Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստատեսային տարբեր ալիքներով ռեպորտաժներ են ցուցադրում այն մասին, թե ինչպես են տարբեր բարերարների կողմից հյութեր, գրքեր, դպրոցական պայուսակներ բաժանվում 1-ին դասարանցիներին։ Այս արարքն, իհարկե, կարելի էր որակել որպես բարեգործություն, եթե «Մոյ» հյութերը խմող-գովազդող 1-ին դասարանցի երեխաներին այդքան հաճախ չցուցադրեին հեռուստաէկրաններով ու այդքան հաճախ չընդգծվեր «բարեգործություն» բառը։
Բարերարության քողի տակ իրականում հյութ էր գովազդվում: Ընդ որում, երեխաներին օգտագործում էին որպես գովազդի միջոց, ինչն արգելված է օրենքով: Մեր տեղեկություններով` մայրաքաղաքի մի շարք դպրոցներում այդ ակցիան դպրոցների որոշ տնօրենների հետ համաձայնեցված՝ իրականացնում է «Ֆերո» ընկերությունը, որը նաեւ այդ հյութի մատակարարն է: Ի դեպ, ասում են, որ որոշ դպրոցների տնօրեններ պարզապես հրաժարվել են այդ «բարեգործությունից», քանի որ ընկերության ներկայացուցիչները պահանջ են դրել, որպեսզի երեխաները, տնօրենը եւ ուսուցիչները գովազդեն հեռուստառեպորտաժներում: «Բարեգործությունը գովազդի ակնկալիք չպետք է ունենա։ Այսինքն՝ բարեգործությունը բարոյական է, երբ այդ մարդը գովազդի պահանջ չի դնում»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը։ Որքան էլ տարօրինակ էր, սակայն Օ. Վաթյանը խոսելով սեպտեմբերի 1-ից որոշ դպրոցներում տեղի ունեցող «բարտերային բարեգործության» մասին, ասաց, որ տասնյակ կազմակերպություններ նման առաջարկով դիմում են Կրթության եւ գիտության նախարարություն, եւ, համաձայնություն ստանալ դեպքում իրավունք են ձեռք բերում նման ակցիա կազմակերպել: Ըստ Վաթյանի՝ իսկ մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրանց։ «Փառք Աստծո, որ սա իրականացվել է ոչ նախընտրական շրջանում, թե չէ՝ այլ երանգ կստանար»,- ասաց Օ. Վաթյանը։
Դպրոցների ճաշարանների սնունդը տնօրեններին հանձնելը լավ որոշում է, այլ հարց է, թե դպրոցների տնօրեններն այդ որոշումն ինչպես կիրագործեն: Դպրոցների բուֆետները որոշ ժամանակ անց, եթե այսպես շարունակվի, կնմանվեն սրճարան-ռեստորանների, որտեղ որոշակի գումարի դիմաց դպրոցների տնօրենները համաձայնության կգան վաճառել միայն իրենց «մուծվող» ընկերության ապրանքատեսակը: Եթե սովորական հաճախորդը կարող է ընտրել, թե որ սրճարանը կամ ռեստորանը գնալ եւ ինչ ուտել կամ խմել, ապա երեխան ստիպված կլինի օգտվել միայն իրենց դպրոցի բուֆետում պարտադրվող մենյուից:
Ի՞նչ են ուտում երեխաները դպրոցի բուֆետում
ՀՀ Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ դպրոցներում սննդի կազմակերպման գործին այսուհետեւ չպետք է մասնակցի քաղաքապետարանը։ Դրա մենաշնորհն անցնում է դպրոցի տնօրինությանը։ «Սննդի կազմակերպման տակ չպետք է հասկանանք, թե դպրոցը պետք է սննդի արտադրություն կազմակերպի՝ փռեր, երշիկի արտադրամաս բացի եւ այլն»,- ասում է Օ. Վաթյանը։ Սննդի կազմակերպման համար սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան տարածք է պետք։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում՝ որ կազմակերպության հետ՝ ինչպիսի պայմանագիր կնքել։ Տվյալ ընկերությունը, սակայն, պարտադիր պետք է ունենա սննդի կազմակերպում իրականացնելու համապատասխան իրավունք, լիցենզիա։ «Մեր պահանջը միայն այն է, որ ամեն ինչ լինի իրավական դաշտում։ Եվ տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագումով սնունդը դպրոց մուտք չգործի»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետը։
Ըստ Վաթյանի՝ Երեւանի քաղաքապետարանը դպրոցների սնունդի հետ կապված վերահսկում երբեւիցե չի կատարել։ Դպրոց մուտք գործող սնունդի բաղադրությունը հսկվում է հակահամաճարակային, սանիտարական ծառայությունների կողմից։ «Իմ 6 տարվա աշխատանքային պրակտիկայում, բարեբախտաբար, ես դեռ չեմ լսել, որ երեխան թունավորված լինի դպրոցի բուֆետից ստացած ուտելիքից»,- ասում է Օ. Վաթյանը։
Մեր տեղեկություններով` Երեւանի որոշ դպրոցների տնօրեններ աշխատանքից ազատվել են այն պատճառով, որ դպրոցում տաքսի ծառայություն եւ այլ օբյեկտներ են բացել: Նույնիսկ ասում են, որ դպրոցներից մեկի շենքի տարածքում սաունա է կառուցվել։ Օ. Վաթյանը, բնականաբար, հերքեց այս տեղեկատվությունը, ավելացնելով, որ անընդունելի է անգամ այն երեւույթը, երբ զվարճանքի օբյեկտներ են կառուցվում դպրոցի շենքի հարեւանությամբ (այստեղ պետք է նշել Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը, որի անմիջապես դիմացի մայթին է տեղակայված «Օմեգա» սթրիփթիզ ակումբը)։
Օ. Վաթյանը նորմալ է վերաբերվում նաեւ դպրոցների շենքերում տարածքներ վարձակալության տալուն: Ըստ Օ. Վաթյանի՝ օրինական ճանապարհով տարածքներ են տրամադրվում մշակութային, կրթական, սպորտային ծրագրերի իրականացման համար, եւ ոչ թե տաքսի ծառայություններին։ Ինչպես հայտնի է, օրինակ, Երեւանի որոշ դպրոցներում սովորող աշակերտների քանակն անասելի մեծ է, իսկ որոշ դպրոցներում՝ սարսափելի քիչ: Պատճառն այն է, որ որոշ դպրոցներ տնօրենների գործունեության շնորհիվ այնպիսի վատ համբավ են ձեռք բերել, որ ծնողները չեն ցանկանում իրենց երեխաներին այդ դպրոցներ տանել: Քիչ աշակերտներ ունեցող դպրոցներում, իհարկե, ազատ տարածքներ շատ կլինեն: Եվ այդ դպրոցների տնօրենները գումար աշխատելու նպատակով որոշ տարածքներ կտան վարձակալության: