Ադրբեջանը միլիարդներ է ուզում

10/09/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ընդ որում, միայն առաջին վարկն է, որ տրամադրվել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից, մյուսները տրամադրել է ՄԶԸ-ն: Հիշեցնենք, որ վերջինս վարկեր է տալիս միայն աղքատ երկրներին` արտոնյալ պայմաններով` ցածր տոկոսադրույքներով եւ երկար ժամկետներով. ՄԶԸ-ի վարկերի ստանդարտ պայմաններն են` 40 տարվա մարման եւ 10 տարի արտոնյալ ժամկետները: Այս տարիների ընթացքում Ադրբեջանը ՀԲ-ից ստացել է մոտավորապես նույն գումարի վարկային միջոցներ (Ադրբեջանը ՀԲ-ին անդամակցել է 1992թ., սակայն վարկերը սկսել է ստանալ մի փոքր ավելի ուշ): Սակայն, Ադրբեջանն ավելի քան 200 մլն դոլարի վարկ ստացել է ՎԶՄԲ-ից: Այս փաստն ունի իր պարզ բացատրությունը. Ադրբեջանն ունի բարենպաստ մակրոտնտեսական ցուցանիշներ, մասնավորապես` տնտեսական աճը, որով Ադրբեջանն ԱՊՀ երկրների առաջատարն է:

ՀԲ-ի հետ այս 2 երկրների 14-ամյա համագործակցության մասին պատահաբար չենք հիշում: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ, այսօր նախատեսվում է ՀԲ-ի Բաքվի գրասենյակին ներկայացնել ՀԲ-Ադրբեջան համագործակցության (2006-2009) ռազմավարությունը: Նախատեսվում է, որ վերջինիս ընդհանուր բյուջեն կկազմի մոտ 1,2 մլրդ դոլար, որից 79,4 մլն-ը որպես արտոնյալ վարկ նախատեսվում է վերցնել ՄԶԸ-ից: Այսինքն, Ադրբեջանն այսօր պատրաստ է ՀԲ-ից վերցնել վարկ, որի մեծությունը գերազանցում է 14 տարիների ընթացքում ՀԲ-ի կողմից իրեն կամ Հայաստանին տրամադրված վարկային միջոցների հանրագումարը: Ընդ որում, նախատեսվող վարկի գերակշռող մասը կարող է տրամադրվել ՎԶՄԲ-ի կողմից` ամենեւին էլ ոչ արտոնյալ պայմաններով:

Դժվար չէ կռահել, թե Ադրբեջանն ինչպես է պատրաստվում մարել այս հսկայական վարկը: Երկիրը կանխատեսում է, որ 2010թ. նավթի արտադրությունը կեռապատկվի` հասնելով օրական 1,3 մլն բարելի, իսկ գազի արտադրությունը կքառապատկվի` կազմելով տարեկան 28 մլրդ խմ: Իսկ եթե հաշվի առնենք նավթի համաշխարհային գների բարձրացման միտումները, ապա հասկանալի է, թե Ադրբեջանն ինչի վրա է հույսը դրել:

Սակայն նկատենք, որ ՀԲ-ն Ադրբեջանին մեծ պատրաստակամությամբ վարկ չի տրամադրում: Ըստ «Transparency International» ընկերության, Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է: Հավանաբար սա է այն հիմնական պատճառը, որ ՀԲ-ի կողմից այս երկրին տրված վարկային ծրագրերից շատերը ժամանակին բավական լուրջ խնդիրներ են ունեցել: Սակայն, այս տարվա առաջին կիսամյակին Ադրբեջանի տնտեսական աճի տեմպը գերազանցել է 35%-ը: Միգուցե միայն այս փաստը կարողանա ՀԲ-ին «համոզել»` վարկ տրամադրել Ադրբեջանին:

Ենթադրենք, ամիսներ կամ տարիներ հետո այդ 1,2 մլրդ դոլարը (կամ գուցե ավելի պակաս) հայտնվում է մեր հարեւանի ձեռքին: Ո՞ւր են գնալու այդ փողերը: Պարզ է, որ մի մասը նախատեսված է վարկային միջոցները տնօրինող գերատեսչությունների ղեկավարների գրպանների համար, բայց այդքան գումարն, այնուամենայնիվ, հնարավոր չէ չներդնել լուրջ ոլորտներում: Դեռ հունիսին 2006-2015թթ. տնտեսական կայուն զարգացման եւ աղքատության կրճատման Ադրբեջանի պետական ծրագրի նախագծի վերջնական տարբերակն ուղարկվել էր համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների քննարկմանը: Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւն ասել է, որ «դոնոր կազմակերպությունների հետ կապված խնդիրների լուծումից հետո նախագիծը պետք է ներկայացվի Նախարարների կաբինետ, որպեսզի մինչեւ դեկտեմբերի 1-ն այն հաստատվի»: Նախարարը նշել է, որ այդ նախագծում չկա աղքատության կրճատման նպատակով պետբյուջեի ծախսերի հստակ գրաֆիկ: Այսինքն, ադրբեջանական իշխանություններն էլ են ընդունում, որ որքան էլ իրենց փողերը շատանան, միեւնույն է, իրենք չգիտեն` որտեղ պետք է դրանք ծախսել:

Ադրբեջանի նպատակները` կապված ՀԲ-ի մեծածավալ վարկային միջոցների հետ, պետք է լուրջ խորհելու առիթ տան հայաստանյան իշխանություններին: Ի՞նչ է, մենք չե՞նք կարող հստակ ռազմավարական ծրագրեր ներկայացնել ՀԲ-ին: Տպավորությունն այնպիսին է, որ կարող ենք, բայց Ադրբեջանն իր «աղավաղված ռազմավարությամբ» առաջ է ընկել, որովհետեւ նավթ ու վարկերը մարելու հնարավորություն ունի: Իսկ եթե, իրոք Ադրբեջանը լավ ռազմավարություն է մշակել եւ կոնկրետ ակնկալիքներ ունի ՀԲ-ի միլիարդների՞ց: Դրա հետեւանքները դժվար է կանխատեսել:

Հ. Գ. Հայաստանի պաշտոնական վիճակագրությունն այնպիսին է, որ մեր երկիրը ՀԲ-ի համար դադարում է աղքատ լինելուց: Դա նշանակում է, որ շուտով, հնարավոր է, Հայաստանը մոռանա ՄԶԸ-ի արտոնյալ վարկերի մասին: Իսկ ՎԶՄԲ-ի վարկերը Հայաստանի համար թանկ հաճույք են, եւ ՀԲ-Հայաստան «խողովակում» կարող են լուրջ խցանումներ լինել: