Այս տարի բավականին սրվել են ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի եւ ոսկու հանքավայրերի ուսումնասիրությամբ ու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների հարաբերությունները: Նախարարությունն այդ ընկերություններից մեկին զրկել է ուսումնասիրման իրավունքից, իսկ մյուսի շահագործման իրավունքը կառավարության քննարկման առարկա է դարձել:
Երկու դեպքերում էլ Վ. Այվազյանը ներկայացնում է դրանց պատճառները: Իրենց առարկությունները ներկայացնում են նաեւ հակառակ կողմերը: Ու երկուստեք «կրակահերթերի» արդյունքում բնապահպանության նախարարը վերջերս դարձավ մամուլի թիվ մեկ թեման: Հրապարակումներ եղան, թե նա հանքերով զբաղվող ընկերություններից մեկից 3 մլն դոլար կաշառք է պահանջել: Եվ իբրեւ թե ընկերության ղեկավարն այդ խոսակցության ձայնագրությունը տվել է ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, վերջինս էլ փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին: Դեսպան Էվանսը հերքեց ձայներիզի մասին լուրերը: «Գլոբալ Գոլդի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Պողոսյանն էլ այդ մասին մեր հարցին ի պատասխան` ասաց. «Ձայնագրության մասին մենք ոչ ոքի եւ ոչինչ չենք ասել»:
Քանի որ մենք ներկայացրել էինք նախարար Վարդան Այվազյանի տեսակետն առաջացած խնդրի կապակցությամբ, զրուցեցինք նաեւ ոսկու հանքավայրերի ուսումնասիրմամբ զբաղվող «Գլոբալ Գոլդ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Պողոսյանի հետ: Հիշեցնենք, որ այս ընկերությունը զբաղվում է «Մարջանի» ու «Հանքավանի» ոսկու հանքերի ուսումնասիրմամբ եւ արդեն ավարտին է հասցրել «Թուխմանուկ» հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները: ՀՀ Բնապահպանության նախարարությունն այս տարի հունիսի 2-ին աշխատանքներ չկատարելու պատճառով «Գլոբալ Գոլդ» ընկերությանը զրկել է «Մարջանի» հանքավայրում ուսումնասիրություն կատարելու լիցենզիայից: Իսկ «Հանքավանի» լիցենզիայի ժամկետն ավարտվել է անցած տարեվերջին: Նախարարության այս քայլերի դեմ իր առարկություններն ունի «Գլոբալ Գոլդ» ընկերության տնօրենը Աշոտ Պողոսյանը, որը համաձայն չէ այն պնդմանը, թե իրենք Մարջանում ոչ մի աշխատանք չեն կատարել:
«Այո, Մարջանում աշխատանքները մի փոքր ետ ընկած են,- ասում է Ա.Պողոսյանը: -Դրա համար պատճառներ կան: Նախ՝ նախարարությունը մի քանի անգամ գրավոր դիմել է մեզ, որ աշխատանքները դադարեցնենք: Դա արել է ապօրինի եւ տարբեր պատճառներով: Մենք նախարարությանը տեղեկացրել ենք, որ իրենց պահանջներն անհիմն են, եւ աշխատանքները շարունակելու ենք: Երկրորդ պատճառն էլ մեր աշխատակիցների անվտանգությունն է: Մարջանի հանքավայրն ընդամենը 1,5-2 կմ է հեռու Ադրբեջանի զինվորական պահակակետից ու պաշտպանված չէ: Մասնագետների կարծիքով` այնտեղ կան չպայթած ականներ ու արկեր: Դրա համար էլ քիչ աշխատանքներ են կատարվել: Մենք այս ընթացքում արել ենք հանքավայրի թվայնացումը, որն ավարտման փուլում է: Հաշվետվությունը ներկայացրել ենք նախարարություն: Բացի այդ, մեր միջազգային կապերի միջոցով զուգահեռ աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանանք ստանալ մեր աշխատողների անվտանգության երաշխիքները: Այս պահին պետք է ուրախությամբ ասեմ, որ վստահություն ունենք, որ մեր աշխատողների անվտանգությունը կարող ենք ապահովել: Մենք սպասում ենք մեր 2-3 հարցումների վերջնական պատասխաններին»:
