Ջորջ Բուշի մի անխռով այցի մասին

10/09/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ես ու Բուշը երկու օրով հարեւաններ էինք: Չեմ կատակում: Ջորջ Բուշ կրտսերը` ԱՄՆ նախագահը, երկօրյա այցով եկել էր Սոլթ Լեյք Սիթի, որտեղ պետք է հանդիպեր Վիետնամի պատերազմի վետերաններին եւ ելույթ ունենար նրանց առջեւ: Նրա նստավայրը գտնվում էր իմ բնակարանից մեկ փողոց այն կողմ: Բուշն ապրում էր բարձրաստիճան հյուրերի նահանգային առանձնատանը:

Այն, որ Բուշը եկել էր, ես գիտեի դեռ առաջին րոպեից: Ամբողջ քաղաքը բաժանվել էր երկու մասի` Իրաքի պատերազմի կողմնակիցների եւ ընդդիմադիրների: Նույն ժամին նախատեսվում էր երկու հանրահավաք` ամերիկացիների մի մասը դրոշներով պետք է ողջուներ իր նախագահին, մյուսները պետք է հանրահավաք անեին ընդդեմ պատերազմի եւ հանուն դրա դադարեցման:

Այդ օրը հետաձգեցի բոլոր գործերս, զինվեցի ֆոտոխցիկով` ակնկալիքով մի թարմ ընդհարման կամ սկանդալի: Ամբողջ օրս անցավ երկու ճամբարներին այցելելով: Օրվա վերջում հիասթափությունս նույնքան մեծ էր, որքան ոտքերիս ցավն ու հոգնածությունը: Ոչինչ տեղի չունցավ: Ավելի ճիշտ՝ ամեն ինչ էլ եղավ, բայց շատ հանգիստ, անխռով:

Բուշը ժամանեց իր ավտոշարասյունով: 200-300 մարդ դրոշներով նրան ողջունեցին, որից հետո տեղի ունեցավ հայտնի հանդիպումը: Այնտեղ ԱՄՆ նախագահը գրեթե նոր բան չասաց: Վետերանները, ընդհանուր առմամբ, գոհ էին հանդիպումից, ուրախ էին, որ պետության փողով եկել էին Յուտայի նահանգ, ստացել էին հուշանվերներ, կերել-խմել-մեծարվել էին:

Հակապատերազմական 5000 հոգանոց հանրահավաքը գլխավորում էր Սոլթ Լեյք Սիթիի քաղաքապետը: Ռոքի Անդերսոնը դեմոկրատ է, ու պետք է առաջնորդեր հանրահավաքը` առջեւում ընտրություններ են, իսկ վերջին սոցհարցման տվյալով, միշտ հանրապետականամետ համարվող Յուտայում քաղաքացիների կեսից ավելին դեմ է պատերազմին: Սոլթ Լեյք Սիթի էին ժամանել նաեւ Իրաքի պատերազմում զոհված զինվորների մայրերը: Նրանք արդեն մի քանի տարի շարունակ փորձում են հանդիպել Բուշի հետ: Հույս կար, որ հանդիպումը կկայանա այստեղ: Չկայացավ:

Երկրորդ գլխավոր ինտրիգը Սպիտակ տան երեկոյան ընդունելությունն էր: Ո՞ւմ կհրավիրեն: Ու պարզվեց, որ ցուցակը գլխավորում է հենց քաղաքապետը: Չնայած իր ռադիկալ պացիֆիստական քաղաքական հայացքներին, համայնքի ղեկավարին ցանկանում էին տեսնել երեկոյան VIP ընդունելությանը:

Եվ երրորդ ինտրիգը Բուշի այցի լուսաբանումն էր: Երեկոյան վեցից հետո, ես ու իմ ամերիկացի ընկերները, գարեջուր խմելով վիճում էինք, թե ինչ կցուցադրեն հեռուստալուրերը: Հեռարձակվեց ընդամենը 40 վայրկյանանոց մի ռեպորտաժ, կեսը` դիմավորման, մյուս կեսը` հակապատերազմական հանրահավաքից: Հավասարապես: Ու մի կարճ հատված էլ Բուշի ելույթից: Եվ ամենակարեւորը` այդ «կոմպլեմենտար լուսաբանումը» հեռարձակվեց միայն տեղական հեռուստաընկերությամբ, CNN-ը, FOX NEWS-ը, ABC-ն, PBS-ն անգամ չանդրադարձան Բուշի այցին:

Հիմա կհարցնեք` ինչո՞ւ եմ գրում այս «մի անխռով» այցի մասին: Որովհետեւ զարմացած եմ: Զարմացած եմ, որ ոստիկանությունը չէր փակել այն փողոցը, որը զուգահեռ էր Բուշի նստավայրին, որ որեւէ մեկը քաղաքում ոչ սթրես ապրեց ու ոչ էլ անհարմարավետություն, որ հանրահավաքներին ոստիկանությունը պահպանում էր կարգ ու կանոնը` այսինքն հետեւում էր, որ մասնակիցներին չխանգարեն, որ պացիֆիստ քաղաքապետն արժանանում է Բուշի ընդունելությանը: Նույնչափ զարմանալի է, թե ինչո՞ւ է Բուշն ընտրել հատկապես Սոլթ Լեյք Սիթին եւ ինչո՞ւ համառորեն չի ընդունում զոհված զինվորների մայրերին, եւ ինչո՞ւ այդ հարցը չեն բարձրացնում հենց վետերանները:

Այյս անհավասարության միակ հայտնի ճշմարտությունը գուցե սա է. բարիկադների որ կողմում էլ լինես ու ինչ էլ անես, շատ կարեւոր է հանրային ագրեսիվության ու թշնամանքի բացակայությունը: Ու որքան էլ թեժանա քաղաքական պայքարը, միեւնույն է` հանդիպումներն ու հանրահավաքները, ֆեմինիստների եւ վետերանների քննարկումներն այստեղ սկսվելու են հիմնով` ծածանվող ամերիկյան դրոշի ներքո: Բացի այդ, ինչպես նկատեց ամերիկացի մի դասախոս, սպառողական երկրում ագրեսիվությունը չափազանց անիմաստ ու թանկարժեք զգացմունքային դրսեւորում է, որպեսզի հատկապես վատնես հանրային շահի վրա կամ ընդդեմ քաղաքական գործչի:

Հ.Գ.
Մասնակիցների հեռանալուն պես հանրահավաքի վայրը մաքրեցին: Մի քանի օրից սկսվելու է հունական փառատոնը: Կազմակերպիչները հույս ունեն, որ հրապարակը նույնչափ մարդաշատ կլինի: Տեսնենք: