Արտագաղթի մեխանիկա

10/09/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ուսումնասիրությունների համաձայն, Եվրամիության անդամ երկրներում ապրում է մոտ 3 մլն ապօրինի գաղթական, եւ այդ թիվն ամեն տարի ավելանում է կես մլն-ով: Աշխարհի զարգացած երկրներում ներգաղթի մեծ հոսքը դադարեցնելու համար եվրոպական երկրների կողմից, ներպետական օրենսդրությունների միջոցով, իրականացվում է միասնական խստացված քաղաքականություն:

Օրինակ, այս տարի` նախորդ տարվա համեմատ, 48 տոկոսով նվազել է ներգաղթողների մուտքը ԱՄՆ: Միջազգային լրատվության համաձայն, ամեն տարի 100-ավոր ներգաղթողներ են մահանում` փորձելով ապօրինի հատել Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանը: Սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքից հետո ԱՄՆ-ի իշխանությունները սահմանափակեցին մուտքի թույլտվության իրավունք ստացողների թիվը` նաեւ լրացուցիչ ընթացակարգեր սահմանելով իրենց երկիր մուտք գործող անձանց համար, ընդհուպ մինչեւ մատնահետքերի լուսանկարում: Դեռեւս 1988թ. ԱՄՆ-ի արդարադատության նախարարը, ում ենթարկվում է Իմիգրացիայի եւ հպատակագրման ծառայությունը, հրահանգել էր խորհրդային քաղաքացիների ԱՄՆ մեկնելու եւ քաղաքական ապաստանի կարգավիճակ ստանալու մասին դիմումներին խիստ անհատական մոտեցում ցուցաբերել: Համաձայն Միացյալ Նահանգների Ներգաղթային եւ հպատակագրման օրենքի, Զբոսաշրջության կամ գործարարության արտոնագրի համար դիմող յուրաքանչյուր քաղաքացի դիտվում է իբրեւ ներգաղթող, քանի դեռ չի ապացուցել, որ ունի հիմնական բնակավայր, որը մշտական լքելու մտադրություն չունի, եւ որ ժամանակավոր այցից հետո նպատակ ունի վերադառնալ իր երկիր: Նոր կանոնները ծանր կացություն են ստեղծում անօրինական ներգաղթյալների, այսինքն` տվյալ երկրում ժամկետանց մուտքի արտոնագրով գտնվողների համար, որոնց սպառնում է վարչաիրավական հետապնդում եւ անգամ՝ դեպորտացիա:

ՄԱԿ Փախստականների Գերագույն Հանձնակատարի (ՓԳՀ) երեւանյան գրասենյակի տվյալներով, 2006թ. հունվար-հուլիս ամիսներին եվրոպական 36 զարգացած երկրներում ստացվել է ապաստան հայցողների 52.600 դիմում, որը 2005թ. չորրորդ եռամսյակի նկատմամբ 15 տոկոսով պակաս է: Ելքի երկրներից առաջին տեղում Իրաքն է, հետո` Սերբիան, Չեռնոգորիան, Չինաստանը եւ այլն: Այս շարքում Հայաստանը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը. նշված ժամանակամիջոցում Հայաստանից դիմումների քանակը կազմում է 1403: Հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցնում են համապատասխանաբար` 21-րդ եւ 23-րդ տեղերը: Դիմումների քանակից դատելով, կարելի է նշել, որ 17 զարգացած երկրներից հայերի համար այս տարի ամենանախընտրելի երկիրը Ֆրանսիան է (615 դիմում), հետո` Ավստրիան (118), Բելգիան (115), Նիդեռլանդները (104): ԱՄՆ-ը (102 դիմում) ու Գերմանիան (99 դիմում) այս տարի իրենց դիրքն ապաստան հայցողների շրջանում զիջել են` հայտնվելով 5-րդ եւ 6-րդ տեղերում: Ելքի երկրներից ապաստան հայցողների գերակշիռ մասը 36 երկրների շարքում «առաջնությունը» տվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Երկրորդ տեղում Ֆրանսիան է, հետո` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան եւ Շվեդիան: ՄԱԿ ՓԳՀ-ի Ժնեւի գլխավոր գրասենյակն ապաստան տրամադրելու, այսինքն` ժամանակավոր ապաստանի եւ փախստականի կարգավիճակներ ստացողների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածում, սակայն հայտնի է, որ նրանց մեծ մասը մուտքի երկրներում մերժվում են: Օրինակ, 2001թ. Գերմանիայում ապաստան ստանալու հայցով դիմած Հայաստանի 1239 քաղաքացիներից ընդամենը մեկ ընտանիք է ստացել փախստականի կարգավիճակ: Չնայած այս փաստարկին, կյանքի լավ պայմանների ակնկալիքով հայերը (եւ ոչ միայն նրանք) շարունակում են ամեն գնով հայտնվել եւ հաստատվել զարգացած երկրներում: Ըստ մասնագետների, եթե Հայաստանից մեկնած որեւէ քաղաքացու իր մուտք գործած երկրում տրվում է փախստականի կարգավիճակ, ապա դա եզակի բացառություն է համարվում, որը հիմնավորվում է ոչ թե իրական հանգամանքներով, այլ լավ հորինված լեգենդով: «Գարուն-91» արտադրական միավորման (որն արդեն 10 տարի զբաղվում է «գրին քարտի» եւ մշտական անկետաների ձեւակերպմամբ, նոտարական թարգմանություններով, լուսանկարչական գործով) տնօրեն Ս. Ադամյանը նշում է, որ ապօրինի միգրանտները տվյալ երկրի սահմաններում իրենց կարգավիճակն օրինականացնելու մտադրությամբ կեղծ փաստաթղթեր են օգտագործում. կամ դրանք տանում են իրենց հետ, կամ էլ տեղում են ձեռք բերում` իրավաբանների ակտիվ աջակցությամբ: Այդ երկրներում «հանձնվող» մեր երկրացիներն ամեն գնով ձգտում են ապացուցել, թե իրենց քաղաքացիական պատկանելության երկրում հետապնդումների են ենթարկվում` որեւէ կրոնական դավանանքի, սեռական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների պատճառով, ինչը, փաստորեն շատ դեպքերում իրականացվում է կեղծ փաստաթղթերի միջոցով:

ԱՄՆ-ում մշտական բնակության կարգավիճակ ստանալու համար տրվում է «կանաչ քարտ», որն իրավունք է տալիս մշտապես բնակվել եւ աշխատել այնտեղ: «Green card»-ի խաղարկություններ արդեն վաղուց անցկացվում են նաեւ Հայաստանում: Ս. Ադամյանի հավաստմամբ, այսօր ով գոնե մեկ հատ համակարգիչ կամ անգլերենի իմացությամբ աշխատող ունի, գովազդ անելով, մասնակցում է այդ խաղարկությանը, որոնց հետո հնարավոր չի լինում գտնել: «Շատ դեպքեր են եղել, որ մարդկանց խաբել են: Նույնիսկ «օֆիսներ» կան, որ ներկայանում են ամերիկյան դեպարտամենտի կողմից լիազորվածներ եւ, մոլորեցնելով մարդկանց, փող են աշխատում: «Գրին քարտի» խաղարկության մասին հայտարարություն իրավունք ունի անելու միայն դեսպանատունը»,- նշում է նա: Այս տարի սպասված խաղարկությունը դեռեւս չի կայացել, եւ, մեր զրուցակցի ասելով` հնարավոր է, որ տեղի էլ չունենա: Օրինակ, անցյալ տարի այս կազմակերպություն դիմած մոտ 150 անձանցից «գրին քարտ» ստացել են երկուսը: «Գրին քարտերի» քանակը, որոնք հատկացվում են ամեն տարի, սահմանափակված է իմիգրացիոն քվոտայով:

Դիմողների թիվն աճում է

«168 Ժամ»-ը մուտքի արտոնագիր ստացող ՀՀ քաղաքացիների եւ այդ կարգին առնչվող որոշ հարցերի շուրջ գրավոր հարցում էր կատարել ՀՀ-ում մի քանի դեսպանատների հյուպատոսական բաժիններին: Առաջինն արձագանքել էր ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոս տկն Մերի Սթիքլսը, որի տվյալներով, 2006թ. օգոստոսի 15-ի դրությամբ, ոչ-ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ԱՄՆ դեսպանատուն դիմած 6330 քաղաքացիներից մերժվել են 3537-ը: Հյուպատոսի տեղեկացմամբ, դիմորդների մեծ մասը մերժվում են Միգրացիայի եւ քաղաքացիության ակտի համաձայն, որը հյուպատոսական պաշտոնյայից պահանջում է յուրաքանչյուր դիմորդի ընկալել որպես մի անձ, ով ցանկանում է ներգաղթել կամ աշխատել Միացյալ Նահանգներում: Եթե 2000թ. Հայաստանի քաղաքացիներից մուտքի արտոնագիր է ստացել 25.079 մարդ, ապա 2005-ին նրանց թիվը նվազել է` հասնելով 10.528-ի: Արտոնագիր ստանալու համար յուրաքանչյուր դիմորդ պետք է ցուցադրի սեփական երկրում իր ունեցած սոցիալական, տնտեսական եւ մասնագիտական ամուր կապերը: Դեսպանատան հաղորդմամբ, այցելությունների հիմնական նպատակն իրենց բարեկամներին տեսակցելն է: Ի դեպ, ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրի մասին տեղեկություններում «հարցազրույցից կտրված» քաղաքացիներին խորհուրդ չի տրվում կրկին դիմել, քանի դեռ իրենց կյանքում տեղի չեն ունեցել լուրջ տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ: ԱՄՆ օրենքի համաձայն, մուտքի արտոնագրի դիմումի վարձը կազմում է 100 ԱՄՆ դոլար, որը երկու դեպքում էլ քաղաքացիներին չի վերադարձվում: Մերժված քաղաքացիները շատ դեպքերում դժգոհում են հարցազրույցի ընթացքում տրված հարցերի բովանդակությունից եւ հյուպատոսական բաժանմունքի աշխատակիցների վերաբերմունքից: Այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող զրուցակիցս նշում է, որ հաճախ անձը բարոյահոգեբանական ճնշումների է ենթարկվում: ԱՄՆ դեսպանատուն դիմած մի քաղաքացի ասում էր, որ իրեն մերժել են բանկային հաշվեհամարի գրքույկի բացակայության պատրվակով: Նա դժգոհում էր «քննող ամերիկացիներ»-ից, որոնք հարցազրույցի ժամանակ (որը տեւում է մի քանի րոպե), անընդհատ միմյանց հետ զրուցել են եւ ծիծաղել: Նրա տպավորությամբ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները ներքին պայմանավորվածությամբ են աշխատում եւ մերժում: Ամերիկացիներից գոհ են մնում թույլտվություն ստացած քաղաքացիները: Ընդհանրապես, կարծիք կա, որ «վիզա» ստանալը վիճակախաղ շահելուն հավասարազոր երեւույթ է, եւ այստեղ որեւէ օրինաչափություն չի գործում: Փորձառու զրուցակիցս նշում է, որ մարդկանց մերժում են եւ արգելում մասնակցել իրենց մերձավորների հուղարկավորությանը եւ հարսանիքին: Սակայն կան համառ հայեր, որոնք անգամ 15 անգամ են դիմում միեւնույն դեսպանատուն:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոս տկն Ա. Պերինելը դիվանագիտական առաքելությունն ավարտելու պատճառով չէր կարողացել պատասխանել մեր հարցերին, իսկ ՀՀ-ում Գերմանիայի հյուպատոս տկն Աննե Շեֆերը տրամադրել էր տեղեկություններ միայն հայտ ներկայացնող քաղաքացիների մասին: Այսպես, 2006թ. օգոստոսի 21- ի դրությամբ, Երեւանում Գերմանիայի դեսպանությունում մուտքի արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել 4273 անձ: Նրանց տեղեկացմամբ, հայտատուների թիվը տարեցտարի աճում է, որոնք ցանկանում են Գերմանիա մեկնել ամենատարբեր պատճառներով` այցելություններ եւ գործնական ճամփորդություններ: Մերժվող քաղաքացիների մասին տվյալներ Գերմանական դեսպանատունը չի տրամադրում: