Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Doing Business 2007» վերջին հաշվետվությունում ներկայացված են 175 երկրների վարկանիշերը` ըստ բիզնեսի վարման պայմանների հեշտության աստիճանի: Այս առումով տարածաշրջանի առաջատարները Հայաստանը (34-րդ տեղ), Վրաստանը (37-րդ) եւ Ղազախստանն (62-րդ) են, իսկ վատագույն ցուցանիշները Տաջիկստանը (133-րդ) եւ Ուզբեկստանն (147-րդ) ունեն: Ռուսաստանն այս ցուցակում ընդամենը 96-րդ հորիզոնականում է:
Վարկանիշի կազմման համար վերոնշյալ միջազգային կազմակերպությունները հաշվի են առել մի քանի ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս բիզնես սկսելու, լիցենզիա ստանալու, սեփականության գրանցման, վարկ վերցնելու, ներմուծման եւ արտահանման, բիզնեսի փակման գործընթացների ժամանակային եւ ֆինանսական ծախսերը, ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման, պայմանագրային հարաբերությունների վիճակը, աշխատանքի ընդունման եւ ազատման դյուրինությունը: Ուսումնասիրության մեջ հաշվի չեն առնվել երկրների շուկայի մեծությունը, մակրոտնտեսական քաղաքականությունը, ենթակառուցվածքների որակը, ազգային արժույթի կայունությունը, ներդրողների կարծիքը կամ հանցագործության մակարդակը: Այսինքն, շեշտը դրվել է զուտ հեշտ բիզնեսվարման վրա:
Թեեւ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում բիզնեսվարման հեշտությամբ առաջին տեղն է գրավում, սակայն համաշխարհային ցուցակում մեր երկրի վարկանիշը նախորդ տարվա համեմատ լավացել է ընդամենը 3 հորիզոնականով: Այն դեպքում, երբ Վրաստանը մեկ տարվա ընթացքում զգալիորեն բարելավել է իր վարկանիշը` 112-րդ հորիզոնականից բարձրացնելով 37-րդը: Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հաշվետվության համաձայն, ռեֆորմների անցկացման գծով Վրաստանն ԱՊՀ երկրների առաջատարն է: Երկիրն իր դիրքերը բարելավել է 10 ոլորտներից 6-ում: Վրաստանում նոր ընկերության բացման համար պահանջվող նվազագույն կապիտալի չափը 2000 լարիից հասել է 200 լարիի (մոտ 85 դոլար): Մեկ տարվա ընթացքում 20%-ով ավելի նոր ընկերություններ են գրացվել: Մաքսային ռեֆորմները հեշտացրել են սահմանային առեւտրի գործառույթները: Եթե 2004թ. Վրաստան ապրանք ներմուծելու համար անհրաժեշտ վարչական պահանջների համար պահանջվում էր 54 օր, այժմ` ընդամենը 13:
Համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան դրական են համարում, որ Հայաստանը միավորել է նոր ընկերության գրանցման գործընթացը հարկային մարմիններում եւ սոցապ հիմնադրամներում` կրճատելով կազմակերպության բացման համար պահանջվող ժամանակը: Երկրում նվազել են նաեւ շինարարական ընկերությունների գործունեության համար պահանջվող փաստաթղթերը, եւ ավելի դյուրին է դարձել անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման գործընթացը: Հայաստանն ուժեղացրել է նաեւ վարկատուների իրավունքները:
Այս ամենի հետ մեկտեղ Համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան արձանագրում են, որ վերոնշյալ ցուցակում բարձր վարկանիշը դեռ չի նշանակում, որ տվյալ երկրում ամեն ինչ նորմալ է ընթանում բիզնեսի համար, եւ ոչ մի խնդիր չկա: Միջազգային կազմակերպությունները տեսնում են միայն «արտաքին» ցուցանիշները, բայց թե ի՞նչ է կատարվում յուրաքանչյուր գործընթացի «կուլիսների ետեւում», նրանք չեն կարող հեշտությամբ արձանագրել: Օրինակ, տնտեսական դատավարության ժամանակ ամեն ինչ նորմալ ընթանում է օրենքի սահմաններում, բայց միջազգային կազմակերպությունները չեն բացառում, որ այդ դատավարությունը կարող է կաշառված լինել: