Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը (խորհրդարանը) նախօրեին 340 «կողմ» 192 «դեմ» հարաբերակցությամբ հաստատել է Lիբանանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին թուրքական ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ որոշումը: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե խաղաղապահները կենտրոնանալու են Լիբանանի տնտեսության վերականգնման վրա, իսկ «Հըզբոլլահ»-ը զինաթափելու գործին մասնակցելու պահանջի դեպքում կթողնեն Լիբանանը: Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված բանաձեւում նույնպես հատուկ շեշտվում է, թե թուրքական զորքերը որեւէ կերպ չեն մասնակցի «Հըզբոլլահ»-ի զինաթափմանը: Իսկ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտնել է, որ Թուրքիայի խաղաղապահների թիվը եւ տեղակայման ժամկետը կհստակեցվի ՄԱԿ-ի հետ խորհրդակցություններից հետո: Միաժամանակ, Գյուլը նշել է, թե Լիբանանում տեղակայվելիք զինվորականների թիվը չի գերազանցի 1000-ը, եւ նրանք հիմնականում մասնակցելու են Լիբանանի ծովային սահմանների պահպանման եւ Լիբանանի բանակի զինվորների վերապատրաստման գործողություններին: