Թափառաշրջիկներ Ռոբերտը եւ Գայանեն ուղեկցում են մեզ` ցույց տալու
Երեւանի անտունների կյանքը: Գայանեն պատմում է, որ վերջին մեկ շաբաթվա
ընթացքում տասներկու բոմժ ցրտահարվել են ու մահացել:
Ռոբերտը մեզ բերում է Հյուսիսային պողոտայի նորակառույցներից մեկի մոտ:
Իջնում ենք նկուղ: Մութ է, լռություն: Գնում ենք Ռոբերտի հետեւից՝
կրակայրիչով փորձելով լուսավորել ճանապարհը: Նա սկսում է կանչել՝ Գոռ, ոչ
մի ձայն չկա: Որոշ ժամանակ անց թեքվում ենք ինչ-որ տեղից եւ քիչ հեռվում
տեսնում խարույկի մոտ նստած Գոռին: Շունը սկսում է գռմռալ: Գոռը ոչ մի
շարժում չի անում, անտարբեր է: Առանց գլուխը մեր կողմը շրջելու՝ հանկարծ
ասում է. «Գնացե՛ք այստեղից: Ինչո՞ւ եք ինձ խանգարում: Թողե՛ք իմ թթվածինը
շնչեմ»:
Բայց մենք արդեն ներկա ենք: Հարբած Ռոբերտն էլ արդեն պպզել է նրա կողքին
եւ խաղում է շան հետ: Ռոբերտի հարցերին Գոռը չի պատասխանում, անընդհատ
ասում է՝ գնա՛ այստեղից:
«Գոռ, ի՞նչ մասնագիտություն ունես»,- հարցնում եմ:
«Ինքնասպան»,- կտրուկ պատասխանում է նա:
Ռոբերտը շարունակում է ինչ-որ հարցեր տալ Գոռին:
«Ես աղաչում եմ քեզ, մի՛ խոսա, պաղատում եմ քեզ, մի՛ խոսա: Ես խոսալուց փախել եմ, որ լսեմ ինքս ինձ: Ես ուրիշ ձայներ եմ լսում»:
Մենք հասկացանք, որ իզուր ենք Ռոբերտի հետ եկել այստեղ: Գոռը տանել չի կարողանում Ռոբերտին:
Գոռը ռեժիսոր-դերասան է, նկարահանվել է երկու ֆիլմում (խաղացել է «Ձորի
Միրո»-ում), տարբեր թատրոններում մի քանի տասնյակ ներկայացումներ է
բեմադրել: Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ: Ինը
տարի ապրում է թափառաշրջիկի կյանքով: Հարցեր եմ տալիս Գոռին, դժկամությամբ
պատասխանում է:
«Է՜, ո՜նց եմ հոգնել էս գրավիտացիայից: Չեմ քնում, վաղուց չեմ կարողանում
քնել: Մեդիտացիայի պես մի բան է լինում: Իմ ընկերները ռեժիսորներ են,
օպերատորներ են, նկարիչներ, ֆիզիկներ, մի խոսքով՝ հանճարեղ խելագարներ:
Ուղղակի չեմ սիրում, երբ սկսում են խոսել: Իմ տեղը կորցնում եմ, իմ
գրավիտացիան: Ես չեմ ասում, թե միզանտրոպ եմ, բայց չեմ սիրում խոսող
մարդկանց: Էս միայնության մեջ ես իմ հոգին եմ զգում, թե ով եմ ես: Ոչ թե
այն, ինչ ապրել եմ, դա նոստալգիայի հարց չէ: Այլ՝ ես ով եմ: Չկայացած
մարդու կայացման մասին է խոսքը: Ոչ թե պիտի կայանաս կամ կայացել ես, այլ՝
ով ես: Էդ չկայացած մարդու կայացման մասին է խոսքը: Ի՞նչ չկարողացար,
չկայանալու մասին է խոսքը: Զրո պահի մասին է խոսքը: Ինչո՞ւ են զուգարանը
երկու հատ զրո դնում: Կեղտ է»,- բարձրաձայն խորհում է Գոռը:
– Ինչու՞ ես ուզում մենակ ապրել, մարդկանց չլսել:
– Որովհետեւ ոչինչ չեն ասում: Ի՞նչ լսեմ, ինչի՞ մասին լսեմ:
– Գոռ, ընտանիք ունե՞ս:
– Գիտե՞ս, բաներ կան, որ չեն լրացնում հոգեւոր հանգիստը: Երեխեն էլ չի
լրացնում: Եկել ես էս աշխարհ, մի երկու-երեք երեխա պիտի ունենաս, էլի:
Երեխան քեզ չի լրացնում, ինքն էլ ինքն է: Իմ տղեն իմ տղեն է, ինքն է: Իմ
կինը իմ կինն է, ինքն է:
Ես մենություն եմ ուզում
Երբ երկրորդ անգամ այցելեցինք Գոռին, դուրս էր եկել իր կացարանից՝ մոմ
գնելու: Նրան բարեւելու պահին մոտեցավ մաեստրո Լորիս Ճգնավորյանը: Գոռն ու
մաեստրոն, իրար տեսնելով, ուրախ բացականչեցին ու ողջագուրվեցին: Պարզվեց՝
նրանք երկար տարիների ծանոթներ են:
Մոմերը վերցնելով՝ իջանք Գոռի կացարանը: Մեր զրույցին ոչ ոք չէր խանգարում:
«Քանի՞ տարի ես դրսում»,- հարցնում եմ Գոռին:
«Ես դրսում չեմ, ես ներսում եմ: Սա դուրս չէ: Կարող է հինգ աստղանի
հյուրանոցում լինես ու դրսում լինես, սա դուրս չի: Ես մենակ չեմ: Ես եմ,
շունս է, մոմերս, մտքերս»:
Հարազատները անընդհատ նրան տուն են կանչում, բայց նա չի ուզում գնալ: Գոռը
բանաստեղծությունների երեք գրքույկ ունի: Նա այստեղ էլ շարունակում է
ստեղծագործել: Մեր զրույցի ընթացքում նրան պարբերաբար խնդրում էի
արտասանել, եւ նա դա անում էր հաճույքով:
***
Այն օրը, ինչ մեր թագավորը սրից պոկեց խաչը,
Մեր բոլոր օրերը դարձան նահանջ:
Նահանջի ճամփեքին չպատահեց մանանա, այլ քար,
Հավաքեցինք այնքան, որքան որ կար:
Հավաքեցինք այնքան, որ դարձանք կետ
մեր հավաքած քարերի կույտի վրա:
Մեջք-մեջքի տվեցինք, բայց թիկունք չեղանք:
Մեզ թվաց, թե տիեզերքը սրտի պես է միշտ բաբախում:
Պարզվեց՝ այն հեռանալով մեծանում է, եւ մենք փորձեցինք հեռանալ:
Ավելի փոքրացանք, սխալների պարադոքս:
Մեր խոշոր քթին ինչ-որ դեղ է հարկավոր:
Որ տեսանկյունից էլ որ նայենք, դարձել ենք թափոր:
Մի խաչ կանգնեցնելու համար ո՞ւմ տունը քանդենք, թագավոր:
Նահանջելու էլ տեղ չկա,
Միածնի ոտքի համար
Մի թիզ հող է հարկավոր:
***
– Էս կյանքից ի՞նչ ես ուզում, դու այսպես կսպառվես, չէ՞, արդեն վատ ես զգում, հիվանդ ես,- հարցնում եմ Գոռին:
– Ընկերներից մեկը գիտե՞ս ինչ հարցրեց, ասում է՝ կարո՞ղ է կնոջդ հետ լավ
չես: Ես ծիծաղում եմ, որ մարդիկ միայն այսքանը կարող են մտածել: Իրականում
սա իմ դժբախտությունը չէ, սա ազգային դժբախտություն է, մեծ: Հասկանո՞ւմ
ես, ես որ այստեղ եմ, ուրախ եմ, բա որ մեկը Լոս Անջելեսում է, կարող է
դժբախտ չի՞: Կամ, ասենք, Լիոնում:
***
«Լավ, Գոռ, դու ասում ես՝ սա ճիշտ ապրելու ձեւ է, հիմա ի՞նչ, մենք էլ գա՞նք այստեղ»:
«Ճիշտ ապրելու ձեւ չի, կարող է ստեղ հյուրանոց է,- ծիծաղում է Գոռը։
-Նայած՝ ի՞նչ հոգեբանության տեր մարդ ես: Ես մենություն եմ ուզում: Ձեզ
հետ հիմա խոսում եմ, չէ՞, ուրիշ մարդ մի րոպեից ավելի չի մնա, վռնդում եմ:
Շշերս վերցնում եմ, մի կտոր հաց, գալիս եմ եւ քսան ժամ պառկում եմ այստեղ:
Ես ծույլ չեմ: Ինձ պետությունը թոշակ է տալիս, չեմ վերցնում, տասը տարի
ստացել եմ, հիմա չեմ վերցնում, չեմ ուզում, ասում եմ՝ տվեք մեկին, ով չի
կարողանում ապրել: Շիշ եմ հավաքում, չոր հաց: Հինգ կիլո հացը 250 դրամ
արժե: Հավաքածս շշերը փող արժեն: Ամեն գիշեր շենքի բնակիչները
բերում-դնում են մուտքերում: Հաց են դնում, շոր են դնում, երբեմն փող են
տալիս: Չնայած՝ աշխատում եմ փող չվերցնել: Ինձ գործ էլ են առաջարկում, ես
չեմ ուզում, ասում եմ՝ ինձնից ի՞նչ գործ անող, ինձ ոչ մի բան պետք չի: Ես
ընկերներ չունեմ, թափառաշրջիկներին էլ չեմ հանդուրժում: Նրանց ասելիք
չունեմ, ընդհանուր որեւէ բան չունեմ նրանց հետ:
Շորերով չեմ քնում, հանվում եմ՝ նոր, թե չէ կսառչեմ այստեղ:
Հիմա իմ ամենամոտ ընկերն այս շունն է, սրան էլ չեմ կորցնի: Մինչեւ էդ
երկու հատ ունեի` Համլետն ու Օֆելյան, ամուսնացան, գնացին: Էս մեկին չեմ
կորցնի, ձագ էր, կաթվածահար գցած էր մի տեղ, չէր քայլում: Տարա
անասնաբույժի մոտ, բուժեցինք, մի կերպ ոտքի կանգնեց»:
***
Ծաղկեց հացը:
Ոսկորից դանակի հոտ եկավ, մա՛րդ, փակի՛ր դուռը:
Հուշերը, որ ծանր են, քան երկաթը,
Լից ճամպրուկների մեջ, որ լույս շողա ճամպրուկներին,
Եվ շախմատի զինվորի պես անընդհատ քայլիր արքայություն:
***
«Մարդու ամենամեծ ցավն այն է, որ երբ մարդու ցավոտ կողմն ես սեղմում, այն
ժամանակ է «ա՜խ» անում: Այդ «ախը» պետք է, երբ ամեն ինչ լավ է: Բայց դա էլ
է հարաբերական, Էյնշտեյնն այստեղ կապ չունի իր հարաբերականության
տեսությամբ: Բանն այն է, որ դու մենության մեջ զգում ես ամբողջ նյութական
տիեզերքը՝ ի՞նչ է կատարվում ընդհանրապես, բայց մինչեւ այդ պետք է քո մեջ
եղած լինի, հո դու չե՞ս հորինելու, դու պետք է ունենաս էդ պոտենցիալը, որ
գաս եզրակացության: Այսինքն՝ դու մի քառասուն տոկոս պիտի իմանաս, որ
մնացած մի հինգ-չորս տոկոսն էլ ինքնուրույն գտնես»:
«Իսկ օրդ ո՞նց ես սկսում, Գոռ»:
«Օրս օրհնանքով եմ սկսում` փառք Տիրոջը: Իսկ թե ո՞վ կլինի տերը՝ Հուդան,
Կրիշնան, Քրիստոսը, ով ուզում է լինի, Տիրոջն եմ փառք տալիս»:
***
Մեջքս քոր է գալիս,
Ձեռքս չի հասնում,
Մեջքս քսում եմ պատին,
Պատն ասում է` անասուն:
48-ամյա Գոռն ամառներն անցկացնում է Հրազդանի կիրճում` գետի ափին:
– Նոր տարին ինչպե՞ս ես անցկացնելու:
– Տոնածառ կդնեմ, շանս հետ կանցկացնեմ: Նա սիրում է, երբ գլուխը շոյում եմ, կշոյեմ գլուխը»:
Գոռը չորս երեխա ունի, երկու թոռ: Մեծը Գավառի թատրոնում է, միջնեկը
Ճարտարագիտական համալսարանում է սովորում: Կրտսեր աղջիկը տասներորդ
դասարանում է, իսկ փոքր տղան՝ ութերորդում:
«Գիտե՞ս, արժեքները պայմանների մեջ չեն, այլ հոգեւորի: Ուղիղ մեկ տարի
երկու օր է, չեմ տեսել ընտանիքիս: Ինչո՞ւ չեմ տեսնում, դժվարություն չկա,
մի կես ժամվա ճամփա է: Ուղղակի չեմ ուզում: Կարոտել եմ երեխեքին, բայց չեմ
ուզում տեսնել նրանց: Չէ՛, վատ իմաստով չհասկանաս: Չեմ ուզում ոչ մեկին
տեսնել: Իմ ամենամեծ ընկերն իմ լռությունն է»: