Հայտարարում է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը` նկատի ունենալով Երեւանի կոնյակի գործարանի նախագահ Էրվե Կարոֆին, ով նախօրեին իրեն ուղղված գովազդային սպառնալիք-հայտարարություն էր տպագրել «Առավոտ» օրաթերթում:
Երեւանի կոնյակի գործարանի մասին բազմաթիվ հայտարարություններ հնչեցրած Արամ Գ. Սարգսյանին Էրվե Կարոֆը մամուլի միջոցով «տեղեկացրել» է, որ քանի որ մամուլի էջերում արված հայտարարություններով Արամ Գ. Սարգսյանը «լուրջ եւ անհիմն» մեղադրանքներ է ներկայացրել ընկերությանը, իրենք իրենց իրավունք են վերապահում նրա դեմ ձեռնարկելու գործողություններ, որոնք իրենք «անհրաժեշտ» կհամարեն իրենց շահերը պաշտպանելու գործում: «Հավանաբար, Մոսկվայում աշխատած ժամանակ է սովորել այդ գողական ժարգոնը»,- իրեն ուղղված սպառնալիքի շեշտադրման մասին ասաց Արամ Գ. Սարգսյանը եւ որպես լրացուցիչ ապացույց` վերհիշեց նաեւ այն երկխոսությունը, որը տեղի է ունեցել իր եւ Կարոֆի առաջին ու վերջին հանդիպման ընթացքում: ՀԴԿ նախագահի հավաստմամբ, ինքն «այդ պատանուն» հանդիպել է ընդամենը մի քանի ամիս առաջ, այն էլ` շատ պատահական: «Մի քանի ամիս առաջ Մոսկվա մեկնելիս ինքնաթիռում շատ պատահական հանդիպեցի այդ պարոնին, որին անձնապես ծանոթ չէի: Մեր պատգամավորներից ոմանք, ովքեր ծանոթ էին նրան, ինձ խնդրեցին, թե` արի ծանոթացնենք իր հետ, որովհետեւ նա ուզում է ծանոթանալ քեզ հետ: Երբ մոտեցանք, այդ պարոնը ռուսերենով ասաց հետեւյալը. «Ես ուզում էի տեսնել նրան, ով անցնում է իմ վրայով»: Ես նրան պատասխանեցի. «Երիտասարդ, ես դեռեւս ձեր վրայով չեմ անցնում, ես առայժմ փաստերն եմ հրապարակում»: Փաստորեն, այդ օրվա նրա արտաբերած նախադասությունն ու այս հայտարարությունը բնորոշ ոճ են այս պարոնի համար: Ես հիշեցի, որ ես Երրորդ մասի տղա եմ, եւ պատրաստ եմ իրեն նույն այդ ոճով պատասխանելու, եթե ինքն ունի դրա կարիքը: Այնպես որ` դատական կարգո՞վ, թե՞ այլ կերպ ես խնդիր չունեմ,- ասաց Արամ Գ. Սարգսյանը` ավելացնելով,- Իմ կռիվը ոչ թե այս խղճուկի հետ է, այլ մեր իշխանությունների դեմ է, որովհետեւ հենց մեր իշխանություններն են մեղավոր, որ եկած ոմն պարոն կարող է իրեն թույլ տալ ԱԺ պատգամավորի հետ այդ տոնով խոսել: Առավել եւս` երբ ես իրեն դիմել եմ եւ ասել եմ, որ խախտվել է պայմանագրի այսինչ կետը, եւ որ նրանք պարտավոր էին առայսօր ուսումնասիրություն կատարել եւ ասել, որ ես զրպարտում եմ կամ ճիշտ եմ»:
Հիշեցնենք, որ Արամ Գ. Սարգսյանն ԱԺ ամբիոնից բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Երեւանի կոնյակի գործարանի կողմից ներկայացված տվյալները, թե որքան խաղողի մթերումներ են կատարել, կոնյակի ինչքան սպիրտ են ստացել, եւ թե որքան են վաճառել այս տարիների ընթացքում, իր կուսակից գյուղատնտես լուրջ մասնագետների հետ հաշվարկել եւ պարզել են, որ` եթե գործարանի տվյալները ճիշտ են, ուրեմն` կոնյակի բազային սպիրտի առնվազն կեսն այլեւս գոյություն չունի: Այսինքն` իրենք խախտել են պայմանագրի հիմնարար կետերից մեկը, ըստ որի` պարտավոր են բազային սպիրտը պահպանել այնքան, որքան իրենք ստացել են վաճառքի ժամանակ (դա առնվազն 1մլն 600.000 դեկալիտր սպիրտն է): Բացի այդ, ինչպես նշում է Արամ Գ. Սարգսյանը, իրենք` կոնյակի գործարանը, պետք է բազային սպիրտից վերցնեին այնքան, որքան մթերել են, որպեսզի բազային սպիրտը մնա նույն քանակին: «Ես ասում էի, որ նրանք տեսակավոր սպիրտը շատ ավելի մեծ քանակով են օգտագործել, եւ շատ հնարավոր է, որ մի քանի տարի հետո մենք այլեւս չունենանք «Նաիրի», «Վասպուրական», «Ախթամար» եւ այլ կոնյակների տեսականին: Այն պարզ պատճառով, որ այսօր վաճառքի ծավալները շատ մեծ են: Բայց որպեսզի «փակենք» այս հարցը, ես մեջբերեմ Երեւանի կոնյակի գործարանի նախկին գլխավոր տնօրեն Պիեռ Լառեչի 2004թ. փետրվարին տված հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Այո, իհարկե, մենք օգտագործում ենք գործարանի պաշարները, այն պարզ պատճառով, որ վաճառքի ծավալները գերազանցում են վերջին տարիների ընթացքում իրականացված խաղողի մթերումներին»: Այսինքն` այն, ինչ ես ասում էի, նա հաստատել է իր հարցազրույցում,- ասաց նա` անդրադառնալով Երեւանի կոնյակի գործարանի ներկայիս նախագահ Էրվե Կարոֆին,- Իսկ թե ի՞նչն է այսօր նյարդայնացրել այս պարոնին, չգիտեմ, բայց, համենայնդեպս, նա իմ որեւէ հարցադրման չի պատասխանել: Ինչ վերաբերում է սպառնալիքին, ապա, շատ եմ ցավում, որ այդ պարոնը Ֆրանսիացի է կամ Ֆրանսիայի ներկայացուցիչ է, որովհետեւ ես Ֆրանսիան սիրել եւ հարգել եմ, մեծացել ու կրթվել եմ նրա մշակույթով փոքր, պատանեկան տարիներից: Եվ ինձ համար ցավ էր, որ այդ փառապանծ ժողովրդի ներկայացուցիչը կարող է խոսել մեր գողական տղերքի մակարդակով: Որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է այլ մոտեցումը. եթե դուք անհամաձայնություն եք հայտնում, ապա կարող եք դիմել դատարան: Այսինքն` նրանք պետք է գրեին, որ կդիմեն դատարան եւ իրավական միջոցներով կփորձեն պարզել իրենց հարցերը, ոչ թե գրեին, թե` «… իրավունք ենք վերապահում մեզ ձեր դեմ ձեռնարկելու գործողություններ, որ անհրաժեշտ կհամարենք մեր շահերը պաշտպանելու հարցում»: Ավելին, ըստ ՀԴԿ նախագահի, այն, ինչ Կարոֆը հրապարակել է, որ որեւէ կապ չունի իր հարցադրումների հետ: Ի դեպ, Ա. Սարգսյանը հիշեցրեց նաեւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի պատասխանն ուղղված իր վերոնշյալ հայտարարություններին: «Այո, ձեր ասածների մեջ ճշմարտություն կա»,- ասել է Վ. Խաչատրյանը` ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ այս գործով արդեն զբաղվում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: «Գլխավոր դատախազն ինձ ասել է, որ իրենք զբաղված են այլ` սպիրտի հափշտակումների խնդրով: Բա իմ ասածն ի՞նչ է: Հիմա, թե այդ սպիրտը հափշտակելով են տարել, թե վաճառելով` միեւնույն է, սպիրտը չկա,- ասաց Ա. Սարգսյանը,- Դրա փոխարեն, 2005թ. նոյեմբերի 30-ին կառավարությունը` ի դեմս Կարինե Կիրակոսյանի, ինձ ընդամենը 10 տողանոց տեղեկանք ուղարկեց, որտեղ նշված էր ընդամենը այն, թե նրանք ինչքան են մթերել եւ ինչքան կոնյակի սպիրտ կարող էին ստանալ: Ոչ գրում են` դա բավարար է, բավարար չէ, ոչ էլ, թե արդյոք դրա հաշվին կարո՞ղ էին այդքան կոնյակ վաճառել, թե՞ ոչ: Ոչինչ գրված չէր այդ մասին: Վերջում մի նախադասություն էին գրել, թե` «ինչ վերաբերում է իրացված կոնյակի մասնաբաժնում 10 տարեկանից ավելի տարիք ունեցող կոնյակների ծավալներին, ապա այդ մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»: Արդեն մոտ 10 ամիս է անցել, բայց ես նրանցից որեւէ գրություն չեմ ստացել, ու ավելի լկտիացել է այս պարոնը (նկատի ունի Էրվե Կարոֆին:- Լ.Ս.)»:
Մեկ նկատառում եւս. Կարոֆի հիշյալ հայտարարության մեջ նաեւ նշվել էր, թե հակառակ Արամ Սարգսյանի` գործարանը վաճառելու մասին պնդումներին, Երեւանի կոնյակի գործարանը չի վաճառվում: Այս առնչությամբ ՀԴԿ նախագահն ասաց. «Ես նրանց չեմ ասել, որ դուք վաճառում եք: Ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ 28 մլն դոլարով, ջրի գնով գնված այդ ահռելի հարստությունն իրենք ճիշտ են գնահատել իրենց էլեկտոնային կայք-էջում, որտեղ գրված է, որ Երեւանի կոնյակի գործարանի այսօրվա արժեքն իրենք գնահատում են 770 մլն դոլար: Եվ ես ասում եմ, որ երբ այդ պաշարները վերջնականորեն վերջանան, նրանց համար այդ գործարանը պահելն արդեն անիմաստ կդառնա: Խնդիրը սա է, ոչ թե ես հայտարարում եմ, որ վաճառում են: Իմ ասածները խեղաթյուրել են: Ես ասել եմ, որ նրանք կվերացնեն մեր ունեցած ազգային հարստությունը: Եթե պարզվի, որ մեր 25 տարվա կոնյակի սպիրտից մնացել է մի քանի հարյուր հազար դեկալիտր, նշանակում է` 5 տարի հետո մենք էլ չենք ունենա այդ սպիրտն ու չենք կարողանա «Նաիրի» կոնյակ արտադրել: Կգա ժամանակ, որ հնարավոր կլինի վաճառել ընդամենը 5 տարվա կոնյակ: Նշեմ, որ մթերման իրենց լավագույն ցուցանիշը 22.000 տոննան է, իսկ դա քիչ է»:
Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք, արդյոք Էրվե Կարոֆը կամ ԵԿԳ-ից որեւէ պաշտոնյա այս սպառնալիքներից առաջ երբեւէ դիմե՞լ է իրեն իր հայտարարությունների առնչությամբ: Ի պատասխան` Արամ Սարգսյանն ասաց. «Ոչ: Բացի ինքնաթիռում տեղի ունեցած պատահական հանդիպումից, այն էլ` այդ մակարդակի խոսակցության պարագայում, այլ խոսակցություն չի եղել»: