Կինոյի հրաշագործ, սցենարիստ, դիզայներ եւ բանաստեղծ Տոնինո Գուեռան՝ այցելելով մեր երկիր եւ մասնակցելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, իր համար հայտնագործեց Հայաստանը։ Նրա համոզմամբ՝ անհայտ եւ ոչ մեծ հեղինակություն ունեցող փառատոներն ավելի հետաքրքիր եւ անակնկալներով լի են եւ նոր բան հայտնագործելու առիթներ են տալիս։ Չնայած իր պատկառելի տարիքին՝ նա Հայաստանում մնաց նախատեսված ժամկետից ավելի, եւ իր տիկնոջ՝ Լորայի հետ ճամփորդեց Հայաստանով։ «Հայաստանն անպայման կհայտնվի իմ բանաստեղծություններում»,- ասաց նա։
Տ. Գուեռան մեծ բանաստեղծ է, ամեն ինչում պոեզիա է տեսնում։ Եվ շատ է ցանկանում, որ Պեննաբիլլի փոքրիկ քաղաքը, որտեղ նա ապրում է, պահպանի իր բնական գեղեցկությունն ու բնակիչների ջերմությունը։ Նա նույնիսկ ժամանակ առ ժամանակ հավաքում է մոտակա քաղաքների ղեկավարներին եւ տարբեր խորհուրդներ է տալիս նրանց։ Վերջերս նա որոշել է, որ տգեղ եւ ճարտարապետությունը նսեմացնող անճաշակ շինությունների վրա պետք է հատուկ տախտակներ փակցնել, որտեղ գրված կլինի՝ «Այս տունը առավելագույնը 50 տարի է ապրելու»։ Գուեռան նաեւ պայքարում է, որ ավտոմեքենաների վարորդները քաղաքի գլխավոր հրապարակից հեռու կանգնեցնեն իրեն երկաթյա ընկերներին եւ հրապարակը թողնեն սիրահարված երիտասարդներին։ Տ. Գուեռան իր ընկերների հետ միասին վերականգնել է Պեննաբիլլեի փոքրիկ եկեղեցին, նկարազարդել այն ծովի ալիքներով, քանի որ համոզված է, որ երեկոյան «ծովը եկեղեցի է գալիս՝ քնելու»։ Իրեն այս անսահման աշխարհի մի մասնիկը համարող Տ.Գուեռան իր յուրաքանչյուր ապրած օրով ապացուցում է, որ երջանկությունն ամեն օր նոր հեքիաթ արարելու ունակության մեջ է։
«Այն, ինչ անում են ամերիկացիներն, անկեղծ ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում, գլոբալիզացման դարում կորչում են այն զարմանալի առանձնահատկությունները, որոնք կան յուրաքանչյուր ազգի մեջ»,- ասաց Տ. Գուեռան, ով տարիներ առաջ՝ արժանանալով «Օսկար» կինոմրցանակի, հրաժարվեց գնալ Ամերիկա՝ շատերի համար ամենահեղինակավոր արձանիկը ստանալու։ Չգնաց նաեւ Կանն։ Նա այսպես պատճառաբանեց իր այդ որոշումը. «Շատ զբաղված էի կամ էլ շատ հեռու էի գտնվում»։
Տ. Գուեռան խոստովանում է, որ վախենում է մեքենաներից եւ մեխանիզմներից, չի օգտագործում ոչ համակարգիչ, ոչ էլ նույնիսկ՝ ֆոտոխցիկ. «Եվ վերելակ էլ չեմ նստում։ Վախենում եմ»։ Փոխարենը սիրում է շատրվաններ նախագծել եւ հուշերը բանաստեղծությունների վերածել։ Մեր բացառիկ հարցազրույցն աշխարհահռչակ Տոնինո Գուեռայի հետ կայացավ «Վիվա Սելլի» աջակցությամբ:
– Դուք մի առիթով ասել եք, որ մանկությունն այն ժամանակահատվածն է, երբ մարդն ինքն իրեն անմահ է զգում։ Ձեր ամենահայտնի «Ամարկորդ» («Ես հիշում եմ…») ֆիլմը, որը Ֆեդերիկո Ֆելինիի հետ միասին եք ստեղծել, նույնպես մանկության մասին է։ Ինչպե՞ս եք կարողանում անձնական հուշերով հուզել հանդիսատեսին։
– Եթե որեւէ մեկին բախտ վիճակվի պոեզիային մոտենալ եւ, մանավանդ, լավ պոեզիա ստեղծել, ապա այն անպայման կդիպչի բոլորի սրտերին։ Լավ պոեզիան բոլորի անունից է խոսում։ Սերգել Փարաջանովը, ում հետ ես մի քանի անգամ հանդիպել եմ, միշտ հուզելու է հանդիսատեսին, չնայած, որ նա միայն իրեն հատուկ լեզվով էր խոսում։ Փարաջանովի ստեղծած յուրաքանչյուր ֆիլմ եւ կոլաժ պոեզիա է։ Հիշողություններն էլ են պոեզիա։ Իսկ մանկությունն այն դրախտն է, որը մենք բոլորս ունեցել ենք այս երկրագնդի վրա։ Պատկերացրեք, կամ ավելի ճիշտ՝ հիշեք այն երջանիկ պահերը, երբ ապրել եք՝ առաջին անգամ տեսնելով թափվող ձյունը… Ես, օրինակ, երբ առաջին անգամ ձյունը տեսա, կարծեցի, որ երկնքից շաքար է թափվում։ Կամ էլ հիշեք այն հուզմունքը, որը ծագում է, երբ առաջին անգամ տեսնում եք ծովը։ Նկարիչը, ստեղծագործողը մտովի միշտ իր մանկություն է վերադառնում եւ սեփական ձեռքերով փորփրում է իր հուշերը, որպեսզի նոր կերպարներ գտնի։ Մանկությունը շատ թանկ է, թանկ են նաեւ մանուկ հասակում արված սխալները։ Ընդհանրապես, արարչությունը մանկությունից է սկսվում։ Չէ՞ որ երեխա ժամանակ բոլորս էլ փորձում ենք առաջին անգամ հարմար հանգեր գտնել եւ բանաստեղծություններ գրել։ Կամ էլ սկսում ենք իրար խառնել տարբեր գույնի ներկերը՝ փնտրելով միայն մեր աչքի համար ամենագեղեցիկ գույնը։ Մանուկ ժամանակ ստեղծագործելն ամենաբնական պահանջն է։ Իհարկե, մանկությունը միայն մեկ անգամ է լինում, բայցեւ երբեք մեզ չի լքում։ Մանկությունը քո առաջին փորձն է այս աշխարհում։ Այն անմոռանալի է։ Նույնիսկ եթե երեխան սարսափի ականատեսն է դառնում, նա փորձ է ձեռք բերում, եւ այդ փորձը նրան պետք կգա հետագայում։ Այն երեխան, որը երկրաշարժ է տեսել, երբեք դա չի կարող մոռանալ։ Ինչպես չի մոռանա նաեւ իր առաջին ձյունը, որը կարծես ամեն ճեղքից էր թափվում եւ ամեն ինչ ծածկում էր սպիտակով։
– Հաճախ է ասվում, որ դուք ձեր քաղաքում իսկական հեղափոխություն եք արել եւ պայքարում եք ամեն մի հին քարի եւ բույսի ոչնչացման դեմ…
– Մարդն իր սրտում կորցնում է մարդասիրությունը։ Մարդը ցանկանում է սպանել այն հողը, որի վրա ապրում է, ամեն ինչ աղտոտում է՝ հողը, օդը, շրջապատը… Այն վայրը, որտեղ ես եմ ապրում, ամբողջովին անտառներով է շրջապատված։ Այն շատ գեղեցիկ է, եւ միշտ լի է տուրիստներով, որոնք գալիս են այդ անաղարտությունը տեսնելու։ Ես Պեննաբիլլե քաղաքի քաղաքապետին խորհուրդ եմ տվել, որ նա թույլ չտա, որպեսզի բնակիչներն իրենց տները սպիտակ գույնով ներկեն։ Սպիտակն անբնական է նայվում եւ փչացնում է քաղաքից բացվող պատկերը։ Այն կարծես գեղեցիկ դեմքին ավելացրած արհեստական ծնոտ լինի: Տներն այժմ հողի գույնի երանգներ ունեցող ներկով են ներկվում եւ բնության շարունակությունն են դառնում, չեն խանգարում հիանալ ծառերով, այգիներով եւ սարերով։ Քաղաքում ինձ բոլորը ճանաչում են եւ հաճախ են իմ խորհուրդներին հետեւում։ Իսկ իմ տունը ես գնել եմ կնոջս համար եւ ասել եմ. «Տունը միայն դատարկ պատեր են, մենք ինքներս պետք է դրանք ընկերներով, սիրով եւ հուշերով լցնենք»։
– Ինչպե՞ս եք վերաբերվում արվեստի այն մարդկանց, որոնք սկսում են քաղաքականությամբ զբաղվել։
– Դա նորմալ երեւույթ եմ համարում, թեեւ ինքս երբեք պոլիտիկայի մեջ քիթս չեմ խոթել։ Գրողներ կան, որոնք նույնիսկ երկրի նախագահ են դարձել:
– Ինքնուրույն ֆիլմ նկարահանելու գայթակղություն երբեւցե ունեցե՞լ եք։
– Ես միշտ վստահել եմ այն ռեժիսորներին, ում հետ աշխատել եմ։ Միասին մանրակրկիտ գծել ենք բոլոր կադրերը, բայց ես երբեք բեմադրիչի աշխատանքին չեմ խառնվել, այդ պատիվը միշտ թողել եմ ռեժիսորներին։ Գերադասել եմ պոետ մնալ, քանի որ խոսքն ավելի արժեքավոր եմ համարել, քան կերպարը։ Բայց երբ հանճարեղ կերպարներ ստեղծող մեծ ռեժիսորի եմ հանդիպել, հասկացել եմ, որ պետք է նրա հետ նույն մակարդակի վրա լինեմ եւ ոչ մի դեպքում ավելի մանր բաներ չստեղծեմ։ Երբեք չեմ մտածել՝ թե գրական ի՞նչ ոճի կամ ուղղության եմ պատկանում, գրում եմ այնպես, ինչպես զգում եմ, փնտրում, հավաքում եմ բառերը ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում հանդիպած այն կինը, որը ծառերից կեռաս էր հավաքում։ Հազարավոր սցենարիստներ կան, որոնց խոսքերը, միգուցե, կարող են ոչինչ չարժենալ։ Պետք է ընդունել միայն, որ խոսքը չի սահմանափակում երեւակայությունը, իսկ կերպարն իր մեջ որոշակի սահմանափակում ունի։ Եթե քեզ ցույց են տալիս Ջուլիետին, դու այլեւս ուրիշ Ջուլիետ երեւակայել չես կարող եւ չես էլ տեսնում։ Իսկ խոսքը սեփական Ջուլիետ երեւակայելու հնարավորություն է թողնում։
– Ի՞նչն եք ամենից շատ գնահատում կանանց մեջ։
– Ինձ հաճախ են կանանց մասին հարցնում։ Ես կասեմ, որ յուրաքաչյուր կին գաղտնիք է եւ հանդիպումները նոր կանանց հետ նոր հրաշքի են նման։ Ռուս կանանց ձեռքը սեղմելիս, ինձ թվում է, որ նա մահացած ձկան է նման։ Ոչ բոլորն, իհարկե, բայց շատերը։ Ընդհանրապես, եթե տասը անթերի կին ես հանդիպում, ընտրում ես այն կնոջը, որի թերությունը քո սրտին ավելի մոտ եւ հասկանալի է։
– Կինոյից կարծես կորչում է ինքնահեգնանքը, ֆիլմերը գնալով կամ միանշանակ զվարճալի, կամ էլ սուր սոցիալական են դառնում։ Ֆելինիական կերպարների ժամանակն անցե՞լ է։
– Կինոն հիմա մեծ ճգնաժամի մեջ է, ամենուրեք ամերիկյան տիեզերական աղբն է, եւ բոլորս կարծես ամերիկյան լեզվի բարբառ ենք դառնում։ Մանավանդ ճգնաժամային վիճակում են գտնվում կինոկերպարները։ Մեզ հիմա ամեն քայլափոխի չափազանց շատ կերպարներ են շրջապատում։ Գովազդը, կինոն, մոդան մեզ ռմբակոծում են կերպարներով, եւ մենք արդեն ի վիճակի չենք դրանք ընկալել։ Երեւի, մի քիչ համբերություն է պետք։ Նաեւ պետք է վստահություն ունենալ եւ հասկանալ, որ աշխարհը մեզանով չի սկսվել եւ մեզանով չի ավարտվելու։ Մեզանից հետո գալու են ուրիշները, եւ նրանք մեզանից պակաս տաղանդավոր չեն լինի։ Ես, օրինակ, միշտ երազել եմ դաշնամուր նվագել, բայց նոտաները չգիտեմ։ Իմ այդ երազանքը կատարեց որդիս, որը երաժիշտ դարձավ։ Կարծում եմ, որ Աստված ինձ շատ բան է տվել։ Բայց ես շատ կտխրեի, եթե Աստված դադարեր ինձ շատ բան տալ։
Տոնինո Գուեռան երգեցիկ հնչերանգներով սկսում է կարդալ իր բանաստեղծությունները, որոնց արագ արված թարգմանությունը, ցավոք, զուտ իմաստային է եւ պոետիկ չի հնչում։
– «Օդը լուսավոր այն անորոշությունն է, որն ավելի պայծառ է դառնում, երբ դու ժպտում ես»։ Այս բանաստեղծությունը տարիներ առաջ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում եմ գրել, հետո կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին այն օգտագործեց իր «Նոստալգիա» ֆիլմում։ Իսկ երբ առանձին գրքով պետք է տպագրվեր «Ամարկորդի» սցենարը, Ֆելինին որպես նախաբան ընտրեց իմ բանաստեղծությունը, որը գրել էի Օսիպ Մանդելշտամի ազդեցության տակ. «Ես գիտեմ, գիտեմ, որ մարդը, նույնիսկ, երբ 50 տարեկան է, միշտ մաքուր ձեռքեր ունի։ Ես էլ եմ ձեռքերս ամեն օր լվանում։ Բայց երբ տեսնում եմ, որ որեւէ մեկի ձեռքերը կեղտոտ են, հիշում եմ, որ ես էլ եմ երեխա եղել»։