«Պետությունը բռնաբարում է ազգին»

06/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սկզբում խումբը նվագում էր Ժուռնալիստների միության շենքում գտնվող ռոք
ակումբում: Նրանց առաջին պաշտոնական մեծ համերգը կայացավ «Նորարար
փորձարարական արվեստի կենտրոնում» (ՆՓԱԿ), այնուհետեւ նրանց երաժշտական
ձեռքբերումը համարվեց 2000թ. հոկտեմբեր ամսին ՆՓԱԿ-ում կայացած փառատոնի
իրենց մասնակցությունը, որտեղ հանդես եկան շուրջ 20 ռոք խմբեր: Խումբը
նաեւ հյուրախաղեր է ունեցել Գյումրիում եւ Թբիլիսիում կայացած
փառատոներում: «Ինցեստ» խումբն ունի «Դեմո» կոչվող ձայներիզ: «Ինցեստ»
անգլերենից թարգմանաբար նշանակում է սեռական հարաբերություն ընտանեկան
մակարդակով, ասել է թե՝ արյունապղծություն: Խմբի անվան մեկնաբանությունը,
բնականաբար, հայ հասարակության շրջանակում բացասական ազդեցություն է
առաջացնում, այս առիթով «Ինցեստ» խմբի մենեջեր Սեւադա Պետրոսյանը
մեկնաբանում է. «Աղջիկներն այս հարցի հետաքրքիր պատասխանն ունեն, թեեւ
նրանք հոգնել են այդ հարցին անընդմեջ պատասխանելուց: Նրանք ասում են՝
հայրենիքը, մեր պետությունն ինչ-որ չափով մեր հայրն է, քանի որ հիմա
պետությունը բռնաբարում է ազգին, զավակներին՝ նշանակում է ինցեստ է
կատարվում: Ամեն դեպքում ինցեստ բառը խորհրդանշում է այն ոչ ճիշտ բաները,
որոնք կատարվում են մեր իրականության մեջ: Մյուս տեսանկյունից շատ հարմար
բառ է կատաղած ռոք խմբի համար: Հասարակության մոտ առաջին հերթին ինցեստ
բառը զարմանք է առաջացնում, բայց երբ լսում են երաժշտությունն ու բառերը՝
հասկանալի է դառնում, թե հատկապես ինչու «Ինցեստ»: Խումբը հիմնականում
երգում է մեր սերնդի սոցիալական, հասարակական խնդիրների մասին: Անշուշտ
դեպքեր են լինում, երբ սխալ են ըմբռնում, օրինակ, նույն ռոք ակումբում
նրանց արգելեցին նվագել՝ պահանջելով խմբի անունը փոխել: Ռոք ակումբի
տնօրեն Հովհաննես Կուրղինյանը խիստ կրոնական մոտեցումներով համարեց, որ
«Ինցեստ» անունը շատ վատ բան է, չհասկանալով, որ վատ բառով կարելի է լավ
բաներ ցույց տալ եւ խոսել ճշմարտությունների մասին: Եթե խումբը հանդես է
գալիս այդ անվամբ, ապա դա բնավ չի նշանակում, որ նա պրոպագանդում է
սեռական այդ կարգի ակտը, ճիշտ հակառակը՝ խումբը դրան դեմ է»:
Այդուհանդերձ, «Ինցեստ» խումբը արյունապղծության հակաքարոզչություն է
իրականացնում: Թեեւ Սեւադայի պնդմամբ՝ խմբի անդամները «ինցեստ» բառի
գաղափարակիրները չեն, այնուամենայնիվ, շատերի հավաստմամբ, աղջիկներն իրենց
բեմական վարքով համապատասխանում են խմբի անվանը: Սեւադան ասում է, որ
նրանցից որեւէ մեկն ինցեստի հետ կապ չունի, այսինքն՝ հարազատների կողմից
սեռական բռնության զոհ չեն, բայց, դժբախտաբար, ունեցել են բավական դժվար
մանկություն: Մեր հասարակությունը, թերեւս, տեղյակ չէ, թե ինչպիսի դժբախտ
մանկություն եւ երիտասարդություն Է ունեցել «Ինցեստ» խմբի անդամներից
յուրաքանչյուրը: Նրանք, ըստ էության, այսօր արտահայտում են իրենց ցավը,
անկեղծ են եւ ցանկանում են ինչ-որ բան ուղղել: Ըստ խմբի մենեջերի,
աղջիկները համերգների ժամանակ ակցիաներ են անում, որոնց միջոցով ցանկանում
են ինչ-որ բան ասել: Մի համերգի ժամանակ աղջիկները հանդես եկան
տանտիկինների հագուստով, «բիգուդիներով», ինչը նշանակում է, որ
Հայաստանում աղջիկներն ազատ չեն, 17-18 տարեկանից վերածվում են տնային
տնտեսուհիների: «Ինցեստ» խմբի աղջիկներն իրենց երաժշտական գործունեության
միջոցով ազատվում են իրենց մեջ կուտակված զայրույթից, ընդ որում, գտնում
են, որ արվեստում ճիշտ չէ խոսել միայն գեղեցիկի, հորինված սիրո,
արհեստական երեւույթների մասին, այլ պետք է արվեստի միջոցով կարողանալ
ուղղել սխալները: Սեւադայի համոզմամբ՝ «Ինցեստի» հաջողությունը կայանում է
նրանում, որ արհեստական չեն, տեքստերի մեջ սուր ու դաժան մեր
իրականությունը կա:

«Աստված պահպանի Ծաղիկ, Նեմեց Ռուբոյին»

Թեեւ «Ինցեստ» խմբի աղջիկներից բաս կիթառահար Նառան ՀՀՇ կուսակցության
անդամ է, նրանք ասում են, որ խումբը կուսակցականացված չէ: Ավելին, ՀՀՇ-ն
նույնիսկ հպարտ է տաղանդավոր երաժշտի համար: Բայց որ խումբը խիստ
քաղաքականացված է, իրենք՝ աղջիկները դա ընդունում են եւ գտնում են, որ
առհասարակ մեր հասարակությունն է քաղաքականացված: Եթե քաղաքականությունն է
որոշում հասարակության կառուցվածքը, սոցիալական վիճակը եւ շատ այլ բաներ,
ապա արվեստը, որը նաեւ առնչվում է սոցիալական, հասարակական, հոգեբանական
երեւույթների հետ, չի կարող չառնչվել քաղաքականության հետ: Հայաստանում
այս պահին ամենաակտուալ բանը քաղաքականությունն է: Նրանց երգերի տեքստերից
մեկում ասվում է. «Աստված պահպանի պրեզիդենտին, God save the ministers…
Պրեզիդենտին, դաշնակներին, Քառասունն անց Գետերոներին, Ծաղիկ, Նեմեց
Ռուբոյին»: «Ծաղիկ, Նեմեց Ռուբո ասելով կոնկրետ անձերը նկատի չունենք,-
ասում է Սեւադան,- այլ երեւույթները: Քանի որ ես պարսկահայ եմ, բերեմ մի
օրինակ. Պարսկաստանում այս տեսակ երաժշտությունն արգելված է, այսինքն՝ այն
երաժշտությունը, որը պետության կարծիքով ազգային կամ կրոնական չէ՝
արգելված է: Գոյություն ունեն խմբեր, որոնք, ի հակասություն այդ
սահմանափակումների, գործում են, բայց միեւնույն ժամանակ հալածվում են
ոստիկանության կողմից: Այնտեղ առկա է պայքարի ցանկություն, այսինքն ռոք
խմբերը պայքարում են, որ իրենց ձայնը հասցնեն ժողովրդին, իսկ պետությունը
պայքարում է իրենց դեմ, իսկ այստեղ ոչ մի պայքար չկա: Բացարձակ
անտարբերություն է: Անգամ ամենասուր ու կատաղած համերգներից հետո ոչ մի
վերաբերմունք կամ արձագանք չի լինում: Փոքր-փոքր դեպքեր լինում են, ասենք,
մի քանի տղերքի չէին «դզել» մեր աղջիկները, բայց դրանք անցնող բաներ են,
իսկ գլոբալ մոտեցումներ չեն եղել»: Սեւադայի կարծիքով, եթե պետության
կողմից վերաբերմունք կամ արգելք լիներ, իրենք ավելի ինտենսիվ կաշխատեին,
եւ ավելի հետաքրքիր կլիներ, որովհետեւ պայքարի արդյունքում կարեւոր բաներ
են ծնվում: Հարցիս, թե արդյո՞ք վերոնշյալ Ռուբոները լսել են իրենց երգը,
եւ արդյո՞ք խումբը չի վախենում հնարավոր հետեւանքներից, Սեւադան
պատասխանեց. «Չեմ կարծում, թե նրանք լսել են երգը, բայց ոչ մի արյունոտ
հետեւանքից չենք վախենում: Վերջերս ժուռնալիստների հանդեպ կատարված
բռնությունները ես որպես լավ արարք չեմ որակում, բայց մենք ականատես եղանք
մի երեւույթի, երբ դա կարեւոր առիթ հանդիսացավ, ըստ որի եւ՝
ժուռնալիստները ոտքի կանգնեցին իրենց իրավունքները պաշտպանելու համար, եւ
իշխանությունն էլ հասկացավ, որ չի կարող բռնության միջոցով մամուլին
լռեցնել, այսինքն՝ կոնֆլիկտը երկու կողմերի համար էլ շահավետ էր, թեեւ
արդյունքում մարդիկ վնասներ կրեցին: Մյուս կողմից՝ բոլոր երկրներում
ժուռնալիստներին փորձում են վնասել, որովհետեւ դա այն ոլորտն է, որտեղ
քթները խոթում եւ շատ բաներ են հայտնաբերում, բնական է, դա ոմանց ձեռք չի
տալիս, բայց միեւնույն է, այդ կոնֆլիկտը նաեւ լավագույն լուծումների է
բերում: Ռոքի մեջ այդ կոնֆլիկտի պակասը շատ կա: Ճիշտ է, չինովնիկները մեր
երգերը դժվար թե լսած լինեն, բայց լսելու դեպքում էլ՝ վատագույն բանը, որ
կարող է լինել, մեզ տանելու են-ծեծեն»:

«ՀՅԴ-ն ֆաշիստական կուսակցություն է»

«Ինցեստ» խմբի երգացանկում նաեւ մեջբերվում է դաշնակցական բառը, մինչդեռ
խմբի անդամներն այնքան էլ չեն համակրում դաշնակներին, որովհետեւ այն բանից
հետո, երբ Դաշնակցությունը Հայաստանում գործելու թույլտվություն ստացավ,
սկսեց նացիոնալիստական դրսեւորումներով հանդես գալ: Եթե մի կուսակցություն
նացիոնալիստ է, ապա այն ներառում է ֆաշիզմի տարրեր: «Եթե ՊԱԿ-ի
գաղափարախոսությամբ նայենք, ապա ՀՀՇ-ն նացիոնալիստական չէ, լիբերալ
կուսակցություն է, հաշվի առնելով նաեւ բոլոր չարաշահումներն ու սխալները:
Իսկ Դաշնակցությունը տեռորիստական ակտեր էր անում, թեեւ իրենց կարծիքով՝ ի
նպաստ ազգի, այսինքն՝ Դաշնակցությունը գտնում էր, որ տեռորիզմով կարելի է
պահպանել հայկական իրավունքները՝ Լիսաբոնի թուրքական դեսպանատան
պայթեցումը, Ֆրանսիայի օդանավակայանում ռումբի տեղադրումը, օդանավի
առեւանգումը, Դաշնակցությունը խառնված էր զենքի, թմրադեղերի բիզնեսով եւ
այլն: Այնպես որ, Դաշնակցությունն իր վրա տեռորիստական կազմակերպության
անուն ուներ: Մեր երգերում Դաշնակցությունը խորհրդանշվում է որպես
ֆաշիստական կուսակցություն»,- ասում է խմբի մենեջերը:
 «Ինցեստ» ռոք խումբը չի պատրաստվում իր յուրահատուկ իմիջով ինչ-որ
հեղափոխություն անել, պարզապես փորձում է հասարակությանը տեղեկացված
պահել, արտահայտել մի բան, որը մարդկանց մտածելու տեղիք կտա: Այն կարող է
պատճառ դառնալ, որ ոմանց աչքերն ի վերջո բացվեն: