ կրիմինալի դեմ վճռական պայքար մղել` բացառելով հանցագործ տարրերի որեւէ գործունեություն հասարակության կյանքում»,- ասվում է հայտարարության մեջ: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում իր կուսակցական ընկերոջ սպանության վերաբերյալ ասաց. «Պետական պաշտոնյայի եւ ընդհանրապես վերջերս տեղի ունեցած սպանությունները նախ եւ առաջ ուղղված են պետության եւ ժողովրդի դեմ: Եվ դրանք ավելի են ամրապնդում վախի ու հուսահատության մթնոլորտը»: