«Ես համոզված եմ, որ ժողովուրդն իր ձայնն ասելու է, չնայած դեմը եւ փող է, եւ զենք է, եւ իշխանության այլ ատրիբուտներ են: Եթե ընդդիմությունն իր ներքին գործերը կարգի հրավիրի, ընդդիմությունը հաղթելու է առաջիկա ընտրությանը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս համոզմունք է հայտնել, թե ընդդիմադիր ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող կանխել ընտրակեղծիքները, ուստի, ըստ նրա, հասարակությունն ինքը պետք է որոշի, թե «որ մեկինն է Հայաստանը, եւ թե ովքեր են լինելու այդ Հայաստանի կրողները»: «Ես վաղուց արդեն կողմնակից եմ ընդդիմադիր դաշտում մեծ լուծումների, որովհետեւ լոկալ, տեղայնացված, երկկողմանի լուծումները, որքան էլ շնորհալի, փորձառու, խելացի լինեն մասնակիցները, իմ կարծիքով, նպատակասլաց եւ արդյունավետ չեն լինի: Շարունակվում են այդ շփումները, խորհրդակցությունները, որ միտված են ոչ կուսակցական, քաղաքացիական շարժում մեկնարկելու համար,- ասել է նա` ավելացնելով,- այս մեկը` հասարակական արթնացումը, պատկանելության զգացումը, քաղաքացիական այս նոր շարժընթացը եթե ունենալու է շարունակական կյանք, այլ ոչ թե ժամանակից շուտ մայր մտնի, պետք է հիմնված լինի քաղաքական ակտիվության վրա: Ոչ երկու լիդեր, ոչ երկու կուսակցություն, առանձին վերցրած չեն կարողանա այդ հարցը լուծել»: Ի դեպ, այս նպատակով երեկ Ր. Հովհաննիսյանը հանդիպելու էր Վազգեն Մանուկյանի հետ: Ր. Հովհաննիսյանը նաեւ հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է գործակցել ընդդիմության դաշտի թե հին, թե նոր ներկայացուցիչների հետ: «Նաեւ չի բացառվում, որ վաղը-մյուս օրը իշխանական դաշտից նաեւ գործընթացներ սկսվեն, ուշացած գործընթացներ, որ հիմք կտան նաեւ մեզ համագործակցել իշխանամետ դաշտի որոշակի ներկայացուցիչների հետ»,- ասել է նա` նախապես հայտարարելով, թե նման իրավիճակի դեպքում որեւէ մեկը որեւէ մեկի դատավորը կամ քննիչը լինել չի կարող: