Տրոլեյբուսի ուղեւորները
Թոշակառու Սուրեն պապն ասում է, որ եթե մի օր տրոլեյբուսի շահագործումը դադարեցնեն՝ իր կյանքն այլեւս կկորցնի իմաստը: «Իմ օրը տրոլեյբուսով երթեւեկելով է լուսավորվում»,- վստահեցնում է 2-րդ կարգի հաշմանդամ Սուրեն պապը, ով հպարտ կեցվածքով նստել է տրոլեյբուսի քրքրված, կեղտոտ նստարանին: «Ժամանակին ես, որ իմ գրասենյակն ու աթոռն ունեի, էս հաստափորներն ո՞ւր էին: Նստում էի աթոռիս, քարտուղարուհիս թեյը մատուցում էր, իսկ ես բարեհամբույր պատասխանում էի բոլորին, հիմիկվանների նման «չոբան» չէի: Գնա Ազգային ժողով մտի ու ցանկացած պատգամավորի դուռը ծեծի, տես քեզ կընդունե՞ն, իսկ մեր ժամանակ տենց չէր, մարդիկ խիղճ ունեին, գիտեին, որ պետությունն իրանց վճարում ա ու իրենք էլ պարտավոր են բարեխղճորեն աշխատել»,- ասում է Սուրեն պապն, ով շոյվելով տրոլեյբուսում նստած ուղեւորների ուշադրությունից` ինքն իրեն ուղղում է՝ բառերի վերջում «ա»-երն «է»-եր դարձնելով: Սուրեն պապը երեխաներ, թոռներ ունի, բայց իրեն միայնակ է զգում, որովհետեւ մեծահասակներն իրենց տեղը ոչ մի կերպ չեն գտնում այս հասարակության մեջ: Ասում է՝ առավոտյան արթնանում է, իրեն կարգի է բերում ու դուրս է գալիս մայրաքաղաքում ճանապարհորդելու: Տրոլեյբուսի շատ ուղեւորների արդեն ճանաչում է եւ նույնիսկ ընկեր-ընկերուհիներ է ձեռք բերել: «Իմ նման էլի մարդիկ կան, որ ժամանակ սպանելու համար տրոլեյբուս են նստում, էս ա, բիձեքի տունն ա: Ժամանակին Հայաստանը շենացրինք ու էսօր մեզ էս տրոլեյբուսն ա բաժին ընկել: Դաժե օր ա լինում, որ մեր պայոկ ուտելիքը վերցնում-ստեղ ենք ուտում: Մեր նմաններն էստեղ են: Էդ գայլերի ոհմակի մեջ խեղդվում ենք, իսկ տրոլեյբուսում կարգին գրագետ, մտավորական մարդիկ են»: Տրոլեյբուսի ուղեւորների համար ամենաարդիական ու քննարկվող թեման Ժողովրդական կուսակցության, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն է: «Կայարանցի Տիկո, ո՞ւր էիր էն տարիներին, երբ ժողովուրդը պատերազմի մեջ էր, գլուխդ փափուկ բարձի վրա դրած, կայֆ էիր անում»: Սուրեն պապն այդ հարցին պատասխանելու պատասխանատվությունը վերցնում է իր վրա, որովհետեւ տրոլեյբուսում հարցազրույցի իմ հերոսն ինքն է եւ բանավեճն ինքն է վարում. «Հիմա ո՞ւր էր, ո՞ւր չէր՝ կարեւոր չի: Եթե էդ տարիներին ինքը ստեղ չէր, ուրեմն հիմա ստեղ ա ու իրա մեղքերը հիմա քավում ա ժողովրդին լավություն անելով: Ինքը դարձի ա եկել, իրա ունեցվածքը ժողովրդի վրա ա ծախսում, գյուղացուն ա օգնում: Մարդիկ կան` համ էն ժամանակ են թալանել, համ էլ հիմա: Տելեվիզորներ ա բաժանում` ոնց որ կանֆետ բաժանի, չի խնայում: Կարապետովիչի անցյալը հաշիվ չի, որովհետեւ հիմա ինքն իրան նվիրել ա ժողովրդին, երեխեքին հեռուստացույցով ցույց ա տալիս, աստղեր ա բաժանում»,- Սուրեն պապը նրբանկատորեն փորձում է իր տրամաբանությամբ ներկայացնել «Կայարանցի Տիկոյի» գործունեությունը, երբ հարցն ուղղած պապիկն ափերից դուրս է գալիս. «Էրեխեքին փչացնում ա, ոչ թե աստղեր ա տալիս: Էն համեստ գյուղացին մտնում ա ԱԼՄ՝ մայմուն ա դառնում: Մատղաշ երեխեքը դեմքներին լղոզում են ու յարի մասին դարդ անող երգեր են երգում: Էդ ի՞նչ սֆաթ ա էն անարատ գյուղացի երեխեքի վրա: Բա եթերով տենց բան, տենց անճաշակություն կանե՞ն: Էդ տելեվիզորներն էլ, որ բաժանում ա, իմ ու քո փողերով ա բաժանում: Դո՛ւ, բիձա՛, չես հասկանում, որ էդ ռեկլամների հաշվին ինչքան տելեվիզրներ ա ինքը ստանում: Բա՞… »: Պետք է նկատել, որ Տիգրան Կարապետիչի համբավը մեծահասակների շրջանում բավական մեծ է: Տրոլեյբուսով երթեւեկողները Տ. Կարապետիչի թեմայի շուրջ մեծ աղմուկ են բարձրացնում, իսկ երթեւեկող երկու երիտասարդ տղաներ բարձրաձայն ծիծաղում են բանավիճող ծերունիների վրա: Խոսակցությունը կտրուկ ընդհատվում է, երբ նրանք ձեռքիս լուսանկարչական սարք են տեսնում. «Այ բալամ, մի նկարի, երեխեքի, թոռների տեր մարդ եմ: Դրանք կրիմինալ են, երեխեքիս կվնասեն, գործ չունես, վախենում եմ, հեն ա, օրը մի գյուղապետ ու քաղաքապետ են սպանում, ես դրանցից շատ եմ վախենում, գործ չունեմ»,- ասում է խուճապի մատնված Սուրեն պապը՝ փորձելով ինձ շեղել լուսանկարելուց՝ «Որ ճիշտն ասեմ, մի հատ պառավ կա, տրոլեյբուսի մեջ ենք ծանոթացել, ինքը հարսից շատ նեղված ա, իմ հետ կիսվում ա: Իրան եմ սպասում, անունը Սուսան ա»:
Տրոլեյբուսի վարորդները
Տրոլեյբուսների վարորդները պարզապես հերոսներ են. այս համոզմանը եկանք տրոլեյբուսների շահագործման վերաբերյալ այս նյութը պատրաստելու ընթացքում: Նրանք պատրաստ են հուսահատված ուղեւորին մխիթարել, անվճարունակին՝ զիջել, բորբոքվածին՝ հանգստացնել, եւ դա` այն դեպքում, երբ իրենք անընդհատ նյարդային վիճակում են աշխատում եւ կոնֆլիկտներ են ունենում «ֆիրմա» մեքենաների սանձարձակ վարորդների հետ: Չարբախից Էրեբունու թանգարան ուղեւորվող 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդ Ռազմիկ Սահակյանը 42 տարի առանց ընդհատումների աշխատելով՝ այժմ օրական ստանում է 1000-1500 դրամ: Ստացածն այնքան աննշան է, որ աշխատավարձի չափը դեռեւս ռուբլով է ասում: Ասում է, որ տրոլեյբուսի ուղեւորները թոշակառուները, չունեւորներն ու անվճար երեւեկության համար վկայական ունեցող մարդիկ են: «Ես հատուկ ուղեւորներ ունեմ, որոնք ժամերով սպասում են իմ մեքենային, որ առանց փող նստեն: Եղել ա, որ Ռոսիայով շարունակել եմ դեպի Էրեբունի ու ինքը սպասել ա, մինչեւ ես հետ գամ, իրան բերեմ Չարբախ, 1 ժամից ավելի սպասել ա»,- պատմում է Ռազմիկն՝ ասելով, որ պատահել է, երբ ամուսիններով 80 դրամ ուղեվարձի գումար չեն ունեցել, ամուսինն ամոթից մի քիչ հեռու է կանգնել եւ կինն է խնդրել թույլ տալ անվճար երթեւեկել: «42 տարի ա` աշխատում եմ, շատերը նստում, առանց վճարելու իջնում են, բայց չեմ բարկանում, ինձ մոտ բնազդ ա դարձել, մարդիկ աղքատ են, ի՞նչ անես, իմ վերաբերմունքը ժողովրդի հանդեպ բարի ա: Զգում եմ, որ մարդն ուզում ա էկանոմիա անի, որ հաց առնի, գնալ-գալը 80 դրամ ա, իսկ դրանով հաց կառնի, յոլա կգնա: Աչքս շատ ցավալի բաներ ա տեսնում»,- վկայում է Ռազմիկը՝ խորհուրդ տալով գնալ «Էրեբունի» թանգարանի մերձակայք ու տեսնել, թե ինչպես են մարդիկ աղբանոցները քրքրում: 2-րդ համարի տրոլեյբուսի երթուղու վերջին կետն «Էրեբունի» թանգարանի մոտ է, որտեղ վարորդները հաճախ միջադեպերի ականատեսն են լինում: «Մեր կանգառի աղբանոցում հերթեր են լինում, իրար ծեծում են էդ զիբիլանոցի հացի համար: Դե՛, ասում ես… եթե աչքովդ տեսնում ես, թե մարդը ոնց ա աղբանոցից հաց վերցնում, ո՞նց ասես տոմս` վերցրա»,- ասում է Ռազմիկը: Օրվա մեջ 1 շրջան կատարելով հավաքվում է մոտ 3000-3200 դրամ: Սակայն 4-5 շրջան իրականացնող վարորդները անկախ նրանից, թե ինչքան ուղեւոր են տեղափոխում՝ պարտավոր են 13.000 դրամ մուծել «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին: Տրոլեյբուսների ցանցը շահագործող «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն վարորդների համար օրական 13.500 դրամ պլան է սահմանել: Ի դեպ, «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենի հետ կապվելու մեր համառ ջանքերն ապարդյուն անցան, քանի որ տնօրենի քարտուղարուհին միշտ նույն բանն էր կրկնում՝ տնօրենը տեղում չէ: Տրոլեյբուսի վարորդ Ռազմիկն ասում է, որ մարդիկ խուսափում են տրոլեյբուս նստելուց: «Պարզ պատճառ ասեմ, հոսանքալարերն ահավոր վիճակում են, տրոլեյբուսները շատ կեղտոտ են, իսկ ղեկավարությունն ուշադրություն չի դարձնում տրոլեյբուսի սրահի մաքրության վրա: Մեկ հավաքարար կա, որ առավոտը մի անգամ մաքրում ա, բայց հլը ապակիների կեղտը նայեք, ջահելները վաբշե չեն նստում»: Ֆրանսիայից ներկրված «Ռենո» մակնիշի տրոլեյբուսի վարորդ Վարդգես Սմբատյանի հավաստմամբ՝ էլեկտատրանսպորտից օգտվողների 90%-ն արտոնություն ունեցող մարդիկ են: «Շատ ծեր մարդիկ կան, որոնք ուղղակի նստում են տրոլեյբուս, որ պտտվեն, զբաղմունք ունենան, քաղաքի հետ կապված երիտասարդությունը հիշեն: Շատերին ենք տանում «ֆռռցնում»: Մեկը մի բան ա պատմում, մյուսը նեղված ա լինում, իրանց հոգսերը թեթեւացնելու համար օդափոխվում, պտտվում են»,- պատմում է վարորդը, որի կարծիքով՝ չկա կոմունիստների ժամանակաշրջանի գործարանների բանվորական այն ուժը, որն օգտվում էր տրոլեյբուսից: Նա ասում է, որ երթեւեկության այս պայմաններում, երբ հաճախ բացակայում են կանգառները, վերջնականգառները, վատ են աշխատում լուսաֆորները, երթեւեկության նշանները կիսատ-պռատ են տեղադրված, հաճախ վարորդների համար խառնաշփոթ իրավիճակներ է ստեղծում: Էլեկտրական լարերը «կարկատված», անմխիթար վիճակում են, եւ տրոլեյբուսների վարորդներն այդ խոտանների համար ստիպված են լինում «ֆիրմա» մեքենաների տերերի հայհոյանքները լսել: Վարդգեսի վարորդական փորձը ցույց է տվել, որ պետավտոտեսուչները տրոլեյբուսի գծերի մոտ հսկողություն չեն սահմանում եւ չեն էլ փորձում պաշտպանել տրոլեյբուսների վարորդների իրավունքները: «Ֆիրմա ավտոն կանգնում ա դիմացդ, բայց չես կարողանում խոսաս: Սիգնալ ես տալիս՝ վեճ ա դառնում, տեսուչն էլ ձեն չի հանում: Խեղդված աշխատում ենք: 1 տարի էլ, եթե էսպես ձգենք, էլ հոսանքի լար չենք ունենա: Արտակարգ միջադեպեր շատ են լինում, էսօր մենք պղնձալար, հոսանքալար չունենք, ահավոր վիճակ ա»: Տրոլեյբուսի վարորդները մեր քաղաքային իշխանություններին կոչ են անում հաշվի առնել, որ էլեկտրատրանսպորտն էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, եւ խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել տրանսպորտի այդ տեսակը վերականգնելու ուղղությամբ: Վարդգեսը վկայում է, որ երթուղային տաքսիների գծատերերը տրոլեյբուսի ուղերթերը զավթել են եւ ուղեւորներին «փախցնում» են: «Քաղաքապետը չի մտածում, որ ավելի լավ է էլեկտրատրանսպորտն աշխատեցնել, քան թե գազով տրանսպորտը: Էդ գազը էկոլոգիայի, մարդկանց առողջության վրա շատ ա ազդում՝ պսորիազ, սնկային եւ շատ այլ վտանգավոր հիվանդություններ ա առաջացնում: Բացի դա՝ մարդիկ իրար շալակ թռած են երթեւեկում»,- ասում է նա՝ դժգոհելով, որ այսօր վարորդը 4 տեսակ գործողություն է կատարում՝ վարորդի, հսկիչի, տոմսավաճառի, փականագործի: Մինչդեռ սովետական տարիներին էլեկտրիկի, գծային փականագործի, ածուխ փոխողի, բանվորի տեղակայման հատուկ կետեր կային, որոնք զբաղվում էին տրոլեյբուսների տեխնիկական աշխատանքներով:
Մեկ տրոլեյբուսն արժե 160.000-200.000 դոլար
Մայրաքաղաքում գործում են տրոլեյբուսի 7 երթուղիներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 9-րդ, 10-րդ, 15, 20 եւ 24 համարներով երթուղիները: Վերոնշյալ երթուղիներով աշխատում են օրական մոտավորապես 40-50 տրոլեյբուսներ, որոնց հիմնական շարժակազմը նախկին չեխական «Շկոդա» մակնիշի տրոլեյբուսներն են: Գործում են նաեւ վերջերս Ֆրանսիայից ներկրված 5 «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներից 3-ը, իսկ մյուս 2-ը շուտով կշահագործվեն: Ուղեվարձը 40 դրամ է: Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գլխավոր մասնագետ Մուշեղ Բուռնուսուզյանի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ ունենք 85 տրոլեյբուս: «Մենք աշխատում ենք պարկը թարմացնել, բայց տրոլեյբուսները բավականին թանկ արժեն: Էլեկտրատրանսպորտի հետ կապված հատուկ ծրագիր ենք մշակել 2006-2009թթ. գործունեությունը բարելավելու նպատակով»,- ասում է պրն Բուռնուսուզյանը՝ վստահեցնելով, որ տրոլեյբուսները տրամվայների ճակատագրին չեն արժանանալու, ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արվելու է, որ էլեկտրատրանսպորտի պատշաճ շահագործումը վերականգնվի: Վերջինիս գնահատմամբ՝ էլեկտրատրանսպորտն էկոլոգիապես ամենաանվտանգ փոխադրամիջոցն է, բացի այդ, սոցիալապես անապահով ուղեւորների համար հարմար փոխադրամիջոց է: Այդուհանդերձ, տրոլեյբուս պահելը մասնագետի խոսքերով՝ շատ դժվար է, որովհետեւ այն շահագործելու համար հոսանքալարերի ցանցի վերազինում պետք է կատարվի: «Ցանցի լարերը միայն կարող ենք բերել Տաշքենդի գործարանից, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Հոսանքալարերի ցանցը մաշվածության վերջին աստիճանի է: Մեծ խնդիրներ ունենք նաեւ հոսանք սնուցող բաշխիչ ենթակայանների հետ կապված»,- նշում է նա՝ հավելելով, որ պետությունն արդեն 276 մլն դրամ սուբսիդավորում է տրամադրում էլեկտրատրանսպորտը վերականգնելու նպատակով: Ի դեպ, արտասահմանյան մակնիշի, լավ կահավորված մեկ տրոլեյբուսն արժե մոտ 160.000-200.000 դոլար: