Եվրոպա կհասնենք 19 տարուց ոչ շուտ

10/09/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) երեկ ներկայացրեց իր «Հայաստանի տնտեսությունը 2005 թվականին» տարեկան զեկույցը։

Զեկույցի հեղինակներն անդրադարձել են տնտեսության բոլոր ասպեկտներին՝ ՀՆԱ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գնաճ, զբաղվածություն եւ այլն։

Զեկույցի առանցքը, կարելի է ասել, անցյալ տարվա 14% տնտեսական աճն է։ AEPLAC-ի մասնագետ Արտաշես Շաբոյանի խոսքերով. «Հայաստանի տնտեսական աճը մրցակցում է այնպիսի երկրների հետ, որոնք ունեն նավթի եւ գազի մեծ պաշարներ։ ՀՀ տնտեսությունը չունի այդպիսի ռեսուրսներ, բայց կարողանում է այսպիսի աճ ապահովել»։

Ըստ պրն Շաբոյանի, եթե Հայաստանի եւ եվրոպական երկրների տնտեսական աճի տեմպերը (2002-2004թթ) պահպանվեն, ապա Հայաստանը Եվրամիության ցուցանիշներին կհասնի 19 տարուց։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ 2005թ.-ի աճի տեմպը՝ ապա դեպի Եվրամիության ստանդարտներ տանող մեր ժամանակը կկարճանա եւս 2 տարով։

Առաջ անցնելով նշենք, որ միջոցառմանը ներկա Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը չէր կիսում այս կարծիքը։ Ըստ պրն Սարգսյանի, տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանվելու են։ «Ունենք պոտենցիալ, որը կդրսեւորվի առաջիկա 3 տարիների ընթացքում», – ասաց ԿԲ նախագահը։ Սակայն ավելացրեց՝ մի քանի տարի հետո տնտեսական աճի տեմպերը կընկնեն, այնպես որ մենք Եվրամիությանը կհասնենք ոչ թե 19 տարուց, այլ շատ ավելի ուշ։

Ընդհանրապես, AEPLAC-ի զեկույցը կազմված էր բավական լավատեսական մոտեցմամբ։ Առանձին ուշադրության են արժանացել արդյունաբերության 7.5% աճը, գյուղատնտեսության 11.2% աճը, ցածր գնաճը (0.6%) եւ այլն։ Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերը նշված ցուցանիշներով մենք այս տարի ետ ենք գնացել՝ անկում է ապրել թե՛ արդյունաբերությունը, թե՛ գյուղատնտեսությունը, իսկ գնաճը, ըստ ԿԲ-ի, գերազանցելու է 3% նպատակային ցուցանիշը։

Ըստ երեւույթին, հաջորդ տարվա զեկույցը փոքր-ինչ այլ տոնայնություն կունենա։ AEPLAC-ի մասնագետները կանխատեսել են ՀՆԱ-ի աճի բարձր տեմպ, մասնավորապես, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Կան նաեւ բացասական կանխատեսումներ, օրինակ. «Դրամի շարունակվող արժեւորումը կսկսի ազդել արտահանման ծավալների եւ արդյունաբերության աճի վրա»։ Որոշ իմաստով, սա դժվար է կանխատեսում համարել, քանի որ այդ գործընթացն արդեն տեղի է ունենում՝ արդյունաբերության եւ արտահանման ծավալները անկում են ապրում։ Թեեւ, ըստ AEPLAC-ի ղեկավար Տիգրան Ջրբաշյանի, արտահանման աճը ռիսկի տակ է գտնվում ոչ միայն դրամի արժեւորման, այլ կոնցենտրացման պատճառով։

Իհարկե, մենք չէ, որ պիտի գնահատականներ տանք, սակայն նման զեկույց հրապարակելն ավելի շատ կսազեր Վիճակագրության ծառայությանը, քան անկախ տնտեսա-իրավական հետազոտություններով զբաղվող կազմակերպությանը։ Ներկայացված են թվեր, դիտարկումներ, համեմատություններ, սակայն պատճառներին կամ հնարավոր լուծման ուղիներին գրեթե ուշադրություն չի դարձված։ Սակայն ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի կարծիքը բավական դրական էր. «Հիմնական դատողությունները համահունչ են ԿԲ գնահատականներին։ Իսկ կանխատեսումները կոռեկտ են եւ մասնագիտական» (չենք կարող ասել՝ ինչ ի նկատի ունի Տ. Սարգսյանը՝ «կոռեկտ կանխատեսում» ասելով)։

Պրն Սարգսյանի կարծիքով, Հայաստանի տնտեսագիտական միտքը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այն հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր ապահովել դրամի ավելի մեղմ արժեւորում, որը չի խոչընդոտի արդյունաբերության եւ արտահանման աճին։ «Հեշտ դեղամիջոցներ չկան», – ասում է ԿԲ նախագահը։ Իսկ այն, որ դրամը շարունակելու է արժեւորվել, ԿԲ նախագահը չի կասկածում։ Վերջինիս կարծիքով, դրամի արժեքավորումը նույնպես մեծ պոտենցիալ ունի, տնտեսական աճի պայմաններում մեծանում են նաեւ դրամական հոսքերը։

AEPLAC-մասնագետ Ա. Շաբոյանը դրամի արժեքավորումը նույնպես հիմնավորեց մեծ ներհոսքերով եւ այն իրողությամբ, որ «ֆինանսական համակարգը թույլ է եւ չի կարողանում մարսել այդ ներհոսքերը, դրանք վերածել ներդրումների»։

Նշենք, որ Տիգրան Սարգսյանի տեսակետներն ավելի իրատեսական էին։ «17 տարի հետո մենք կունենանք որակապես այլ տնտեսություն։ Որքան էլ ցավոտ է, մենք ունենալու ենք տնտեսական 3-5 ցիկլ։ Մեր որոշ ձեռնարկություններ դուրս կմնան մրցակցությունից եւ կսնանկանան։ Սա է հիմնական մարտահրավերը։ Մեր ձեռնարկատերերը պետք է պատրաստ լինեն փոփոխություններին», – ասաց Տ. Սարգսյանը։

Հայաստանի տնտեսական ձեռքբերումները գովերգելու առիթը բաց չթողեց նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը։ «2000թ. ոչ ոք չէր մտածում, որ 2005թ. խոսքը գնալու է այսպիսի դրական զեկույցի մասին»,- նշեց Ռոբինսոնը՝ հիշեցնելով, որ եթե 4-5 տարի առաջ խոսքը պարտքերը, թոշակները վճարելու մասին էր գնում, ապա այսօր փորձում ենք ոտք գցել Եվրոպայի հետ։

«Որոշ ցուցանիշներով Հայաստանը զիջում է Ադրբեջանին եւ Թուրքմենստանին։ Սակայն այդ երկրների հետ համեմատվել պետք չէ, ես շատ լավ գիտեմ, թե իրենց տնտեսական աճն ինչով է պայմանավորված։ Այնպես որ, եթե Ադրբեջանը եւ Թուքմենստանը հանում ենք, Հայաստանը մնում է մենակ՝ բոլորից բարձր», – ոգեւորեց մեզ Ռ. Ռոբինսոնը։

Այդուհանդերձ, ըստ Ռ. Ռոբինսոնի, առաջիկա զեկույցներում եւ ուսումնասիրություններում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի ինստիտուցիոնալ բարեփոխումների խնդրին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտների թերություններին։

«Հավատացեք ինձ, որ առանց դրա հաջողություն չեք ունենա։ 5 տարի հետո ես այստեղ չեմ լինի, բայց գալու եմ ստուգեմ»,- կեսլուրջ-կեսկատակ հայտարարեց Ռոբինսոնը։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե կա՞ մի այնպիսի մարդ, որն ի վիճակի է ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել։ «I don’t know» (չգիտեմ), – պատասխանեց Ռոբինսոնը՝ ձեռքի հետ նշելով, որ ինքն աշխատել է կառավարության անդամների հետ եւ կառավարությունն իր կազմով բավական կայուն է։

Տ. Սարգսյանն էլ լրատվամիջոցներին կոչ արեց ինքնուրույն գտնել այդ մարդկանց, «ի հայտ բերել, պահել եւ փայփայել»։

Իսկ AEPLAC-ի ղեկավար Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, ամենամեծ մարտահրավերն այն է, որ բարձր տնտեսական աճի ու լավ ցուցանիշների պարագայում պետք է կարողանալ խոսել բարեփոխումների անհրաժեշտության մասին։ «Կարծես ամեն ինչ շատ լավ է, մենք ամեն ինչում առաջինն ենք»,- ասում է պրն Ջրբաշյանը, սակայն, միեւնույն ժամանակ, նշում, որ սա չպետք է խանգարի հասարակությանը` գիտակցել բարեփոխումների անհրաժեշտությունը։

Նշենք, որ ի տարբերություն տնտեսագետների, քաղաքագետների եւ այլ -գետների, հասարակությունը կյանքի բարելավմանը հավատում է ոչ թե Վիճվարչության թվերին նայելով, այլ դրական փոփոխությունները իր մաշկի վրա զգալով։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե հասարակությունը երկնիշ տնտեսական աճի մասին լսելով երջանկանում է ու իրեն զգում դրախտում, թող մի քանի ժամ ոտքով ման գա եւ լսի մարդկանց խոսակցությունները։

Թե՛ զեկույցի հեղինակները, թե՛ ԿԲ նախագահը վստահ են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճել երկնիշ թվով։ Միեւնույն ժամանակ, AEPLAC-ի մասնագետները նշում են, իսկ Տ. Սարգսյանը չի թաքցնում, որ արդյունաբերությունն ու արտահանումը վտանգավոր վիճակում են։ Եվ եթե տնտեսությունն աճի երկնիշ թվով, տարիներ հետո ի՞նչ տնտեսություն ենք մենք ունենալու՝ գյուղատնտեսակա՞ն, առեւտրակա՞ն, թե՞։ Այսինքն, ի՞նչ է նշանակում «որակապես այլ տնտեսություն», որի մասին երեկ խոսք էր գնում։

Ի պատասխան մեր այս հարցին, Տ. Ջրբաշյանը պատասխանեց. «Արտահանումը դուք կապեցիք արդյունաբերության ոլորտի հետ, սակայն դրանք իրար հետ ուղղակի կապ այդքան չունեն։ Նոր Զելանդիան 80%-ով գյուղատնտեսական երկիր է, բայց հանդիսանում է աշխարհի ամենախոշոր արտահանողը։ Որակապես այլ տնտեսություն՝ նշանակում է մրցակցություն եւ մրցունակություն։ Եթե դու մրցունակ ես միջազգային շուկաներում, ուզում ես՝ արտադրիր գյուղատնտեսական ապրանքներ։ Այ, սրանք են հիմնական պարամետրերը։ Որակապես տարբեր՝ նշանակում է մրցունակ։ Իսկ տնտեսության կառուցվածքը կախված կլինի նրանից, թե ո՛ր ոլորտում մենք կլինենք մրցունակ»։