«ՀՀՇ-ն կա, ՀՀՇ-ն ուժեղ է, ՀՀՇ-ն մեծ քանակ չի կազմում, ՀՀՇ-ն չի կարող մեծ քանակ կազմել. լիբերալիզմը երբեք մեծ մասսայականություն չի վայելում ոչ մի երկրում, այդպես էլ պետք է լինի: Դա նորմալ է»,- երեկ նման կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, ով անկախության 15-րդ տարեդարձին ընդառաջ «Հայելի» ակումբում բանավիճում էր ՀՅԴ անդամ, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ:
ՀՀՇ-ի ուժն Ա. Մանուկյանը բացատրում է կուսակցության գաղափարներին նրա անդամների նվիրվածությամբ: ՀՀՇ վարչության անդամի պնդմամբ՝ 6000 անդամ ունեցող կուսակցությունն այսօր լիքն է հավատավոր ու իր գործին նվիրյալ մարդկանցով: Թեեւ երեկվա բանավեճի ընթացքում կողմերը պայմանավորվեցին խոսել այսօրվա ու ապագայի Հայաստանի մասին, սակայն այս պայմանավորվածությունը հաճախ էր խախտվում, քանզի Ա. Պետրոսյանը ՀՀՇ վարչության անդամին հաճախ էր հիշեցնում ՀՀՇ-ի իշխանության ժամանակ եղած «ալան-թալանի, մթի, ցրտի» ու նաեւ 1994-ին դաշնակցության «բարոյական կոտորածի» մասին, երբ Հայաստանում կասեցվեց ՀՅԴ գործունեությունն ու բազմաթիվ դաշնակցականներ, այդ թվում եւ ԱԺ ներկայիս փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը բանտարկվեցին: «Վահան Հովհաննիսյանին հարցրեք. իր դատն ավարտվել է՞, թե՞ չէ, ինքն արդարացվել է՞, թե՞ չէ: Վ. Հովհաննիսյանը դուրս է եկել բերդից իրավիճակի փոփոխության պատճառով՝ առանց դատարանի որոշման: Այն մարդիկ, ովքեր 1994-ին մեղադրվել են, մինչեւ հիմա բանտերում են եւ դուք չեք ազատում: Դուք անգամ միջնորդություն չեք անում այդ մարդկանց ազատելու համար: Այն մարդը, ով այդ ամբողջ քրեական գործընթացը վարել է, Աղվան Հովսեփյանն է, ով այդ գործի պատասխանատուն ու ղեկավարն է եղել, ում հետ դուք այսօր նույն իշխանության մեջ եք: Ի՞նչն է ձեզ խանգարում այդ ամենը հետ պտտել, ապացուցել, որ այդ մարդիկ անմեղ են: Մուրճը ձեր ձեռքին է, մեխը ձեր ձեռքին է: Այդ մարդկանց հանեք, արդարացրեք, ելույթի իրավունք տվեք, ճշտեք պատմության անարդարացի պահը: Ոչ ոք ձեզ չի խանգարում: Արեք այդ բանը»,- հակադարձեց Ա. Մանուկյանը: Իսկ երբ Ա. Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե ոչ մի իշխանություն դաշնակցությանը շատ չի սիրել, նրա ընդդիմախոսը նշեց՝ բացի Քոչարյանից: Սակայն ՀՅԴ-ական պատգամավորը խոստովանեց, թե ինքը միշտ այն «պատրանքն է փայփայում», որ ինքն է ընտրել Քոչարյանին, ոչ թե հակառակը: «Դաշնակցությունն ինքն է ընտրել Քոչարյանին եւ Քոչարյանի կողմից չի ընտրված»,- շեշտեց տիկին Պետրոսյանը: Վերջինս ՀՀՇ-ին մեղադրեց նաեւ «հայաստանցի-ղարաբաղցի» առճակատումն առաջացնելու համար: Պատգամավորի խոսքերով՝ «այն վայրենի սեփականաշնորհումը, ալան-թալանը, մութը, ցուրտը» դեռ ոչինչ, սակայն այդ «ղարաբաղցի» բառի համար երբեք, քիչ թե շատ ազգային արժանապատվություն ունեցող որեւէ հայ, չի ներելու ՀՀՇ-ին: Ըստ Ա. Պետրոսյանի, դաշնակցությունը երբեք Հայաստանի 29 հազար ք/կմ տարածքը չի անջատել Ղարաբաղի մի թիզ հողից: Բացի այդ, պարզվում է նաեւ, որ երբ Դաշնակցությունն ասում է` «Հայաստանի անկախությունը», նույնքան նկատի ունի նաեւ Ղարաբաղի անկախությունը: Անդրադառնալով Հայաստանում ներկայումս տիրող իրավիճակին՝ ՀՀՇ վարչության անդամը կարծիք հայտնեց, թե «ժողովրդին կերակրող կուսակցությունները, ժողովրդին փորհացի տանող կուսակցությունները» բարգավաճում են: «Երեկ նայում եմ ու անկեղծորեն վատ եմ զգում, որ ես հայ եմ: Ո՞նց կարելի է տասնյակ հազար մարդկանց փորհացով տանել լողացնել, կերակրել… Հնում Մերուժան Սիմոնյանն այսպիսի բան գրեց. վախեցեք ձեզ կերակրողներից, վախեցեք ձեզ հաց տվողներից: Հաց տվողը երբեւէ ձեր հոգին առնելու է, ձեր ձայնն առնելու է…»,- նշեց Ա. Մանուկյանը: Վերջինիս խոսքերով՝ նորաթուխ կուսակցությունները կամ անձի կուսակցություն են, կամ՝ անձի պատվերով ստեղծված: Ա. Մանուկյանի խոսքերով՝ բերեցին-ստեղծեցին մի վիճակ, երբ մտավորականին դարձնում են չուլ, եւ մտավորականները «դաստով մտնում են մի կուսակցություն»: «Եթե 70-80 տարեկան ակադեմիկոսն ու պրոֆեսորը հանկարծ որոշում է, որ այդ տարիքում ինքը կուսակցական կողմնորոշում է արտահայտելու եւ գործնականում կատարում է այդ քայլը, ես չեմ մեղադրում, սկսում եմ խղճալ այդ մարդկանց»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին՝ ՀՀՇ ներկայացուցիչը նշում է, որ իր կուսակցությունն անշուշտ մասնակցելու է ընտրություններին եւ լուրջ պատրաստվում է դրան: «Առաջիկայում որոշ քայլեր արդեն կերեւան»,- վստահեցրեց Ա. Մանուկյանը: Ըստ նրա, հանուն արժանապատիվ ու արդար ընտրության, ՀՀՇ-ն պատրաստ է համատեղ աշխատել նաեւ իր գաղափարական հակառակորդների, այդ թվում եւ` ՀՅԴ-ի հետ: Իսկ առաջիկա ընտրությունների մասին ՀՀՇ-ական բանախոսը դժվարանում է որեւէ կանխատեսում անել, քանզի որոշ պրոցեսներ, այդ թվում եւ` տարածաշրջանային, դեռեւս չեն հանգուցալուծվել: Իսկ ահա ՀՅԴ ներկայացուցիչ Ա. Պետրոսյանն առաջիկա ընտրություններից հաղթելու ակնկալիք ունի: «Մենք այս երկրի լիիրավ քաղաքացիներ ենք եւ իրավունք ունենք հաղթելու, քանի որ այս երկրի համար տվել ենք արյուն»,- իր ակնկալիքներն այսպես է բացատորում Ա. Պետրոսյանը: Եվ վերջապես առաջին նախագահի՝ քաղաքական հնարավոր ակտիվացման մասին: «Տեր-Պետրոսյանի հետ հաճախ եմ հանդիպում, եւ այն մտահոգությունը, որը կա այդ մարդու մոտ, այն ոչ անտարբերությունը, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինձ հավատ է ներշնչում, որ այդ մարդը քաղաքականության մեջ կա եւ ակտիվ քաղաքականության մեջ է»,- ասաց Ա. Մանուկյանը: Վերջինիս խոսքերով, եթե աջ ուժերը կարողանան ամբիցիաները մի կողմ դնել եւ ստեղծել լուրջ գաղափարական ընդդիմություն, ապա այդ ժամանակ լիդեր գտնելը հեշտ կլինի: «Հավանական է, որ դա կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ կա այսպիսի մի գործոն. Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է շատերին հավաքել: Այսօրվա ընդդիմության դաշտում, ցավոք, չկա մեկ ուրիշը, որի շուրջ ավելի շատ կհավաքվեն»,- գտնում է ՀՀՇ վարչության անդամը, ով վերջում նաեւ ցանկություն հայտնեց, որ մեր իշխանությունները սեպտեմբերի 21-ը նշեն ավելի մեծ շուքով, քան ապրիլի 24-ը: