Թեեւ նախկինում արդեն գրել ենք, սակայն ընթերցողներին մեկ անգամ եւս տեղեկացնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիք է, որի միջոցով կենտրոնական բանկերը փորձում են կարգավորել գնաճը կամ ազդել դրա վրա։ Երբ գնաճը սկսում է մոտենալ անցանկալի սահմաններին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է։ Փողը դառնում է ավելի «թանկ», ինչը զսպող ազդեցություն է ունենում գների վրա։ Ահա այդ տոկոսադրույքը մեր երկրում երկար ժամանակ անփոփոխ էր՝ 4%։ Սակայն վերջին 1 ամսվա ընթացքում այն արդեն երկրորդ անգամ է փոփոխության ենթարկվում՝ աճման ուղղությամբ. ԿԲ խորհրդի հուլիսի 31-ի նիստում որոշվեց տոկոսադրույքը սահմանել 4.25%, իսկ մեկ ամիս անց՝ օգոստոսի 29-ին այն բարձրացվեց եւս 0.25 կետով՝ հասնելով 4.5%։
Որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից, իսկ ԿԲ խորհուրդը չի բացառում, որ առաջիկա ամիսներին կարող է տոկոսադրույքների կրկին ճշգրտման անհրաժեշտություն առաջանալ:
Ինչո՞վ է պայմանավորված այս քայլը։ Բանն այն է, որ գնաճի նպատակային ցուցանիշի՝ առավելագույնը 3%-ի ապահովումն այլեւս անիրատեսական է։ Սա ՀՀ Կենտրոնական բանկն էլ այլեւս չի թաքցնում։
Պատկերն առավել հստակ կդառնա, եթե նայենք Ազգային վիճակագրության ծառայության տվյալները։ 2006թ. օգոստոս ամսին տեղի է ունեցել 0.9 տոկոսանոց գնանկում հուլիս ամսվա համեմատ։ Սա սպասվածի համեմատ բավական փոքր թիվ է։ Միգուցե այն շատ քիչ բան է ասում, սակայն 12 ամսվա կտրվածքով դիտարկելու դեպքում խնդիրն առավել ցայտուն է ուրվագծվում. սպառողական գներն այս տարվա օգոստոսին 7.2%-ով բարձր են նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշից։
Ըստ ԱՎԾ-ի, 2006թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ գրանցվել է պարենային ապրանքների 2% գնանկում։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 0.5%-ով, սակայն 12 ամսվա կտրվածքով պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.9%-անոց գնաճ։ Եթե ԱՎԾ-ն ընդամենն արձանագրում է, ապա ԿԲ-ն նաեւ պետք է հիմնավորի։ Չէ՞ որ այս կառույցի գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, իսկ սեզոնային գնանկումը ցածր է ԿԲ սպասելիքներից։ Օրինակ, հետեւյալ թվերը բավական հետաքրքիր են. 2006թ. օգոստոսին 2005թ. օգոստոսի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն աճել են 49.2%-ով։ Մասնավորապես, վարունգը թանկացել է 40.9%-ով, սխտորը՝ 30.4%-ով, գազարը, սեղանի ճակնդեղը եւ կարտոֆիլը՝ 1.8 անգամ, իսկ կաղամբը՝ 2.3 անգամ։
Կենտրոնական բանկը սպասվածից քիչ գնանկումը բացատրում է գյուղատնտեսության ճյուղում արձանագրված անկմամբ, որը գնաճային լուրջ ճնշումներ է ձեւավորել սպառողական շուկայում։
Ոչ պարենային ապրանքների շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%, իսկ ծառայություններինը՝ 4.5%-ով։ «Միեւնույն ժամանակ, եկամուտների շարունակական աճն արդեն այս տարվանից սկսած իր ազդեցությունն է թողել ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ոլորտում գների աճի վրա, որը դրսեւորվել է եւ, ըստ ԿԲ գնահատումների, կպահպանվի մոտակա ժամանակահատվածում եւս», – ասվում է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ (30.08.2006թ.): Տեսնո՞ւմ եք՝ ինչպես դրական համարվող բաները (ասենք՝ եկամուտների աճը), կարող է հանգեցնել «փիս-փիս» արդյունքների (տվյալ դեպքում՝ գնաճի)։
ԿԲ խորհուրդն անդրադարձել է նաեւ արտաքին միջավայրի ռիսկերին՝ առանձնացնելով հումքային ապրանքների՝ նավթի, մետաղների միջազգային գների սպասվող աճը, «…որոնք, կապված աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումների հետ, հնարավոր է` պահպանեն նման բարձր տեմպերը եւ ձեւավորեն լրացուցիչ գնաճային ճնշումներ ներքին շուկայում» (ՎՖ արձանագրություն):
Գնաճային ճնշումներ կարող են առաջացնել նաեւ տարվա վերջում սպասվող բյուջետային ծախսումները։
ԿԲ խորհուրդը մեկ անգամ եւս արձանագրել է, որ ըստ իրենց գնահատումների, վերոնշյալ գործոններով պայմանավորված՝ առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի համար գնաճը կգերազանցի տարեկան առավելագույնը 3% նպատակային ցուցանիշը:
«Իսկական քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել՝ ինչ է տեղի ունենալու վաղը, իսկ հետո հիմնավորել, թե ինչու այն տեղի չունեցավ»։ Այս խոսքերի հեղինակը, որքան հիշում եմ, Չերչիլն է, որի խորհրդին կամա թե ակամա հետեւում է ԿԲ-ն։ Նախ հայտարարում են, որ գնաճը չի գերազանցելու 3%-ը, հետո սկսում են բացատրել՝ ինչու է գերազանցելու։ Մարդիկ զոռով իրենց գցել են կրակը՝ ձեզ ո՞վ էր խնդրում 3%-ի նշաձող սահմանել։ Չէ՞ որ բոլորն էլ ընդունում են, որ գնաճը բնական պրոցես է երկնիշ տնտեսական աճ ունեցող երկրի համար։
Իսկ երկնիշ տնտեսական աճ հո ունե՞նք։ Ավելին, դեռ էլի կունենանք։ Ըստ ԿԲ-ի՝ «Տնտեսության զարգացման միտումների շարունակման պարագայում լիովին իրատեսական է երկնիշ տնտեսական աճի արձանագրումը, սակայն գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու գործընթացում գնաճային ռիսկերը դրսեւորվել են, եւ դրանց պահպանումը դառնում է ավելի հավանական»: Այնպես որ, հուսալքվել պետք չէ։
Թեեւ մյուս կողմից, եթե փոքր ինչ փիլիսոփայորեն մոտենանք՝ ԿԲ-ն կարծես շեքսպիրյան ոճի հարցադրում է առաջ քաշել։ Երկնիշ ա՞ճ, թե՞ գնաճ։ Անհասկանալի է միայն՝ ԿԲ-ն լրջանալու կո՞չ է անում, թե՞ նախապատրաստում, որ հնարավոր է աճը երկնիշ չլինի, կամ էլ երկնիշ լինի ոչ թե աճը, այլ գնաճը։ Այս ամենը պարզ կդառնա տարվա վերջին՝ արդյունքներն ամփոփելու ժամանակ։
Իսկ մինչ այդ տարադրամի փոխանակման կետերում դոլարի դիմաց գրված թիվը (այնուամենայնիվ, «դրամի արժեւորում» ասելու ունակությունն ինձ դժվարությամբ է տրվում) կամաց-կամաց իջնում է՝ «մի օր իջնեմ, մի օր սպասեմ՝ մինչեւ սովորեն» սկզբունքով։ Չէ՞ որ եթե այդպես չլինի, մարդկանց ձեռքի փողը կավելանա, ավելի շատ ապրանքներ կգնեն ու կստեղծեն «ճնշումներ» ու «գնաճային ռիսկեր»։ Իսկ այդպիսի բարձր ճնշումների դեպքում չի օգնի անգամ ներմուծվող կիտրոնով հայրենական արտադրության հանքային ջուրը։