Չեն ստորագրի

05/09/2006

Երեկ հայտարարություն է տարածել «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցությունը: «Սիրելի հայրենակիցներ, երկրում տեղի է ունեցել բոլոր ոլորտների բացահայտ քրեականացում, այդ թվում քրեականացվել է նաեւ քաղաքական դաշտը: Այս պարագայում իշխանությունները քաղաքական գնահատական տալու փոխարեն չքմեղանալու անթաքույց փորձեր են կատարում: Քրեական տարրերին սերտաճած պետական պաշտոնյաների հովանավորությամբ սպանություններ կատարած անձինք կարճատեւ ձեւական պատիժ կրելուց հետո կրկնահանցագործություններ են կատարում եւ մնում անպատիժ»,- ասված է հայտարարության մեջ, ուր նաեւ նշված է, թե 100%-անոց համամասնական ընտրակարգը վերջին փորձաքարն էր, որ կմեղմեր իշխանական կլանի եւ քրեական տարրի զանգվածային ներթափանցումը ԱԺ: «Ընդդիմության այս պահանջը մերժվեց իշխանությունը բռնազավթածների քաղաքական հենարանի կողմից: Մեր խմբակցությունը գործուն մասնակցությունն է ունեցել «Ընտրական օրենսգրքի» նախագծի արդիականացման գործում, առաջարկելով 19 հոդվածներում փոփոխություններ, սակայն իշխանությունը բռնազավթած Քոչարյան-Սարգսյան զույգի թելադրանքով փորձ է կատարվում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել «Ընտրական օրենսգրքի» նախագիծ, որը հեռու է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքներ ապահովելուց»,- նշում է ԱՄ-ն՝ հավելելով, թե չի ստորագրի նման փաստաթղթի տակ: