Նախորդ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեից Հայաստանի արտգործնախարարի հետ սեպտեմբերի 12-13-ին Փարիզում կամ էլ նույն ամսվա 14-15-ին Լոնդոնում հանդիպելու առաջարկ է ստացել: Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտարարել էր, թե ինքն արդեն տվել է հանդիպելու իր համաձայնությունը:
Սակայն Է. Մամեդյարովի վերոնշյալ հայտարարությունից շատ չանցած, սեպտեմբերի 2-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ինքը չի կարող հաստատ ասել, թե նշված ժամկետում տեղի կունենա նախարարների հանդիպում, քանի որ այժմ ՄԱԿ-ի շրջանակներում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում: Մեզ հետ զրույցում երեկ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն այս կապակցությամբ ասաց հետեւյալը. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է. եթե մենք գնում ենք բանակցությունների ԼՂ հարցի շուրջ, ապա մեր դեմ խնդիր է դրված` գալ համաձայնության, եւ կա սկզբունքների փաթեթ, որի շուրջ մենք ուզում ենք համաձայնություն ձեռք բերել: Եթե զուգահեռ այլ գործողություններ են իրականացվում, այլ ատյաններ են ներգրավվում այս գործընթացում, դա մեզ համար անհասկանալի է: Դա է պատճառը, որ հայկական կողմը դեռեւս չի կարող հաստատել սեպտեմբերի կեսերին մեր մասնակցությունը բանակցություններին»: Սակայն, միեւնույն ժամանակ, ըստ Վ. Կարապետյանի, չի բացառվում, «որ առաջիկա օրերի ընթացքում խոչընդոտը հանված լինի, եւ մենք կարողանանք մասնակցել բանակցություններին»: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Ադրբեջանի իշխանությունները նոր փաստաթուղթ են ուղարկել ՄԱԿ: Փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, գրավյալ տարածքների հարցերին: ՄԱԿ-ին ներկայացված վերոնշյալ փաստաթղթի առաջին կետով Ադրբեջանը կոչ է անում ՄԱԿ-ին՝ վերահաստատել երկրի տարածքային անձեռնմխելիությունը, երրորդ կետում ԼՂՀ-ն ներկայացնում է իբրեւ Ադրբեջանի տարածք, եւ, բացի այդ, փաստաթղթում ներառված է մի կետ Ղարաբաղը շրջապատող տարածքներում հրդեհների մասին: Այդ կետով միջազգային հանրությանը կոչ է արվում նման իրավիճակները բացառելու համար միջոցներ ձեռնարկել: Դատելով Վ. Կարապետյանի խոսքերից, կարելի՞ է ասել, որ հայկական կողմը չի մասնակցի բանակցություններին այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանն այդ փաստաթուղթը ետ չվերցնի ՄԱԿ-ից: «Մինչեւ բանակցությունների կազմակերպման առջեւ այսօր կանգնած խոչընդոտը դուրս չգա»,- պատասխանեց Վ. Կարապետյանը: Իսկ ո՞րն է այդ խոչընդոտը: Վ. Կարապետյանի խոսքերով՝ դա այլ ատյաններում ԼՂ հակամարտության հետ նույնիսկ ուղիղ առնչություն չունեցող այլ հարցերի արծարծումն է: Հարկ է նշել, որ դեռ ՄԱԿ-ի նախորդ նստաշրջանում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է բանակցությունները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ին վերոնշյալ փաստաթուղթը ներկայացնելուց հետո ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե եթե Ադրբեջանը փորձի շարունակել բանաձեւի նախագծի քննարկումները, եւ հետո այն դրվի քվեարկության, ապա այս դեպքում Հայաստանն իրավունք ունի դուրս գալ բանակցային գործընթացից: Նկատենք, որ այս կապակցությամբ Արտգործնախարարության պաշտոնական պատասխանն ավելի մեղմ է: «Մեզ համար անընդունելի է, եթե հարցն այլ հարթության վրա է դրվում եւ տեղափոխվում է այլ ատյաններ»,- պարզաբանում է Վ. Կարապետյանը: Նշենք նաեւ, որ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ հայկական կողմն ամբողջովին հրաժարվի բանակցություններից, Վ. Օսկանյանը երեկ պատասխանել է, թե նման որոշում չկա: