Ինչն է պատճառը, որ այդ ամբողջ ընթացքում լուրերի կողքին վեպի գլուխները ներդաշնակ են երեւում, մանավանդ, որ այն պատմում է խորհրդային անցյալը՝ միախառնված ներկայի հետ։ Գրող Միլան Կունդերան գրում է՝ ի տարբերություն պատմության, որ մարդուն պարտադրված է որպես օտար ուժ, վեպի պատմությունը ծնվել է մարդու ազատությունից, նրա խորը անձնական ստեղծագործականությունից, նրա ընտրությունից եւ վրեժ է պատմության նկատմամբ։ Եթե այդպես է, ապա Հայաստանը բաց է թողել ու թողնում է մի հսկա հատված՝ որպես վեպի պատմություն։
Իհարկե, սովետական տարիներին տպվում էին վեպեր, բայց դրանք, Կունդերայի ասած, պարտադրված դրսի օտար ուժի պատմության նմանակումներն էին, որտեղ հերոսները հարմարեցված էին գրաքննության պատկերացրած ստերիլ կերպարներին, որ խոսում էին մամուլի՝ «Սովետական Հայաստան» թերթի լեզվով։ Միայն գյուղի թեմայով գրականությանն էր որոշ ազատություն տրված, քանի որ բրեժնեւյան սովետը ստալինյանի հետեւանքով ճնշված ու ավերված գյուղը փրկելու քաղաքականություն էր տանում։ Իսկ քաղաքը հսկողության տակ էր։ Սովետական քաղաքի մասին արձակը եւ իրական կյանքը այն զուգահեռ ուղիղներն էին, որ երբեք չէին կարող հատվել։
Ու եթե Կունդերայի միտքը շարունակվի, որ իրական պատմությունը ոչ թե դասագրքերինն է, այլ՝ վեպերինը, ապա սովետահայ իրականությունը զրկված է պատմությունից։ Շեկոյանը գրում է մյուս զուգահեռը, անհայտը, որ մնացել է միայն հիշողություններում, որ սովետի ժամանակ երբեք չէր կարող տպվել, եւ որը այսօր «Առավոտի» էջերում դառնում է նորություն։ Սա այն հազվագյուտ գրական գործերից է, որի տպագրվելով երեւում է սովետական ցենզուրայի վերանալը։
53-ամյա Արմեն Շեկոյանը բանաստեղծությունների 11 գրքերի հեղինակ է։ Վերջին ժողովածուները՝ «Անտիպոեզիա» եւ «Երեւան Հյուրանոց», քանդում էին պոեզիայի վերաբերյալ հայ իրականության պատկերացումները (այդ մասին՝ «Հայկական ժամանակի» 7 նոյեմբերի, 2003, «Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» հոդվածում)։
50 տարին լրանալուց հետո Շեկոյանը որոշեց միայն արձակ գրել։ Հրատարակեց «Մետաքսի ճանապարհը» պատմվածքների ժողովածուն։
«Հայկական ժամանակի» չորրորդ գլուխը սկսվում է՝ «ես իմ արեւին ինքնակենսագրական վեպ եմ սկսել» տողով։ Այդ ինքնակենսագրությունը մի ամբողջ սովետական սերնդի կենսագրությունն է դառնում։ Վեպի առաջին հատորի հիմնական չորս հատվածները՝ պատանեկություն, ուսանողություն, ծովափ եւ բանակ, երեւանցի երիտասարդ տղայի կյանքի բնորոշ մասերն են ու էլի հակապատկերը սովետահայ վեպերի՝ չեղած կամ միայն պաշտոնական մամուլում եղած, ցուցափեղկային ինտելիգենտ կամ բանվոր հերոսների։ Այդ տղան դպրոցին զուգահեռ մի այլ՝ փողոցի կրթություն էր ստանում (Ֆուտբոլի մարզադաշտում ջուր ու տոմս ծախող տղաները հակապատկերն են իրականում գոյություն չունեցող, դասագրքերում ներկայացվող, ծերունիներին փողոցն անցկացնող կամ թռչնի բույն սարքող պիոներների), նրա համար ռուսական ծովափը ոչ թե եղբայրական հանրապետություն էր, այլ ազատ ռուս աղջիկների գրկում սեռական փորձառություն ստանալու հնարավորություն, իսկ բանակում սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ կատարվում էր այնպիսի գործով, որն ազատում էր երկու տարի զինվորական անհեթեթ մարշերից ու կարաուլներից (վեպում բանակում ծառայող հայերը՝ վարորդ, խոհարար, նկարիչ, երաժիշտ են) ու բանակը դարձնում հաճելի հիշողություն։
Ստանդարտ ու միօրինակ կյանքում ստալինյան ռեժիմից հետո, բրեժնեւյան լճացման տարիներին, մարդիկ փոքրիկ խախտումների հնարավորություն էին ստացել, որ նրանց երջանիկ էր դարձնում։ Վեպն այդ երջանկության պատմությունն է ու նրա փնտրտուքը մեր առօրյայում։ Այդ որոնումների ժամանակ հեղինակը վեպից ազատորեն ներսուդուրս է անում՝ չենթարկվելով պատումի ընդունված կանոններին, որ նորություն է հայ գրականության մեջ։ Օրինակ, «Խորհրդային ընթրիք» գլխում (գլուխների վերնագրերը նման բառախաղեր են կամ սովետական երգերից, կինոների եւ գրքերի վերնագրերից, հայտնի հոդվածներից, թերթային խորագրերից վերցված տողեր, որոնք բնութագրում են վեպի ժամանակաշրջանը) բանակի առաջին օրը խոհարար Մացոյի սարքած տուշոնկայով ընթրիքը նկարագրելիս հեղինակը պատումից դուրս է գալիս, որ գտնի տուշոնկայի համը, ու հետո այդ որոնումն էլ է պատումի մեջ մտցնում. «Երբ վեպիս հենց էս հատվածն էի գրում ու վերապրում էի Մացոյի էն տուշոնկայի համն ու հոտը, հանկարծ որկրամոլությունս բռնեց ու տանից արագ-արագ դուրս եկա, վազեցի «Փեթակ» եւ մի քանի բանկա տավարի տուշոնկա առա ու շտապ-շտապ վերադարձա տուն, եւ երբ էդ տուշոնկան տապակած կարտոֆիլով ու տոմատով կերանք, պարզվեց, որ մեր էն խորհրդային տուշոնկան միանգամայն ուրիշ էր»։
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն ասում է, որ վեպը ամենաբեւեռային արձագանքներն է ստանում, մի մասը՝ լեզվի պուրիտանները, բողոքում են, թե ինչպես կարելի է երեւանյան լեզվով վեպ գրել, մյուսներն էլ վեպը համեմատում են Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ։
Շեկոյանի վեպը քանդում է գրականության մասին նաեւ այլ պատկերացումներ։
Մի գրող, բողոքելով «Հայկական ժամանակից», ասաց՝ վեպը պիտի մարմին ունենա, Շեկոյանինը չունի։ «Հայկական ժամանակը» ներկայացնում է մի մարմին, որին սովոր չէ հայ գրողը, այս մարմինը տարածվում է անցյալի, ներկայի եւ ապագայի մեջ։ Վեպի ամեն հաջորդ գլուխ գոյություն ունի ապագայում, եւ դեռեւս ինքը հեղինակն էլ չգիտի, թե ինչ պիտի լինի այնտեղ։ Դեպքերից եւ արդեն հրապարակված գլխի արձագանքներից, որոնք ապագայում են, կախված է հաջորդ գլխի բովանդակությունը. «Առավոտի» էս հերթական երկու էջերս չրթելուց հետո կինս ու աղջիկներս ինձ դիտողություն անելով խստագույնս պատվիրեցին, որ էս գրություններիս մի քիչ փիլիսոփայություն խառնեմ, ու կինս, որ կյանքում ամենից ավելի իմ փիլիսոփայելը չի սիրում, ինձ ասեց. «Առանց փիլիսոփայության ի՞նչ վեպ»։ Ու հեղինակը վեպին «խառնում է» փիլիսոփայություն։ Գրողի խոհանոցն ու սյուժեն խառնվում են իրար, խոհանոցը դառնում է պատումի մաս։
Ընթերցողները դառնում են խորհրդատու, պատումը լրացնողներ ու պատումի հեղինակներ։ Եվս մի օրինակ. երկրորդ հատորում, «Առավոտի» համարներում նկարագրվում է «Երեւան» հյուրանոցի տակի սրճարանում հանրահայտ մարդկանց՝ դասախոս Լեւոն Ներսիսյանի, դերասաններ Մհեր Մկրտչյանի եւ Ազատ Շերենցի խոսակցությունը, որտեղ Շերենցը խնդրում է ընկերներին ծանոթ գտնել՝ թոռանը Պոլիտեխնիկ ընդունելու համար։ Լեւոն Ներսիսյանն ասում է՝ ծանոթ չունի, ու բարեխոսում է ռեկտորին Մհեր Մկրտչյանը։ Մի քանի գլուխ հետո պարզվում է՝ Ներսիսյանը խաբել է, «Առավոտի» մուտքագրողը Շեկոյանին ասում է, որ Ներսիսյանի քրոջ ամուսինը Պոլիտեխնիկի պրոռեկտորն էր։ Ընթերցողին խոսեցնելու հնարքով բացահայտվում է Ներսիսյանի բնավորությունը, որ չէր կարող որեւէ մեկի համար բարեխոսել։
Սրճարանային կյանքը, որ երեւանյան կյանքի անբաժան մասն է, շատերն են նկարագրել։ Բայց այլ հեղինակների սրճարանը երկխոսություններից այն կողմ չի գնում, որոնք կարող էին լինել նաեւ բնակարանում կամ այլ տեղ։ Շեկոյանի սրճարանում բացվում է սրճարանային ամբողջ մթնոլորտը, մատուցող կինը՝ Շողիկը, որ գնում է (Մհեր Մկրտչյանի պատվերով) դրսի խանութից օղի բերելու, նրա կոնֆլիկտը հաճախորդների հետ (Լեւոն Ներսիսյանի) եւ ի վերջո հաճախորդների խոսակցությունը ոչ թե մտքերի կամ սրամտությունների հավաքածու է, ինչպես շատ այլ տեքստերում, այլ սրճարանային կյանքի ամենաբնորոշ հատկությունն է բացահայտում, երբ թեմաները սպառված են, ամեն օր իրար տեսնող մարդիկ նորություններ չունեն փոխանակելու, բայց սրճարանը մագնիսական ձգողությամբ պահում է նրանց, չի թողնում տուն գնալ, ու նրանք ստիպված դատարկությունը լցնում են անընդհատ կրկնվող, շրջապտույտ անող նույն զրույցով (ինչպես կրկնվում է Շերենցի թոռանը գնահատական նշանակելու խոսակցությունը), իսկ կրկնության ընթացքում խոսքը խոսք է բերում, ու հայտնագործվում են նոր թեմաներ, որոնք լցվում են հիմնական թեմայի արանքները, որ ավարտին հասցնեն օրը։ Այդպես ինը գլուխ «Առավոտի» ինը համարում շարունակվում է Ներսիսյանի, Մկրտչյանի ու Շերենցի զրույցը, որ դիտողունակ բեմադրիչի շնորհիվ կարող է վերածվել հայկական աբսուրդ ուղղության ներկայացման։
Այսպիսով, սրճարանային ձգվող խոսակցությունը ոչ սրամտություններ ներկայացնելու համար է, ոչ էլ սյուժեի զարգացման նպատակ ունի (խոսակցությունն այնքան երկար է, որ սյուժեն մոռացվում է). հեղինակը չի մոնտաժել զրույցը, չի հանել այնտեղից «ավելորդությունները». մի կողմից դա կարծես այդ սրճարանային մթնոլորտի ռեալիստական պատկերն է՝ իրական զրույցներով, մյուս կողմից՝ կարծես իրական խոսակցությունն առանց մոնտաժելու ներկայացնելով չափազանցվում է իրականությունը հասցվելով անհեթեթի։ Տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե հեղինակն է խոսեցնում հերոսներին, այլ հերոսները խոսում են իրենք իրենց՝ առանց հեղինակի միջամտության, նրանք այնքան են զրուցում, ինչքան կտեւեր մի ամբողջ օրվա սրճարանային զրույցը։ Սովորաբար գրողը իրադարձությունների մոնտաժ է անում, վերակառուցում իրականությունը, մասնավորապես՝ խոսակցությունն այնպիսի հատվածներով, որոնք սյուժեն են զարգացնում կամ կերպարը բնութագրում։ Սակայն այս դեպքում խոսակցության երկարությամբ իրականության պատրանք ստեղծելը, գրականության ժամանակը եւ իրականության ժամանակը համընկեցնելը, որ առաջին հայացքից ասես հեղինակի «բացակայություն» է հիշեցնում, իրականում, հեղինակի մի այնպիսի միջամտություն է, որի շնորհիվ իրականությունն ավելի, անհեթեթության չափ իրական է դառնում, միջամտություն, որ իրականության պատրանքի տակ անհետանում է։ Մի տեղ Շեկոյանը գրում է. «զորեղ բան է գրականություն կոչվածը, որ մարդիկ հավատում են երեսուն տարվա հեռավորությունից հիշածիդ՝ առանց ենթադրելու, որ մարդ արարածն անգամ նախորդ օրվա դեպքերը չի կարողանում հիշել»։ Հեղինակն իրականության այնպիսի զգացողություն է կարողացել առաջացնել, որ ստիպված հուշում է ընթերցողին, հասկացնում նրան, որ ինքը զրույցները 30 տարի առաջ չի ձայնագրել, դեպքերը գրի չի առել, եւ այն ամբողջությամբ իր ստեղծագործության արդյունքն է։ Ինչպես հիպերռեալիստական կտավի նկարիչը ստիպված կասեր, որ իր նկարը լուսանկար չէ։
Հիմա չկան երեք հերոսները, չկա նաեւ «Երեւան» հյուրանոցի տակի սրճարանը, չկան Շողիկի պես ծեր մատուցողները, դրսից օղի բերելու սովորությունը, բայց մնացել է սրճարանային կյանքը, շուկան բարգավաճեցրել է այն, մտավորականների ձեռքից դուրս է պրծել մենաշնորհը՝ սրճարանային կյանքի, որն ընդգրկել է իր մեջ նորանոր շերտեր, որոնք անդեպք ու անիրադարձություն ժամանակի մեջ նորից ու նորից ծամում են իրենց բաժին թեմաները, ինչպես իրենց «սրճարանային կյանքի» հիմնադիրներն էին անում։ Սրճարանային կյանքը եւ երկարատեւ խոսակցությունը լվանում են նաեւ Լեւոն Ներսիսյանի ու Ֆրունզիկ Մկրտչյանի միֆական կերպարները, հասարակության կողմից նրանց տրված դիմակները։ Միայն զրույցի միջոցով, առանց ավելորդ բնութագրումների ներկայացվում են նրանց նոր՝ մարդկային կերպարները, որոնք չեն գտնվի նրանց մասին գրված բազմաթիվ հոդվածների ու գրքերի վերամբարձ տոնայնության մեջ։
Հայկական ժամանակ՝ դանդաղեցված պտտվող ֆիլմ, որտեղ դեպքերը քիչ են, ժամանակը ոսկի չի, ու հետեւաբար դեպքերին ներգրավվածներն էլ ու ժամանակից օգուտ քաղողներն էլ մատների վրա հաշված մարդիկ են, այսինքն՝ սրճարանում ժամերով նստելու վրա ժամանակ ծախսելն ափսոսողները չնչին տոկոս են։ Ու զանգվածները՝ անդեպք ու անիրադարձություն, գին չունեցող ժամանակի բնակիչները, հավաքվում են սրճարանում ու իրադարձության բացակայությունը փոխարինում սրճարանային զրույցով, որի վերջը դնում է միայն կեսգիշերը։
Վեպը ամենից շատ համովացնում է նրա գլխավոր համեմունքը՝ հումորը։ Օրինակ՝ ինչպես շորը փրկում է մարմինը Թբիլիսիում վրացի ջահելների հետ կռվում. «Իմ բախտից էդ թվերին լեն լմփոշ վերնաշապիկներն էին մոդա, այլապես Թամազը վերնաշապիկիս թեւի փոխարեն իմ թեւն էր պոկելու», իսկ կռվից հետո երբ բարիշում են, Թամազը իր կյաժ ընկերոջը պատվիրում է հագի վերնաշապիկը տալ Արմենին ու հետո ասում. «Շատ ա սազում, ինչքան չլինի` էրկուսդ էլ կյաժ եք»։ Սակայն հումորը ոչ այնքան առանձին տողով է, այլ տարածված է ամբողջ պատումով։ Սակայն սա մի հումոր է, որ չի ծաղրում ինչ-որ բարոյական դիրքերից, չի վերածվում բարոյախոսության, ինչն այսօր ընդունված է հայ արձակում եւ թատրոնում, այլ մի հումոր, որով ընթերցողին սիրել է տալիս բազմատեսակ հերոսներին՝ փոխգնդապետ Կարավանին ու նրա կնոջը` Լարիսա Իվանովնային, որի նկատմամբ թաքուն ցանկություն ունի հերոսը, ջուր ծախող տղաներից նալոգ հավաքող Մայոյին, Լենուղի գյուղի աշակերտ, մի քանի տարի նույն դասարանում մնացած թզուկ Բենիամինին, որն այն հարցին, թե ինչ խմբակում է որոշել ընդգրկվել, պատասխանում է՝ «բռնաբարության», Հանրային հեռուստատեսության հաղորդավար Նազենիին, որին գրքից դուրս տեսնում ենք եթերում ու համաձայնվում Շեկոյանի հետ, որ նա իրոք գեղեցկուհի է, օրենքով գող Թամազին եւ մյուս վրացուն՝ բանակային ընկեր Բախվային, մյուս բանակային ընկերներին եւ այլն։ Եվ ընթերցողը սկսում է հետաքրքրվել վեպից դուրս նրանց ճակատագրով, ինչպես մեկն է հետաքրքրվում իր՝ տարիներ առաջ ունեցած ծանոթների ճակատագրով։
Մի քանի ամիս առաջ լույս տեսավ վեպի առաջին հատորը։ Վերնագրի տակ թեեւ գրված է «անավարտ վեպ», սակայն առաջին հատորը հստակ ֆինալ ունի, երբ հեղինակը մի տարի ծառայելուց հետո գալիս է Պապլավոկ սրճարան, տեսնում է դագաղ, թաղումն է բանաստեղծ Չիլոյի։ Ու հիմա, երբ «Առավոտում» շարունակվում է վեպի երրորդ հատորի ամենշաբաթյա հրապարակումը, գրքով լույս է տեսնում երկրորդ հատորը (հոդվածը գրելիս դեռ այն տպված չէր)։
Աբրահամյանն ասում է, որ կշարունակի տպագրել վեպն այնքան ժամանակ, քանի դեռ Շեկոյանը գրում է։