Վերաբնակները Ղարաբաղում

05/09/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արցախյան պատերազմից հետո տարբեր պատճառներով Ղարաբաղ տեղափոխվեցին նաեւ Հայաստանում բնակվող ընտանիքներ: Նրանցից ոմանք պարզապես հայրենասիրությունից դրդված են Արցախ տեղափոխվել, մի մասը՝ Հայաստանում բնակարանային խնդիրներ ունենալու պատճառով, մյուս մասն էլ` որովհետեւ ծնունդով կամ արմատներով Ղարաբաղից էին եւ այլն:

Օֆելյա Ստեփանյանը եւ Աշոտ Բարսեղյանն ամուսիններ են: Նրանք մինչեւ Ղարաբաղ տեղափոխվելն ապրում եւ աշխատում էին Երեւան քաղաքում: Երկուսն էլ մանկավարժներ են. կինը պատմություն է դասավանդում, իսկ ամուսինը` մաթեմատիկա: Արդեն երկրորդ տարին է, ինչ նրանք պահանջագրով, որպես մասնագետներ, Երեւանից տեղափոխվել են ԼՂՀ Մարտունու շրջանի վերաբնակեցվող Ջիվանի գյուղը: Տեղափոխվելու մի պատճառն էլ այն էր, որ տիկին Օֆելյան ծագումով նույն շրջանի Բերդաշեն գյուղից է: «Մենք մեծ ուրախությամբ եկանք այստեղ, քանի որ մտածում էինք, որ պետք է մենք էլ ներդրում ունենանք հայրենի Արցախում»,- ասում է տիկին Ստեփանյանը: Նրանք գյուղում ապրում են Աշոտ Բարսեղյանի մոր հետ: Աշխատում են գյուղի դպրոցում, իսկ նրանց երկու երեխաները բնակվում են Հայաստանից դուրս:

Թեեւ գյուղի պայմաններն այնքան էլ լավ չեն, բայց ամուսինները չեն դժգոհում եւ գտնում են, որ հայրենիքին օգնելու համար կարելի է հարմարվել նաեւ այդ պայմաններին: «Ամեն ինչ սկզբից շատ դժվար է լինում: Մեզ մոտ էլ սկզբում շատ դժվար էր, հետո կամաց-կամաց հարմարվեցինք, ու ամեն ինչ փոխվեց: Այժմ մեր ստացած աշխատավարձը բավարարում է մեր փոքրիկ ընտանիքին, հետո էլ մենք այստեղ շատ լավ ընկերներ եւ հարեւաններ ենք ձեռք բերել, մեզ լավ են վերաբերվում»,- ասում է ուսուցչուհին: «Գիտեմ, որ իմ նման մասնագետներ շատ կան, ովքեր համաձայնել են աշխատել վերաբնակեցվող գյուղերում` ներդնելով իրենց բաժին լուման, ուղղակի ուզում եմ կոչ անել դրսում բնակվող բոլոր մարդկանց, որ նրանք նույնպես վերադառնան հայրենիք ու փորձեն իրենց գործով շենացնել ողջ հայության հայրենիք Արցախը»,- ասում է տիկին Օֆելյան:

Իսկ Կամո Առաքելյանն ու Անուշ Գալստյանը, որոնց հանդիպեցինք Բերձորի հիվանդանոցում (քանի որ Կ. Առաքելյանին օձը խայթել էր), մինչեւ 1995 թվականը Ջերմուկում էին ապրում: Նույն թվականին ընտանիքով տեղափոխվել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Գետամեջ գյուղ, որը շրջկենտրոնից մոտ 40 կմ հեռավորության վրա է: Գյուղի առաջին բնակիչներից են:

Տիկին Անուշը պատմում է, որ Ջերմուկում շատ լավ էին ապրում` աշխատանք կար, ամեն ինչով ապահովված էին, բայց ամուսնու ցանկությամբ եկան Քաշաթաղի շրջան: Ամուսինը պատմում է, որ եկել են ազատագրված հողերը շենացնելու: Մշտական գործ չունեն, զբաղվում են հողագործությամբ: «Ցորեն ենք ցանում, մեր հացը ստեղծում ու դրանից շատ գոհ ենք, նաեւ՝ շրջանի ղեկավարներից ենք գոհ: Անասնավարկ են տվել, մեր ուժերով տուն ենք կառուցել: Ինչի՞ց բողոքենք: Չնայած, որ 25 տնտեսություն ունեցող գյուղում մինչ օրս էլեկտրական հոսանք չկա, բայց հույս ունենք, որ կլինի: Հոսանքի բացակայության պատճառով երեխաները զբաղմունք չունեն, հեռուստացույց չեն դիտում, փոքր միջոցառում էլ չեն կարողանում կազմակերպել»,- պատմում է Կամո Առաքելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ցորեն ցանելուց բացի` անասուն են պահում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ են զբաղվում: Սակայն ապրանքը վաճառելու տեղ չունեն: Միայն Գորիսից եկած վաճառականների հետ որոշ ապրանքներ են փոխանակում: Կամո Առաքելյանը հավաստիացնում է, որ հետագայում էլ կմնա այդ փոքրիկ ու արդեն հարազատ դարձած գյուղում: «Ես սիրում եմ ծիրանի կորիզը տնկել ու բարձրացնել ծառը, մեր հողերն են՝ պետք է շենացնենք»,- ասում է նա:

Ամուսինները 2 տղա եւ 1 աղջիկ ունեն: Աղջիկն ամուսնացած է եւ արդեն 2 երեխա ունի, Հայաստանի Մարտունի քաղաքում է ապրում: Տղաներից մեկը բանակում է ծառայում, իսկ փոքրն 8-րդ դասարանում է: Մեր այն հարցին, թե արդյոք երեխանե՞րն էլ կցանկանան մնալ գյուղում, թե՞ ոչ, հայրը դժվարացավ պատասխանել: Միայն ասաց, որ դրա մասին առայժմ վաղ է խոսել: