Հարձակում լրագրողի վրա

10/09/2006

Երեկ առավոտյան Երեւանի Կոմիտասի պողոտայում իր տնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:

Առավոտյան ժամը 10-ի սահմաններում, երբ նա դուրս է եկել տնից, թիկունքից նրա վրա են հարձակվել երկու սափրագլուխներ, տապալել գետնին ու սկսել ոտքերով հարվածել: Սակայն երբ մոտակայքում մարդիկ են երեւացել, հարձակվողները դիմել են փախուստի: «Հարձակվել են ետեւիցս եւ տապալել գետնին,- մեզ հետ ունեցած զրույցում ասաց Հ. Գալաջյանը,- հարձակվողները երկու սափրագլուխներ էին, ովքեր հիմնականում փորձում էին գլխիս հարվածել, սակայն ես կարողացա պաշտպանվել»։ Ծեծի ենթարկելուց հետո սափրագլուխները փախել են՝ բղավելով հետեւյալ նախադասությունը. «Մյուս անգամ Արամոյին կհիշես»։ Այս նախադասությունը Հ. Գալաջյանին ոչինչ չի ասում, քանզի, ըստ նրա՝ «սափրագլուխները, հնարավոր է միտումնավոր են նշել «Արամո» անունը, որպեսզի սկսեմ պարզել, թե ո՞վ է այդ «Արամոն»։ «Գուցե սա ունի քաղաքական պատճառ, այսինքն՝ փորձել են վախեցնել։ Կամ վերջերս մի նյութ էի գրել այն մասին, որ մանկական խաղահրապարակներից մեկում ինչ-որ շինարարություն են ծավալել եւ բավական սուր ռեպլիկներ եմ արել»,- ասում է Հ. Գալաջյանը։ Մեր գործընկերն այս հարձակման ենթատեքստում բացառում է անձնական թշնամության տարբերակը։ Լրագրողն արդեն դիմել է ոստիկանություն։ Բարեբախտաբար, Գալաջյանը ծանր վնասվածքներ չի ստացել: Նա պատրաստվում է դիմել դատական բժշկի։