Օրհներգի տարբերակների քննարկմամբ զբաղվող հանձնաժողովի անդամները, արվեստի ոլորտի մարդիկ եւ պարզապես շահագրգռված անձինք այս վերջին օրերին թեժ բանավեճեր են վարում հին ու նոր օրհներգերի շուրջ, իրար մեղադրում կողմնապահության եւ հապճեպ որոշումներ ընդունելու մեջ։ Որոշ հեղինակներ, հանձնաժողովի անդամներ եւ մտավորականներ գրեթե ամեն օր ելույթ են ունենում հեռուստատեսությամբ եւ տպագիր մամուլին հարցազրույցներ են տալիս՝ ներկայացնելով իրենց տեսակետներն ու վարկաբեկելով ուրիշներինը։ ՀՀ քաղաքացիներն այս ամենին կարծես թե մեծ հետաքրքրությամբ են հետեւում, արվեստի մարդկանց ամբիցիաներին հետեւելը միշտ էլ զվարճալի է։
Թերեւս ամենամեծ աղմուկը բարձրացել է բանաստեղծներ Ռազմիկ Դավոյանի եւ Դավիթ Հովհաննեսի անունների շուրջ։ Դ.Հովհաննեսը օրհներգի երկու տարբերակները՝ Արամ Խաչատրյան-Արսեն Սողոմոնյան եւ Երվանդ Երզնկյան-Արարատ Բ. ՝ անօրինական եւ քննարկման ոչ ենթակա է համարում՝ ասելով. «Դրանք կրիմինալ են»։ Ըստ Դ. Հովհաննեսի՝ «կրիմինալ» են, որովհետեւ տեքստերի հեղինակներն անհայտ են։ Առաջինը Մշակույթի նախարարության աշխատակիցն է, ով «իր անճար բանջարը խառնում է հանճար Ա. Խաչատրյանին», իսկ մյուսը՝ նրա համոզմամբ՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված Ռ. Դավոյանն է, ով խախտելով ընդունված կարգը, ինքն իր տեքստի լոբբինգն է անում հանձնաժողովում։ Այդ աղմուկը բավականին միակողմանի է, քանի որ ոչ Ա. Սողոմոնյանը, ոչ էլ Ռ.Դավոյանը ոչ մի կերպ չեն արձագանքում բորբոքված Դ. Հովհաննեսին, ով ամեն ելույթի ժամանակ ընդգծում է. «Տեսնելով, թե ինչ խախտումներով է աշխատում հանձնաժողովը, ես ստիպված դուռը խփեցի ու դուրս եկա հանձնաժողովի կազմից»։ Ընդհանրապես, քննարկումների ընթացքում ամենահաճախ հնչող մասնիկը «ես»-ն է։ «Ես»-ը շատերի համար նաեւ իրենց լռությունն ապահովելու գործոն է։ «Ես չեմ ուզում հիմա խոսել, իմ խոսքերը սխալ կընկալվեն»,- ասում են շատերը եւ վեհ լռություն պահպանում։ Լռություն է պահպանում նաեւ Մշակույթի նախարարությունը, որը՝ պաշտպանելով հեղինակային իրավունքը, չի բացահայտում Արարատ Բ. կեղծանվան տակ հանդես եկող հեղինակի իսկական անունը։
Մեր երկրի խորհրդանիշներից մեկի ընտրության հարցը նեղ անձնական հարթություն է տեղափոխվել։ Հարցին սրություն է հաղորդում նաեւ Հայաստանի անկախության տարեդարձի օրը նոր հիմն ունենալու սպասումը։ Կարծես հին հիմնով տոնելն արդեն անկարելի եւ վիրավորական է։ Կամ էլ՝ ամոթ։ «Բոլորին պատել է հապճեպ նոր հիմն ունենալու մարմաջը», – ասում է Դ. Հովհաննեսը։
Հնի եւ նորի միջեւ
Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը, ով Դ. Հովհաննեսի հետ «Հայելի» ակումբում փորձեց պարզաբանել հիմնի շուրջ ծագած անառողջ մթնոլորտը, նախեւառաջ ասաց. «Ես վերջին մարդը չեմ արվեստում։ Ինչո՞ւ չկամ հանձնաժողովում»։ Մեր օրերում արվեստի ամենալուրջ վերլուծաբան Հ. Հովհաննիսյանը նոր մրցույթի եւ նոր հանձնաժողով կազմելու կողմնակիցն է եւ հորդորում է բոլորին՝ չշտապել եւ հետաձգել հիմնի ընտրությունը. «Հիմնի ընտրությանը հրատապություն տալ պետք չէ։ Նոր հանձնաժողով է պետք, որտեղ երաժշտությունից եւ գրականությունից ոչ հեռու մարդիկ ընդգրկված կլինեն»։ Իսկ Դ. Հովհաննեսը նշեց, որ ներկայիս հանձնաժողովում «շատ են անհայտ ճանապարհներով ներմուծած մարդիկ», որոնց կեսին նա չի էլ ճանաչում. «Հանձնաժողովի տիրուհու՝ Մշակույթի նախարարուհու մարդիկ են»։
Հենրիկ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել հիմնի միայն գեղագիտական եւ քաղաքական հայեցակետերը, իսկ անձնական գործոնը՝ հանել քննարկումներից։ Արվեստաբանը նոր հիմն ստեղծելուն դեմ է, քանի որ համոզված է՝ մեր շուրջը հիմն դառնալու արժանի երգեր կան. Հ. Հովհաննիսյանի կարծիքով` Արամ Խաչատրյանի եւ Բարսեղ Կանաչյանի հիմները, ուզենք թե չուզենք, իրենց հետ քաղաքական անցյալ են բերելու։ Առաջինի դեպքում` մենք հիշելու ենք սովետական ժամանակներն ու պիոներական ճամբարները, եւ այդ հիմնի արտարվեստային միջավայրը մեզ համար ընդունելի լինել չի կարող։ «Մեր Հայրենիքը» նույնպես պատմական եւ ըստ Հ. Հովհաննիսյանի` բավականին պաշտելի անցյալ ունի։ «Նոր հիմն ստեղծել պետք չէ։ Ընտրենք այն երգը, որը ծանոթ է հասարակությանը, սրբացվել է եւ մարդկանց սրտի մեջ է։ Այդպիսի երգեր կան, օրինակ, Կոմիտասի «Հայաստան, երկիր դրախտավայրը»։ Պետք է ստուգված արժեքներից ելնել, այլ ոչ թե արժեքները նորից ստուգել»,- ասաց նա։
Վերջերս «Շանթ» հեռուստաընկերությամբ ելույթ ունեցող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ում տարբերակը լավագույն հնգյակում է ընդգրկվել, համոզում էր հանդիսատեսին, որ հինը վերացնելու ժամանակն է եկել եւ ոչ մի դեպքում չի կարելի շարունակել ներկայիս հիմնը օգտագործել. «Ինչո՞ւ թողնել հինը, արդյո՞ք չունենք լավ կոմպոզիտորներ, որոնք կարող են նոր բան գրել»։ Նրա ելույթից հասկանալի էր, որ հիմնի իր տարբերակը նա վաղուց է գրել, եւ այն սկզբում որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավի հոլովակների մեղեդային ուղեկցությունն է եղել եւ իբրեւ թե շատերի համար այդ մեղեդին արդեն ծանոթ ու սիրելի է դարձել։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ավելի հարստացած եւ նոր գործիքավորում ստացած տարբերակը Ռ. Քոչարյանի օրոք ընդունված ամենահարմար հիմնը պետք է համարվի։ Ռ. Ամիրխանյանն ակնհայտ քծնում էր Ռ. Քոչարյանին: Բարսեղ Կանաչյանի եւ Միքայել Նալբանդյանի հիմնը Ռ. Ամիրխանյանը իսպառ բացառեց՝ այն որպես իտալական երգի եւ բանաստեղծության կրկնօրինակություն համարելով։ Հ. Հովհաննիսյանը մեկնաբանեց. «Այդ հիմնը Նալբանդյանը հայ աղջկա մասին է գրել։ Մեր ժողովուրդը պատմականորեն ուշացած է մտել պատմության մեջ, եւ բնական է, որ նա պետք է որեւէ մեկի ետեւից գնար։ Այդ մեղեդու մեջ կան նաեւ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչի» տողերը։ Բայց դա մերժելի չէ։ Չուխաջյանն էլ է իր «Արշակ Երկրորդն» իտալական եղանակներով եւ իտալերեն լեզվով գրել։ Բայց դա հայկական օպերա է»։
Հենրիկ Հովհաննիսյանը սկզբունքային է համարում հիմնի տեքստը, որի բառերը չեն կարող պատահական լինել. «Դրանք պետք է անվիճելի, անբեկանելի լինեն։ Տեքստ գրելու համար պետք չէ բանաստեղծ լինել, այն կարող է եւ ոտանավորի սկզբունքներին ծանոթ յուրաքանչյուր բանասեր գրել»։ Բայց գրելուց առաջ ցանկալի է արդեն իսկ գոյություն ունեցող լավ տեքստերին ուշադրություն դարձնել։
Երբ հանձնաժողովն այս հինգ տարբերակներից որեւէ մեկը ընտրի, իսկ իշխանությունները հաստատեն այն, չի բացառվում, որ մի քանի տարի հետո նորընտիր հիմնը կրկին փոխելու կարիք լինի։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր առաջ կբերեն հիմնը նորացնելու պահանջը։ Այդ շղթային նոր օղակ կարող է ավելացնել երկրի յուրաքանչյուր նոր ղեկավարը։ Իսկ եթե իշխանությունները որպես հիմն «Մեր Հայրենիքը» թողնեն, կստացվի, որ հանձնաժողովի երեք ամիսների` նյարդայնացած ճառերով լի աշխատանքն ապարդյուն էր։