Մարջանի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիայի ժամկետը պետք է ավարտվեր 2007թ.: Ա. Պողոսյանի ասելով, եթե նախարար Վ. Այվազյանն իրենց լիցենզիայից զրկելու պատճառներ ուներ, ապա Կոնցեսիայի մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` այդ մասին նախ պետք է գրավոր տեղեկացներ, հետո սխալների կամ չկատարած պարտականությունների համար 90 օր ժամկետ տար: Բացի այդ, ընկերության տնօրենը մեջբերում է նույն հոդվածի մեկ այլ դրույթ. «Հանքային իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն լիցենզառուի նկատմամբ հանքային իրավունքի հետ կապված դատավարական գործընթացները»: Իսկ «Գլոբալ Գոլդին» Մարջանի ուսումնասիրման լիցենզիայից զրկելու համար ոչ մի դատավարություն տեղի չի ունեցել: Բնապահպանության նախարարությունը գտնում է, որ եթե լիցենզիան ինքն է տալիս, ապա, առարկություններ ունենալու դեպքում, ինքն էլ կարող է զրկել: Սա արդեն հակասում է վերը նշված օրենքներին: Ա. Պողոսյանը տարօրինակ է համարում նախարարության այն գործելաոճը, երբ իրենց աշխատանք չկատարելու պահանջ է ներկայացնում, հետո էլ աշխատանք չկատարելու համար զրկում է ուսումնասիրության իրավունքից:
Ինչպես նշեցինք, անցած տարեվերջին ավարտվել է նաեւ «Գլոբալ Գոլդի»՝ Հանքավանում ուսումնասիրություն կատարելու լիցենզիայի ժամկետը: Ընկերության տնօրենը գտնում է, որ այստեղ էլ Բնապահպանության նախարարությունը չի կատարել օրենքի պահանջները:
«Հանքավանի ուսումնասիրման լիցենզիան ՍՀԱ ընկերությանը տրվել է մինչեւ 2017թ.,- ասում է Ա. Պողոսյանը: -Այս լիցենզիայից հետո «Գլոբալ Գոլդը» դարձել է այդ ընկերության մասնակից: 2003թ. օրենսդրական փոփոխությունների համաձայն` այդ լիցենզիաները պետք է փոխարինվեին նորերով եւ համապատասխանեցվեին նոր օրենսդրությանը: Նոր՝ Կոնցեսիայի մասին օրենքը սահմանում է` «լիցենզիայի ժամկետ սահմանել նախկին լիցենզիայում սահմանված ժամկետի ավարտը»: Օրենքի փոփոխությանը համաձայն` մենք մեր հին լիցենզիան տվել ենք նախարարությանը եւ խնդրել ենք նորը տալ: Բայց նոր լիցենզիայով նախարարությունը մեզ տվել է ընդամենը 1 տարվա ժամկետ: Մենք նրանց տեղեկացրել ենք, որ օրենք եք խախտում, մեր ժամկետը մինչեւ 2017թ. է: Բայց մեզ հորդորել են, որ` ոչինչ, 1 տարին կլրանա, նորից կդիմեք ու լիցենզիա կստանաք: Հանքավանի ուսումնասիրության հետ կապված բոլոր պարտավորությունները նախարարության կողմից հաստատած նախագծով գերակատարել ենք: Մենք ուզում էինք գոնե 3 տարվա լիցենզիա ստանալ, որ կարողանանք մեր աշխատանքները շարունակել: Մեր դիմումները մնացել են անպատասխան»:
Նույն՝ Կոնցեսիայի մասին օրենքի 10-րդ հոդվածում նշված է, որ լիազոր մարմինը պարտավոր է դիմումատուին պատասխանել 1 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում «լիցենզիան համարվում է տրված»: Այս դրույթից ելնելով՝ Ա. Պողոսյանը գտնում է, որ իրենք Հանքավանի ուսումնասիրության իրավունքն ունեն եւ մինչեւ տարեվերջ 1,2 մլն դոլարի աշխատանքներ են կատարելու:
«Այդ ընկերը բառախաղ է անում,- ասում է ՀՀ բնապահպանության նախարարը: -Այդ մարդիկ հիմա էլ կարող են զբաղվել երկրաբանական ուսումնասիրմամբ, քարտեզագրումով: Բայց Հանքավանի վրա իրենք ունեին 3 տարի ժամանակ, ավարտվել է, ու նրանք գործ չեն կատարել: Հետո գալիս, ասում են՝ մի 3 տարի էլ տուր: Կտա՞ս, թե՞ չես տա: Նման դեպքում ասում ես՝ դու լավ չես աշխատում»:
«2003թ., երբ ընդունվեցին Հանքային եւ Կոնցենսիայի մասին ՀՀ օրենքները, Հայաստանն արժանացավ «Mining Journal»-ի միջազգային մրցանակի եւ ստացավ տարվա հանքարդյունահանող երկիր կոչումը: Դրանք համարվեցին առաջադիմական օրենքներ: Մենք իրավունք ունենք, որ մեր նկատմամբ էլ կիրառվեն այս երկրի օրենքները»,- ասում է «Գլոբալ Գոլդի» հայաստանյան գրասենյակի տնօրենը:
Ըստ Վ. Այվազյանի՝ «Գլոբալ Գոլդը» ցանկություն ունի վաճառել հանքերի նկատմամբ ունեցած իր իրավունքները: Ընկերության տնօրենը հերքում է այս լուրը եւ ավելացնում. «Մեր օրենքը ոչ թե արգելում, այլ նախատեսում է հանքային իրավունքի վաճառելը: Օրենքով հանքային բոլոր իրավունքներն են փոխանցելի: Իրավունքի փոխանցման գործարքներ Հայաստանում եղել են եւ շարունակվում են: Ես չեմ հիշում այդպիսի մի դեպք, որ դառնա շահարկման կամ լիցենզիայից զրկելու առարկա: «Գլոբալ Գոլդն» այստեղ հանքերում 8 մլն դոլար է ներդրել եւ իր իրավունքը որեւէ մեկին վաճառելու մտադրություն չունի»:
Բնապահպանության նախարարին ավելի շատ մտահոգել էր այն հանգամանքը, որ ընկերությունն իր կայքում ցանկություն էր հայտնել Գետիկում ոսկու պաշարների ուսումնասիրմանը զուգահեռ` զբաղվել նաեւ ուրանի հնարավոր պաշարների ուսումնասիրմամբ: «Ի՞նչ ռադիոակտիվ նյութերի ուսումնասիրություն է անում, երբ մենք նրան նման թույլտվություն չենք տվել,- ասում է պարոն Այվազյանը: -Նա կարող է գալ Հայաստան եւ ասել, թե` թքած ունեմ ձեր օրենքների վրա ու ուրան եմ ման գալիս»:
«Մենք Գետիկում ունենք հանքավայրի ընդհանուր ուսումնասիրման իրավունք,- ասում է Ա. Պողոսյանը: -Հատուկ ուրանի ուսումնասիրմամբ չենք զբաղվում: Այդ ուսումնասիրությունները կատարվում են նախարարության կողմից հաստատված նախագծով, եւ ցույց կտան, թե հետագայում արժի՞ նաեւ որեւէ օգտակար հանածոյի, այդ թվում նաեւ` ուրանի ուսումնասիրմամբ զբաղվել: Եթե զգանք, որ արժի, կդիմենք նախարարություն եւ թույլտվություն կխնդրենք: Եթե նախարարը զգում է, որ այդտեղ ռազմավարական նշանակության հարց կա, եւ դա կարող է Հայաստանին վնասել, ապա թող այդ ժամանակ թույլտվությունը չտա»:
Բնապահպանության նախարարություն-«Գլոբալ Գոլդ» հարաբերությունները սրված են, եւ հետաքրքիր է, թե առաջիկայում ինչպիսի՞ զարգացումներ կլինեն: Վ.Այվազյանն ասում է, թե նախարարությունը «Գլոբալ Գոլդ» ընկերությանը ուսումնասիրության լիցենզիաներից զրկել է եւ դրա համար ունի հիմնավոր փաստարկներ: Իսկ ընկերության ներկայացուցիչն էլ գտնում է, որ նախարարության քայլերն իրենց նկատմամբ անօրինական են: